Emma Kosakyan

Ես եմ 7%-ը. դուխով հեղափոխություն

Մի քանի ամիս առաջ սովորական էր բարձր կրթավճարից, ցածր թոշակից ու աշխատավարձից, երկրից ու իշխանությունից անհույս բողոքելը, ամեն ինչից հոգնած ու հիասթափված ապրելը, ընտրության գնալը և վստահ լինելը, որ դա կրում է ձևական բնույթ, որ ՀՀ հպարտ քաղաքացու ձայնը որոշիչ չէ, որ ոչինչ կախված չէ մեզնից, ոչինչ չենք կարող փոխել, կարճ ասած՝ երկիրը երկիր չէր։

Այժմ սովորական է դարձել երկրի ապագայի մասին լավատեսորեն արտահայտվելը, սեփական իրավունքների համար պայքարելը և վստահորեն ու անկեղծ ասելը, որ մենք ենք տերը մեր երկրի։ Սովորական է դարձել փողոցներում նստելը, ազգային ժողովի նիստերը նայելը։ Ես իմ տասնինը տարվա կենսափորձում երբեք չեմ տեսել ողջ աշխարհով մեկ տարածված հայ ժողովրդին այսքան երջանիկ, հպարտ, պայքարող ու վստահ իր ուժի վրա։ Վստահ, որ եթե բոլորս միանանք, հաղթանակը մերն է լինելու, որ փշալարերը, ջրցանները, ձայնային նռակները, բերման ենթարկելը ու հազար ու մի նման հնարքները մեզ չեն կանգնեցնելու, որովհետև մենք չենք պայքարում մեր ազգակից քույր-եղբայրների դեմ, մենք բաց ձեռքերով ենք ու պայքարում ենք անարդարության դեմ, իրավախախտման դեմ։

Առաջին հերթին սա կարծրացած մտածելակերպի հեղափոխությունն էր։ Մարդկանց մեջ վերացավ այն մտածելակերպը, թե ժողովուրդը ոչինչ անել չի կարող, կճնշեն: Մենք լավ գիտենք՝ գյուղ կանգնի, գերան կկոտրի, ու այդ գյուղը կանգնեց, ժողովուրդը կանգնեց՝ Չինարիի սահմանը պահող հողագործից մինչև հրապարակում օրեր շարունակ պայքարող ցուցարարը, յուրաքանչյուրը պայքարեց յուրովի, բայց մի նպատակի համար։

Սկզբում շատերը թերահավատորեն էին վերաբերվում շարժմանը, ուղղակի նայում քայլողներին, նկարում ու վերջ, բայց որոշ ժամանակ անց միացան բոլորը, որովհետև հասկացան, որ այս պայքարը վերջին բանալին է այս իրավիճակից դուրս գալու, որ վճռական ու անպարտելի ենք այս անգամ, որ այս շարժումը կանգնեցնելու մասին մտածելը նույնիսկ ծիծաղելի է։

Այգեպարում, Չինարիում մարդիկ գիշերը երկու հոգով են հուղարկավորում իրենց հարազատներին, որովհետև թշնամին կրակում է նույնիսկ թափորի, դիակի վրա։ Այսքանը ապրած ժողովրդին այլևս չեն կարող կանգնեցնել նրանք, ովքեր չգիտեն՝ որտեղ է ավարտվում մեր երկրի սահմանը, չգիտեն՝ որքան է միջին աշխատավարձը, միջին եկամուտի չափը, բայց լավ գիտեն՝ ինչքան է հարկի, տույժի, վճարի չափը…

Մենք հաղթել ենք, հաղթել ենք այն օրը, երբ արել ենք մեր քայլը՝ նախ և առաջ մեր մտքում, երբ հավատացել ենք մեր միասնության ուժին, մի կողմ ենք դրել ամեն տեսակ կասկած ու վախ ու դուրս ենք եկել փողոց։

Ես պայքարում եմ այն Հայաստանի համար, որտեղ մեզ չեն ստիպելու մասնակցել ինչ-որ նախընտրական համերգների, որտեղ բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, որտեղ ուսանողը ստանալու է իրեն հասանելիք կրթավճարի զեղչը, որտեղ ավարտական քննությունները հանձնելու համար պարապմունքների չենք գնալու, որովհետև դպրոցում լինելու են արժանի մասնագետներ, որտեղ քննությունը չենք գնելու, այլ ստանալու ենք, որտեղ աշխատավարձը չենք օգտագործելու վարկերը մարելու վրա, որտեղ մտքի ազատության համար մարդկանց չեն կալանավորելու, որտեղ Երևանից հեռու ապրողը իրեն չի զգալու այլմոլորակային, որովհետև մշակութային, սպորտային և այլ ծրագրերը միայն Երևանում չեն լինելու։ Ես հաջորդ սերունդներին հպարտորեն պատմելու եմ, որ այս հզոր ու թավշյա հեղափոխության մի մասնիկն էլ ես եմ եղել։