Mane Minasyan

Դիլիջանյան մեդիա ճամբար. Ես այստեղ ծնվել եմ

Հարցազրույց Մարգահովիտ գյուղի բնակչուհու հետ

Բոսքյանդ, Համզաչիման, Մարգահովիտ. սա նույն գյուղն է, տարբեր ժամանակ տարբեր անուններով:

-Թուրքերի ժամանակ, որ եկել են, արդեն համարյա մտնելուց են եղել մեր գյուղը, խոտերը դեղնած են էլե, թուրքերը ասել են` Բոսքյանդ: Դրանից հետո Համզաչիման ա դրվել, ճիշտն ասած, ես չգիտեմ` ինչ հիմունքներով ա դրվել: Այնուհետև  կառավարության որոշմամբ գյուղի անունը փոխվեց Մարգահովիտ,- պատմում է իմ զրուցակիցը` Մարգահովիտ գյուղի բնակչուհի, 62-ամյա Ալինա Բեկչյանը:

-Գյուղը քանի՞ բնակիչ ունի:

-4300 բնակիչ, որից  287-ը` ժամանակավոր, 3853-ը` հիմնական:

-Ի՞նչով են զբաղվում այստեղի բնակիչները:

-Անասնապահությամբ, հողագործությամբ` հիմնականում կարտոֆիլ են աճեցնում: Մեկ էլ մեր երիտասարդությունը հիմնականում արտագնա աշխատանքի է գնում:

-Իսկ կյանքը գյուղում ակտի՞վ է, թե՞ պասիվ` հիմնականում տատիկ-պապիկներ:

-Դե, գյուղ ա, էլի, բայց մենք ակտիվ երիտասարդներ ունենք, ովքեր երիտասարդական կենտրոն են ստեղծել:

-Իսկ ի՞նչ են անում երիտասարդական կենտրոնում:

-Հավաքվում են, զրուցում են, ինչ-որ ծրագրերի են մասնակցում ու շահում:

-Ի՞նչ ծրագրեր:

-Շահեցին ինչ-որ մանկապարտեզի համար ծրագիր, գույք բերեցին, խաղալիքներ երեխաների համար, մի այլ ծրագրով` պարի խմբի համար շորեր, էն մյուսով էլ` թեքահարթակներ սարքեցին:

-Կա՞ն գյուղում այնպիսի հիմնախնդիրներ, որոնք մոտ ապագայում կստանան լուծումներ:

-Շատ ունենք խնդիրներ, հիմա մի նոր ծրագիր կա, որը ուզում ա գյուղում աղբարկղերի հարցը լուծի, մերն արդեն շարքից դուրս ա էկել: Կամուրջ ունենք, երևի կամրջի շինարարությունը սկսեն: ՄԱԿ-ի ծրագրերից ա կարծեմ, Երևանից էին եկել, անունը չեմ հիշում կոնկրետ:

-Կուզենայի՞ք գյուղից գնալ ու ապրել ուրիշ տեղ:

-Ե՞ս, ես չէ, ազիզ, ես գյուղը շատ կսիրեմ, բաներ կա ինձ քաշող, ես ուրիշ տեղ չեմ կարա ապրեմ, ես ստեղ ծնվել եմ, ստեղ մեծացել: