Meri Antonyan

Ես՝ մոլորվածս

Ամեն առավոտ զարթնելուն հաջորդող մի քանի վայրկյանին չեմ հիշում, թե ով եմ ես, որտեղ եմ գտնվում, շաբաթվա որ օրն է… Մի խոսքով, նախկին գոյությունս լրիվ մոռացած եմ լինում:

Հիշողությունս հետ բերելու ու ոչ մեկին նրա բացակայությունը նկատել չտալու համար միջոց եմ գտել. հենց մայրս գալիս, ասում է՝ «Ժամը յոթն է», ես դեռ կենդանության նշաններ ցույց չեմ տալիս, սպասում եմ՝ ասի, թե ինչ գործ ունեմ էդ ժամին. դասի եմ, մարզվելու պիտի գնանք, թե՞ ուրիշ գործեր ունեմ: Կախված դրանից արդեն մոտավոր որոշում եմ ամիսն ու շաբաթվա օրը, քիչ-քիչ սկսում եմ գլխիցս թռած մտքերի ոտքերից բռնել, քաշելով հետ բերել։

Իսկ այսօր մայրս երևի շատ երկար խոսելու հավես չուներ: Մենակ ժամը հայտարարեց ու գնաց։  Ինչքան էլ սպասեցի, անելիքներս չիմացա: Կորցրել էի ինձ ժամանակի ու տարածության մեջ: Ուզեցի ինքնուրույն գլխի ընկնել: Այդպես էլ մոլորված, ուշացած ու գզգզված համալսարան հասա:

Լավ կլիներ՝ մաման միանգամից գլխի գցեր, մտքահավաքիս օգներ: