ANi mkrtchyan

Ես Անին եմ Սյունիքից

Ես Անի Մկրտչյանն եմ, ծնվել եմ 2000 թվականին՝ Դարբասում: Սիրում եմ երազել, դիտել գեղարվեստական ֆիլմեր և մուլտֆիլմեր: Հաճախ ինձ ասում են՝ պետք է մեծանաս, հերիք է դիտես մուլտֆիլմեր: Սովորում եմ 10-րդ դասարանում: Մեր դասարանում սովորում է 7 աշակերտ: Դասարանում ես «ընդդիմախոս» եմ, սիրում եմ հակասել տարբեր օրինակներով: Նաև կատակասեր եմ, ունեմ շատ ընկերներ:

Մի հետաքրքիր բան պատմեմ իմ կյանքից: Մի անգամ գնացել էի մորաքրոջս տուն մեկ-երկու օրով, առաջին օրը դուրս եկա զբոսնելու, ծանոթացա այնտեղի երեխաների հետ: Հաջորդ օրը խոհանոցում գործ էի անում, երբ մորաքույրս եկավ և ասաց, որ ինձ կանչում են դուրս: Դուրս եկա, և զարմանալի էր. քսանից ավելի երեխաներ եկել էին, որ ինձ հետ խաղային:

Ես՝ ինչպես բոլոր մարդիկ, ունեմ վատ կողմեր. շատ եմ բարկանում, շատ եմ խոսում, շուտ եմ նեղանում, հեշտ եմ հանձնվում: Սիրում եմ անգլերեն լեզուն, ուզում եմ դառնալ թարգմանչուհի: Երազում եմ Ամերիկա գնալ, այնտեղ սովորել, աշխատել, բայց հետո վերադառնում եմ իրական կյանք, որովհետև շատ երազողը կորցնում է իրականության զգացումը:

Սիրում եմ նայել տիեզերքին, աստղերին, կենդանիներից սիրում եմ գայլ և օձ, չնայած օձը սողուն է, բայց ինձ համար շատ մարդկանցից ավելի բարձր կենդանի է:

Սիրում եմ հավաքույթներ կազմակերպել ընկերներիս մասնակցությամբ:

Հաճախ այնպիսի հարցեր են ծագում մտքիս մեջ, որ նույնիսկ ես ինձ վրա եմ ծիծաղում: Օրինակ՝ ինչի՞ համար է մարդը ստեղծվել՝ երկրագունդը ոչնչացնելո՞ւ, թե՞ փրկելու, կամ ի՞նչ է լինում, երբ մարդը մահանում է:

Մասնակցում եմ մի քանի խմբակների՝ պարի, երգի, ուլունքագործության և անգլերենի պարապմունքի:

Սիրածս ֆիլմերից են՝ «Մթնշաղը», «X-մարդիկ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Հարի Փոթերը» և այլն:

Պատրաստում եմ տարբեր քաղցրավենիք և ճաշատեսակներ: Ասում են, որ համեղ եմ պատրաստում:

Կցանկանայի, որ բոլորն ինձ նման հավատային հրաշքների, չէ որ հրաշքին նախորդում է հավատը: