nina arustamyan

Ես դեռ սպասում եմ

Շուրջ երկու շաբաթ է, ինչ գրում եմ ու ջնջում։ Գրում եմ ու ջնջում․․․

Քաջություն չի հավաքվում ներսումս, որ այս անգամ բարձրաձայնեմ կորստիս մասին։

Կորստիս։

Երբեք չեմ կարողացել խոսել իր մասին ինչ-որ մեկի հետ այնքան ազատ, որքան որ ինքս ինձ հետ ամեն գիշեր՝ քնելուց առաջ։

Ես կորցրել եմ նրան, ում երբեք չէի ցանկանա կորցնել, և իհարկե, երբեք մտքովս չէր անցնի, որ կյանքիս կարևորագույն շրջանում կկորցնեմ նրան և կորստից հետո անգիտակցաբար կամ գուցե և գիտակցաբար կփոխվեմ 180 աստիճանով: Որ կդառնամ ուրիշ մարդ, ով կսկսի պայքարել իր ապրած ամեն ժամի համար, որ կսկսի պայքարել միայն ու միայն՝ «լավ մարդ» տիտղոս թողնելու համար․․․

Մեր կյանքի ապրած ամեն շրջանում մենք կորցնում ենք, բայց մինչև թանկին չենք կորցնում, չենք հասկանում, որ մինչև այդ կորցրածները այդքան էլ կարևոր չէին, չնայած, կորուստները կարևոր կամ անկարևոր չեն լինում:

Ես այս անգամ, ներսիս ինչ-որ քաջության շնորհիվ կխոսեմ:

-Մարա՜լս, բան պետք չէ, արի՛ , նստի՛ր կողքս։

Հորեղբորս վերջին խոսքերն էին մեր տան մեջ, ու ձեռքս ամուր բռնած էր այն ժամանակ, երբ իրեն պետք է տեղափոխեինք հիվանդանոց․․․

Կորցրեցի նրան ինչ-որ անփույթ մեկի պատճառով, ու միայն ես չկորցրեցի, կորցրեցինք բոլորս, կորցրեցին նրանք, ովքեր ճանաչում էին և խոսել էին Տիգրանի հետ գոնե 5 րոպե, նրա հետ հաց կիսողը, մեկ բաժակ օղի խմողը։

Մանկությունից նրա հետ կապված ինչ-որ չվերջացող հիշողություններ կան իմ սրտում, որ անգամ քնածս ժամանակ եմ հիշում։

Մանկությունից մինչև պատանեկություն իր հետ, ու պատանեկությունից մինչև ամբողջ մի կյանք` առանց նրա։

Դժվար է, իհարկե, դժվար է մտնել այն տուն, որտեղ չկա նա, բայց ամեն անգամ մեր խոսակցությունների երկրորդ բառը սա է․

-Հոպարը, որ ասում էր, է՜․․․

Որ ասում էր…

Հորեղբայրս դեռ մանկուց ասում էր, որ պետք է մոդել դառնամ։ 3-4 տարեկան հասակում հեռախոսով ես մոդա էի ցույց տալիս ու ամեն անգամ հորեղբորս գովերգող խոսքերը փոքրիկ Նինային էլ ավելի էին ուժեղ դարձնում, որ մեծանա ու դառնա մոդել․․.

Ես Տիգրանին չեմ համարել հորեղբայր․ ես Տիգրանին համարել եմ ծնող, իմ երկրորդ հայրը, ով մինչև վերջին օրերը ինձ կողքին էր նստեցնում ու զրուցում, թե ինչպես էր անցնում իմ պարի մրցույթը Ծաղկաձորում, թե ինչպես էր ամեն անգամ ամառային արձակուրդների ժամանակ տան դռան դիմացից ժպիտով նայում, թե  ինչպես եմ  ինձնից մեծ ու ծանր ճամպրուկով բարձրանում  տուն, թե ինչպես ենք երեք քույրերով հպարտ-հպարտ մտնում տուն։ Հորեղբորս ամեն հայացքը խորհուրդ էր, ամեն բառը՝ վերլուծելու արժեք ունեցող ինչ-որ նվեր, և հետը մի բաժակ սուրճ խմելը հանգստություն։

Ամեն անգամ կոտրվելուց հիշում եմ իր խորհուրդները, թե ինչպես պետք է ինքնակամ վեր կենալ, թե ինչպես կարող եմ պայքարել ինքս ինձ համար, թե ինչպես կարող եմ նույնիսկ ծնողներիս ասել՝ ինչ անեն, որն է ճիշտ․․․

Ամեն անգամ ինչ-որ միջոցառում, ճամբար մասնակցելու հրավեր ստանալուց ուղեղումս Տիգրանն է, մտածում եմ․

-Կողքս լիներ, կգրկեի ամուր ու կասեի. «Բա, հոպար, առաջ եմ գնում, է՜»․․․

Առաջ եմ գնում…

Այո՛, բայց միևնույն ժամանակ, մտքումս միայն ու միայն Տիգրանի անունն է։

Երկու տարի է, ինչ կորցրել եմ, բայց դեռ սպասում եմ, որ ներս կգա, որ իր սթափեցնող հայացքով կնայի ինձ ու մի բաժակ դառը սուրճ կուզի․․․

Ես դեռ սպասում եմ: