anna sargsyan

Ես՝ մեր դեմ

Ես սիրում եմ մեր նոր սերնդին, բայց էն խելացի զանգվածին, որ ոչ թե տարին տասներկու ամիս «կուչ» է գալիս հեռախոսի մեջ կամ Wi-Fi է փնտրում, այլ որ ուզում է իրական կյանքում ինչ-որ բան փոխել, նորացնել, ծաղկեցնել: Նրանց, ովքեր իրոք գործում են, ոչ թե միայն խոսում:

Շատ եմ սիրում նրանց, ովքեր հաճախ ինչ-որ բաներ ուղղակի անտեսում են: Գիտե՞ս՝ ես ոչ մի բան չեմ կարողանում անտեսել: Երանի նրանց, չէ՞: Տես՝ Մանեն մազերը ներկել է կանաչ, որովհետև ինքն իրեն այդ գույնի մեջ է պատկերացնում ու անտեսում է շատ բաներ: Կամ այն տղան՝ Հայկը, մազերը հյուսել է, որովհետև իրեն այդպես դուր է գալիս:

Սիրում եմ էդպիսի բաներ, բայց չափն անցնել չեմ սիրում: Սիրում եմ, երբ անկեղծ են լինում գնահատանքի մեջ ու շռայլ՝ գովասանքի: Նաև չեմ սիրում, երբ սեփական կարծիքը փորձում են կապել քո վզին:

Կփորձեմ դուրս գալ մեր դեմ, մեր գծած սահմանների դեմ: Սիրում եմ կրեատիվ մարդկանց: Ինչո՞ւ թույլ չտալ նրանց ընդարձակվել: Չէ՞ որ հիմնականում հենց հասարակությունն է կապում անհատի ձեռքերը:

Նոր սերունդն է մեր ապագան: Իսկ ինչո՞ւ նոր սերունդը չի կարող մի փոքր ավելի զարգանալ: Իհարկե, պետք է պահել մեր ազգային դիմագիծը, բայց ոչ այնպես, որ առաստաղը միշտ թույլ չտա, որ բոյովանանք, ավելի բարձրանանք: