nare sharmazanova

Ես ասելու բան ունեմ

Այն, որ չեմ լսում, չի նշանակում ասելու ոչինչ չունեմ… Բայց երբեմն վախերս խանգարում են ճիշտ ու հանգիստ ապրել: Ապրում եմ լսող ընտանիքում, որտեղ  միակ խուլն եմ: Հաճախ ինձ սխալ են հասկանում, հաճախ չեն էլ փորձում հասկանալ: Որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ  ես զգում. անգամ ծնողներիդ, ովքեր արգելում են հանրային վայրերում խոսել ժեստերով: Ասում են՝ ամոթ է, առանց մտածելու, որ ամոթ չէ, այլ շատ ցավոտ… Բոլորը քեզնից վախենում են, աչքերը չռած նայելով, իբրև այլմոլորակայինի, երբ խոսում ես մայրենիով: Ով աչք ունի՝ թող լսի…

Իսկ իմ աչքերը սովորականից առավել են: Այո, նրանք ոչ միայն տեսնում են, այլև լսում են:  Նայում եմ ուղիղ քո բերանին: Չէ, ես չեմ նայում, որովհետև տարվել եմ քեզնով, ուղղակի փորձում եմ որսալ ամեն մի բառդ և գոնե մոտավոր հասկանալ՝ ինչի մասին է խոսքը: Այն այնքան կարևոր է ինձ համար: Ինչո՞ւ:

Կասեք՝ անմտություն է խուլ աղջկա սերը լսող տղայի հանդեպ:  Սիրում եմ նրան անմնացորդ: Իսկ նա… Նա սիրում է ուրիշին: Ինչ բարդ դրություն է՝ մտածում եք դուք, իսկ ես հիասթափվեցի, պայքարեցի ու հաղթելով պարտությունս, ասացի, որ սիրում եմ: Հիանալի իմանալով, որ անպատասխան է: Ես խախտել եմ չգրված օրենքները և ոչ միայն: Ես՝ խուլս, սիրել եմ լսողի: Ինչ բարդ դրություն է՝ կասեք դուք, իսկ ես ազատ եմ, անսահման ազատ իմ աշխարհում, որտեղ սերը խցկել է մեկին, ով չպիտի լիներ: Իսկ նա կա, ինչպես ես, բայց ոչ այնտեղ, որտեղ իրական աշխարհն է, այլ խուլ տարածության մեջ: Այստեղ՝ իրականությունից դուրս, անկեղծությունն է և ցավը:

Խուլ եմ, խուլ մշակույթից, որտեղ ամենը անկեղծ է ու մաքուր, պարզ ու շիտակ: Խուլ եմ, ով ժեստերի աշխարհում ազատ է ու անկաշկանդ, ով ճանաչում է մարդուն շատ արագ, ով արդեն հաղթահարել է լսողների անտարբերությունը, ով ունի ներքին հզոր լսողություն, ով լսում է այն, ինչ տեսնում է: Չեմ ամաչում իմ խլությունից, հակառակը՝  հպարտ եմ: Հպարտ եմ, որ ունեմ մայրենի հրաշք լեզուս, ժեստերը՝ իմ Աստծո պարգևը, որի շնորհիվ քայլում եմ լսողների կողքին, բայց ոչ նրանց հետ… Դա իմ աշխարհն է, որից դուք՝ լսողներդ, վախենում եք: Իսկ ես լսում եմ երկնքից եկող ձայնը՝ մի վախեցիր, միայն հավատա:

Հ.Գ. Ամեն ինչ պարզ է. կա նա՝ այնպիսին, ինչպիսին կա, և կաք դուք՝ այնպիսին, ինչպիսին կաք: Այս պատմությունը իմ ընկերուհու մասին է, ում միջոցով ճանաչեցի մեզ համար այնքան խորհրդավոր և քողարկված խուլերի աշխարհը: Իսկ նրանք մեր կողքին են, այնքան մոտ և միաժամանակ հեռու: Մենք՝ լսողներս, կարող ենք փոխել իրավիճակը և կրճատել հեռավորությունը: Գուցե սովորե՞նք ժեստերի լեզուն, մեզ համար հնարավոր է: Իրենց համար մեր լեզուն սովորելը ՝ անհնար: Քայլը մերն է: