laura sekoyan

Եռուզեռ է

Վերջապես իմ շրջապատում այս միապաղաղությանը փոխարինելու եկավ ամանորյա եռուզեռը։ Բոլորը տարված են նոր ցուցակներ գրելով, ծախսերը պլանավորելով։ Մարդիկ փորձում են շուտ գումար հայթայթել ու առևտուր անել, քանի դեռ թանկացումներ չեն եղել։ Թոշակ ու նպաստ ստանալուց հետո դժվար է երթուղայիններում գոնե կանգնելու տեղ գտնել։ Գյուղում այն մարդիկ, ովքեր խոզեր են պահում, խանութներով շրջելիս անպայման հարցնում են մսի գինը։ Շատերը գումար ձեռք բերելու համար վաճառում են ընկույզի միջուկ, որը այս շրջանում բավականին թանկ է։ Չնայած որ նախորդ տարիների համեմատ այս տարի ընկույզի միջուկը էժան է, միևնույնն է՝ դա գյուղացիների համար հույսի աղբյուր է։ Պարզապես այս շրջանում գյուղացիների համար մի փոքր դժվար է, քանի որ տան աշխատողները ձմեռային արձակուրդ են ստանում և հաջորդ ամսվա կարիքները հոգալու համար գումար չեն ունենում։ Եվ այդ խնդրի առաջ չկանգնելու համար կանայք մի փոքր գումար են պահում նախորդ ամիսների աշխատավարձերից, և սովորաբար, այդ գումարի մասին տան մյուս անդամները տեղյակ չեն լինում։ Առավել դժվար է այն ընտանիքներում, որտեղ երեխաներ կան, որովհետև տարեցտարի նրանց պահանջներն ու ցանկությունները շատանում են։

Գյուղում շատ հետաքրքիր է բնական տոնածառ ձեռք բերելու գործընթացը։ Մի քանի ջահել տղաներ պայմանավորվում են, օր որոշում ու գնում են անտառ։ Դա, իհարկե, վտանգավոր է։ Այս տարի իմ եղբայրը ևս գնացել էր տոնածառի։ Եղբայրս ու իր ընկերները առավոտյան հավաքվել էին, հաց կերել, տաք հագնվել, վերցրել կացինն ու սղոցը և ուղևորվել անտառ։

Այս ֆինանսական բարդությունների մեջ, միևնույնն է, մարդիկ երջանիկ են։ Ամեն դեպքում, գյուղում երջանկությունը մարդիկ ստեղծում են իրենց ձեռքերով՝ դեմ գնալով ամեն տեսակ դժվարություններին։

Վերջապես շուրջս եռուզեռ է։