Ես` տասը տարի անց

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Լուսանկարը՝ Լեւոն Մանուկյանի

Տասնվեց գարուն արդեն անցել է իր բոլոր տարերքներով: Դեռ կգան ու կանցնեն շա՜տ գարուններ՝ արևոտ ու անձրևոտ: Կյանքը անցնում է, ու չենք էլ նկատում՝ ինչպես են վազում տարիները: Ես սկսում եմ ընկալել կյանքի բոլոր գույները, դեն եմ նետում խամրածն ու խունացածը և վերցնում նորն ու պայծառը:

Ներկան քաղցր է՝ իր բոլոր երանգներով ու նրբերանգներով: Նա տեսնում է կյանքիս ճանապարհների ուրվագծերը: Անհնար է չնկատել, թե ինչպես է անցնում ժամանակը, եթե նույնիսկ պատմությունները շատ հետաքրքիր են: Պետք է ապրել ուրախ ու ամեն վայրկյանը դարձնել մի գեղեցիկ պատմություն, որովհետև ներկան վաղն արդեն անցյալ է դառնալու, իսկ ժամանակը ետ չես բերի:

Դպրոցն ավարտելուց հետո կմտնեմ նոր կյանք, ու այդ ժամանակ գույները կսկսեն խտանալ, կվերցնեմ ամենահարազատն ու կքայլեմ բաղձալի մասնագիտության ճանապարհով՝ բացահայտելու մարդու ներաշխարհի գաղտնիքները: Արթնացնելու եմ բոլոր քնած երազները:

Ես ընտրելու եմ հոգեբանի մասնագիտությունը և փորձելու եմ հաղթահարել դժվար ու անանցանելի խոչընդոտները, մինչև կարողանամ մարդկաց մեջ բույն դրած անարդարության ու դաժանության ծիլերը արմատախիլ անել: Այն ինձ հնարավորություն կտա հասկանալ և ընկալել կյանքի բոլոր դժվարությունները, մտնել նրանց հոգու պատուհաններից ներս, մի քանի ժամ ապրել նրանց փոխարեն:

Մարդը երկրագնդի ամենախորհրդավոր էակն է ու հաճախ ինքն իր նմանին՝ մարդուն, չի կարողանում հասկանալ: Կփորձեմ հարթեցնել այդ խորդուբորդ ճանապարհները, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան միմյանց: Նրանք տարբերվում են իրենց մարդկային որակներով: Երբեմն կան մարդիկ, ովքեր գերագնահատում են իրենց անձը, շլանում «սեփական» փայլով ու մոռանում, որ իրենց առջև կանգնածը նույնպես մարդ է:

Նրանք, կորցնելով մարդկային բարձր արժեքները, ընկնում են նյութականի ետևից: Իսկ նյութականը չի կարող հարգել, սիրել ու երջանկացնել դիմացինին: Չպետք է թույլ տալ, որ մարդկային քնքշությունը լքի նրանց:

Դա մի դժվար աշխատանք է, որ լեռան պես վեր է խոյանում, իսկ նրա վրա ուրվագծված է կյանքիս խորհուրդը: Այն ճանապարհը, որը պետք է հաղթահարեմ բարձրանալով քարքարոտ լանջերով ու ոչնչացնելով բազում խոչընդոտներ: Իսկ եթե ոտքս դիպչի քարին ու ընկնեմ, երբեք ետ չեմ նայի, կբարձրանամ՝ ինչ գնով էլ լինի, կհասնեմ մինչև գագաթը: Միայն համարձակությունն ու ինքնավստահությունը կարող են ոտքի կանգնեցնել մարդուն: Ապագա մասնագիտությունս, Աստծո առաքելությամբ, կծառայեցնեմ մարդկության բարօրությանը և նրա խորհուրդները՝ որպես մարգարիտներ, կբաժանեմ բոլորին:

Պատկերացնում եմ ապագա ընտանիքս՝ լի ուրախությամբ ու ջերմությամբ: Այն ընտանիքը, որը երազել եմ ունենալ դեռ մանկուց: Երջանկության բոլոր աստղերը երկնքից ներքև եմ իջեցնելու և դրանցով շրջապատելու նրանց:

Տարիները փոքրիկ ակնթարթներ են, որ իրենց կնիքն են թողնում մեր կյանքի ճանապարհին: Տասը տարին կանցնի, և ետևում կմնան մանկությունս ու պատանեկությանս տարիները: Կմտնեմ ավելի հասուն կյանք և կսկսեմ իրագործել երազանքներս: Կյանքին կնայեմ ավելի իրատես աչքերով, բայց երբեք չեմ կորցնի երազելու կարողությունը: Առաջին հերթին կլինեմ լավ մարդ. գնահատող, ներող ու նվիրված անձնավորություն: Պատրաստ կլինեմ օգնելու ընկերներիս ու ընտանիքիս և կլինեմ նրանց կողմից վստահված ու սիրված: Աշխարհի տարբեր ծայրերից եկող ո՛չ մի ալիք չի կարող բաժանել մտքերիս ամրակուռ շղթան: Թո՛ղ օրհնանքներ տեղան երազանքներիս վրա: