Inesa Zohrabyan aragacotn

Ես աշակերտ-ուսանող եմ

9-ամյա հիմնական կրթությունը ստանալուց, ավարտելուց, քննությունները հանձնելուց և գերազանց հաղթահարելուց հետո իմ առաջ դրված էր մի կարևորագույն հարց՝ հետո որտե՞ղ պետք է շարունակեմ ուսումս: Միշտ մտածել եմ, որ վարժարանը կամ քոլեջը լավագույն ուսումնական հաստատություններն են, քանի որ ունեն մասնագիտական ուղղվածություն: Մեր Արտենիում կա միջնակարգ դպրոց, բայց չէի ցանկանում այնտեղ սովորել: Ընտանիքիս 2/5-ը (իմ քվեն հանած) համարյա թե համաձայն էր, իսկ 3/5-ը կարծիք էր հայտնում, խորհուրդ տալիս, բայց չէր խառնվում իմ որոշմանը: 2/5-ը համարյա համաձայն էր, բայց հաշվի էր առնում, որ պետք է մնամ Երևանում, 15 տարեկան եմ, ու հազար ու մի փորձանք կա:

Բայց այս երեք խանգարող հանգամանքներին ես ճիշտ բացատրություններ տվեցի: Բացատրեցի, որ մեկ է՝ համալսարանում պետք է սովորեմ, ավելի լավ, որ շուտ հարմարվեմ Երևանի կյանքին: Ընտանիքս ոչ թե համոզվեց, այլ համաձայնեց մեկ պայմանով՝ եթե քննությունս չկարողանամ հանձնել և դուրս մնամ, ուրիշ քոլեջի կամ վարժարանի մասին պետք է մոռանամ, միանգամից գնալու եմ մեր գյուղի 12-ամյա դպրոցը:

Հիմա արդեն պետք է որոշեի, թե որ քոլեջը դիմեմ: Հաշվի առնելով, որ քոլեջում պետք է սովորեի չորս տարի, իսկ ես չէի ցանկանում համալսարանում միանգամից 2-րդ կուրս լինել, դիմեցի Երևանի Խ. Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի հենակետային վարժարան: Նշեմ, որ հետո Մանկավարժական համալսարան չեմ գնալու, որոշել եմ: Գնացի, դիմեցի, ընտրեցի հոսքս՝ հումանիտար հոսք, անգլերեն ենթահոսք, իմացա քննությանս օրը: Քանի որ պայմանը կար ու շատ լուրջ էր, կրկնեցի ամբողջ իմացածս և օգոստոսի 7-ին գնացի քննության: Ես ու մայրիկս մի օր շուտ էինք գնացել Երևան՝ առավոտյան ճիշտ ժամանակին հասնելու համար: Հասանք վարժարան:

-Ինես, տետր պե՞տք էր,- հարցրեց մայրս անհանգստացած:

-Չեմ հիշում, որ էդպիսի բան ասած լինեն:

-Բոլորի ձեռքին կա:

-Լավ, գնամ առնեմ, գամ, մեկ էլ տեսար՝ պետք եղավ:

Գնացի խանութ, երկու հատ տետր գնեցի. մեկ էլ տեսար:

Ու այս «մեկ էլ տեսար»-ները շատ ճիշտ դուրս եկան: Մի տետրն էլ դիմորդներից մեկին տվեցի, որը ինձ պես տեղյակ չէր տետր բերելու մասին:

Դե, քննությունն սկսվեց, մեկուկես ժամ էր տրամադրված, ինձ համար միջին բարդության էր, դպրոցական քննությունից էլ բարդ էր:

Ամբողջ օրը մտածում էի հաջորդ օրվա ժամը 13.00-ի մասին, երբ իմանալու էի պատասխանները: Եթե չկարողանայի անցնել, շատ հուսախաբ կանեի մերոնց: Հաջորդ օրը զանգ ստացա, շնորհավորեցին. անցել էի, հավաքել էի 17 միավոր 20-ից: Այնքան էի ուրախացել, ամեն անգամ այսպիսի դեպք լինելուն պես միանգամից Աստծուն եմ շնորհակալություն հայտնում, գրկում եմ մերոնց:

Լավ օր էր, բոլոր «եթե»-ները էլ չկան, ես 15-ամյա ուսանող-աշակերտի կարգավիճակում եմ, ամեն ինչ առջևում է: