lilit grigoryan

Ես էլ եմ հոգնում

-Դու ընդհանրապես գիտե՞ս, թե հոգնելն ինչ է:

-Էներգիադ անպակաս է, այդքան բան ես անում, ազատ գրեթե չես էլ լինում, բա չե՞ս հոգնում:
Սրանք կյանքումս ինձ ամենաշատը տրվող հարցերն են հարազատներիս ու ընկերներիս կողմից: Միշտ փորձում եմ իրարից տարբերվող պատասխաններ տալ, որ հանկարծ չկրկնվեմ, որովհետև նույն մարդը նույն հարցը արդեն հինգ-վեց անգամ տվել է: Երբ նույն պատասխանն եմ տալիս հինգ անգամն էլ, այդ մարդն ասում է.
-Ուրիշ խաբելու բան չունե՞ս:
Ու պարզվում է, որ ես իսկապես խաբում եմ, ամեն անգամ փորձ եմ անում խաբելու այլ կերպ, այլ կերպ եմ ներկայացնում իմ՝ չհոգնելու ունակությունն, ու որ ամենակարևորն է՝ ինքս ինձ էլ եմ խաբում:
Ես զգում եմ, որ խաբում եմ, երբ սենյակում մենակ եմ լինում, շուրջս ոչ մի շնչող էակ չի լինում, միայն ես ու շտեմարաններս, հագուստի պահարանը, հայելին, մահճակալը, իմ սիրելի ու ինձ գրկող չորս պատերը, բայց ոչ բանականության տեր մեկը:
Զգում եմ, որ ինձ հաճելի է մենակ լինել մի քանի ժամ, ես չեմ հոգնում մենակությունից, ես հանգիստ գլուխս դնում եմ բարձին ու հոգնում լիքը մարդկանցից. նույն ոտք ու ձեռքով, տարբեր գլուխներով էակներից: Միշտ չէ, որ առանց մարդկանց ապրելն անհնար է: Թեկուզ մի քանի րոպե, բայց, դե, որոշ ժամանակ:

Ես հոգնում եմ համացանցից, ինձ 24 ժամ օնլայն լինելը հաճելի չի թվում, երբ ես ինտերնետ չեմ ունենում ու ժամանակս ծախսում եմ ավելի կարևոր բանի վրա, քան հաղորդագրություններիս պատասխանելն է: Հոգնում եմ ֆեյսբուքյան լայքերից, մեկնաբանություններից, հոգնում եմ անընդհատ թարմացվող ինֆորմացիոն պատից, ինտերնետում որևէ բան փնտրելուց: Հա՛, հոգնում եմ, բայց այդպես պատճառաբանելով համացանցից հեռանալը ճիշտ չէ ինձ համար, քանզի կապն ընկերներիս հետ պահպանելու թերևս ամենալավ տարբերակը ֆեյսբուքն եմ համարում: Ուզում էի ուղղակի ասել, որ սրանից էլ եմ հոգնում, այնպես չէ, որ միշտ օնլայն լինելը կախվածություն է:
Ես էլ եմ սովորական մարդկանց պես հոգնում ինձ շրջապատող ամենօրյա նույն դեմքերից: Չնայած՝ պիտի ասեի սովորական հրազդանցիների պես, ոչ թե մարդկանց: Եթե դու էլ ամեն օր նույն ճանապարհով գնաս դպրոց ու տուն գաս՝ ճանապարհին տեսնելով նույն հրազդանցիներին, ովքեր ոչ մի տեղաշարժ չեն գրանցում հազար տարի է, կհոգնես և դու: Միայն թե տեսնես՝ ինչպես ենք ուրախանում, երբ նոր հարս է գալիս Հրազդան այլ քաղաքից, կամ էլ երեխա է ծնվում: Ախր, իրոք հոգնում եմ, որ բոլորս կոչվում ենք հրազդանցիներ, բոլորս հայերեն ենք խոսում, նույն մենթալիտետի տեր ենք, գրեթե նույնաոճ հագուստ ենք հագնում, նույն խանութներից գնված նույն ապրանքների նույն տոպրակներն են մեր ձեռքերում, նույն կրոնն ենք դավանում: Ուզում եմ ինձնից տարբերվող մարդու հանդիպել ամեն օր, որպեսզի հասկանամ, թե ես ինչով եմ մյուսներից տարբերվում, թե չէ այսպես կարծես թե լինենք նույն տեսակի կոնֆետներ, որոնց մեջ չգիտես, թե որին ավելի ուշադիր նայել, որը վերցնել, որն է մյուսից տարբեր: Է՜հ, լավ:
Հոգնում եմ շատ խոսելուց, այդ պատճառով էլ վերջերս շատ եմ լռում:
Հոգնում եմ շնչելուց մեկ-մեկ էլ, թեև չշնչելու տարբերակը բացառված է լիովին:

Կարևորը, որ կյանքից դեռ չեմ հոգնել, որովհետև ինձ համար յուրաքանչյուր բան, թեկուզ՝ քիչ հեռու գտնվող սեղանի փոշին պատճառ է հանդիսանում ապրելու ու արարելու: Հոգնում եմ մի բանից, իսկ նույն ժամանակահատվածում ինձ հաճույք է պատճառում մեկ այլ բան:

Ասածս ի՞նչ էր: Չգիտեմ, բայց էլ չեմ խաբելու, ես հոգնելու ունակություն վաղուց ունեմ: Ու թեև բոլորին է շնորհված այս ունակությունը, ինձ հաճույք է պատճառում նաև հոգնելու իմ տարբերակը: