Seroj araqelyan

«Ես Թերլեմեզյանն եմ ավարտել, իսկ դո՞ւ»

Ոքան էլ արվեստից հեռու մարդ լինեք, գոնե Թերլեմեզյանի մասին լսած կլինեք:

Բարև ձեզ, հիմա կասեք՝ վերջապես հայտնվեց նյութը, անհետացել էր 17-ի Սերյոժան կամ շրջապատի Սերոժը և, ի վերջո, համալսարանի Սերգեյը: Անգամ գրել են՝ կարո՞ղ ա 17-ից դուրս ես եկել, բայց բարկացած պատասխանել եմ՝ ոչ, նման բան հնարավոր չի:

Երկու բառով նկարագրեմ բացակայությունս, քանի որ իմ քննությունները տարբերվում են մնացած քննություններից՝ ես մոտ մեկ ամիս է՝ չեմ կարողանամ վերադառնալ շրջակա միջավայր կամ նյութ գրել և ուղարկել: Ինչո՞ւ է տարբերվում, որովհետև ես չեմ կարող մնացած ուսանողների նման վերցնել մի ծածկոց, և այգում ծառի տակ այն փռելուց հետո, պառկած, սուրճ խմելով կարդալ, պարապել: Եթե ես փորձեմ ուրիշների նման զբոսայգում պարապել, ապա ինձ զարմացած կհարցնեն, թե ինչ եմ անում քաղաքի զբոսայգում 50 սմ լայնությամբ և 70 սմ երկարությամբ տախտակով ու գծագրական պարագաներով:

Դե, քանի որ որոշակի պատկերացում կազմեցիք, ուզում եմ նաև ասել, որ քննությունից 5 օր առաջ ես սկսում եմ գծել, որպեսզի քննության օրը այն հանձնեմ, և այդպես մնացած քննությունները՝ ահա իմ բացակայության պատճառը: Բայց քանի որ ինձ մնացել է մեկ քննություն, որը կապ չունի կարկին-քանոնի հետ, ես կարող եմ նստել և հանգիստ գրել: Հա, մոռացա, հիմա կասեք՝ Թերլեմեզյանը ի՞նչ կապ ունի: Ուզում եմ հունիսի մեկից հետո կատարվածի մասին խոսել, որի մասին չեմ գրել:

Շատ է լինում, երբ համալսարանում նստած ազատ ժամանակ քննարկումներ ենք անում, թե ով որտեղ է սովորել, ինչ է արել: Մեկը ասում է՝ ես Թերլեմեզյանից եմ, մյուսը՝ Կոջոյանից: Թերլեմեզյանից պատմում է, թե իրենք ինչ եղանակով են աշխատել, ինչպես են ներկ ցրել: Եվ երբ հեթը հասավ ինձ, ես էլ պատմեցի: Ես ոչ Թերլեմեզյանից եմ, ոչ էլ Կոջոյանից: Ես Ոսկևան գյուղի Գեղարվեստի դպրոցից եմ:
- Էդ որտե՞ղ ա:
-Տավուշի մարզում, սահմանամերձ գյուղ է:
- Բա դու Բաղանիսից չե՞ս:
-Բաղանիսից եմ, բայց գյուղից գյուղ 20 րոպե է ոտքով, իսկ մեքենայով 5 կամ 10:
Ես էլ դե որոշեցի մի քիչ էլ իմ անցյալից պատմել: Քանի որ դուք գնում էիք, սպասում, որ երեխաների մի խումբը դուրս գա, ու նոր սկսեք, ես գնում էի, նստում, նկարում էի միայնակ, մինչև որ մյուս երեք երեխաները գան ու դասն սկսենք:
- Մի րոպե, մի րոպե, չորս հոգո՞վ:
-Հա, դե գյուղ ա, ոչ բոլորն են արվեստը սիրում, ու երբ այդ երեքը գալիս էին, հավեսով անցնում էր դասաժամը:

Բայց քանի ու քանի անգամ ես միայնակ եմ անգամ դասի գնացել, միայնակ նստել նկարել, միայնակ դուրս եկել ու հետ եկել տուն: Էլ չեմ ուզում ասել նաև, երբ սահմանում լարված էր իրավիճակը, ուրիշի այգիներով կաճ ու ոլոր ճանապարհներով էի գնում, որպեսզի դիրքերից չերևամ: Բայց շատ ժամանակ, երբ սկսում էին գյուղի վրա կրակել, չէի գնում, իսկ հանձնելու գործերը մնում էին ձեռքիս:

- Ինչքա՞ն էր բա վարձը:

-2000 դրամ:

- Ուխ, ինչ էժան ա եղել: Բա չէ, ստեղի նման՝ տասը կամ տասնհինգ հազար:

-Հա, բայց դու ավարտել ես բարձրակարգ տեղ, չէ՞: Դու ավելի շատ բան գիտես նկարչությունից, քան ես, ու որի շնորհիվ դու կարող ես բարձր ստանալ, ու ամենակարևորը, որ ապահով երթուղային ես նստել գնացել, նույն կերպ հետ եկել: Ոչ թե ինձ նման՝ անընդհատ հետ ու առաջ նայելով ու զանգեր ստանալով, որ կրակում են, հետո կնկարես, թող՝ արի: Ու էլի այդ այգիների ու ոլոր ճանապարհների միջով հետ դարձ: Հարցը էստեղ գումարը չի, երեխեք, հարցը էն է, որ մենք սիրել ենք, պայքարել ենք, որ մի բան սովորենք: Դու գնացել ես խիստ տեղ, շատ վարձ տվել, տանջվել, ավելի հմտացել, իսկ ես գնացել եմ կրակոցներից փախչելով, դասին ներկա չլինելով ու շատ ժամանակ YouTube-ից նայել սովորելով: Բայց, ամենակարևորն այն է, որ հիմա մենք ընդունվել ենք և արել մեկ քայլ. ավարտել առաջին կուրսը:

- Լսիր, բայց ճիշտ ես ասում, գիտե՞ս:

Քննություններից անմիջապես հետո շատ ժամանակ այցելում եմ մեկ այլ կազմակերպություն, որի անունն է Միացյալ առաջնորդների պալատ, որտեղ ես մամուլի հանձնաժողովի պատասխանատուն եմ և կատարած ծրագրերի, բարեգործությունների մասին հավաքագրում եմ նյութեր և ֆոտոներ, որպեսզի տեղադրվի կայքում: Դրան զուգահեռ մասնակցում եմ նիստերի, որտեղ հաճախ քաղաքական բանավեճեր են արվում, թե ինչ անել՝ ավելի բարեկարգ և լավ երկիր դառնալու համար, հուզող խնդիրներ ենք առաջ քաշում, ներկայացնում և լուծման ուղիներ ներկայացում:

Հունիսի 25-ի նիստին որոշել եմ խոսել մի խնդրի մասին օրը այսօր իրոք մեծ խնդիր է և ունի վատ հետևանքներ: Դա ուսման վարձի պատճառով ուսանողի համալսարանը լքելն է, որին ավելի խորը անդրադարձա այն ժամանակ, երբ ծանոթներիցս մեկը նույնպես ստիպված գնաց այդ քայլին: Իսկ թե ինչպիսի ծրագիր և լուծման ձևեր կներկայացնեմ, դեռ չեմ կազմել, բայց երբ կազմեմ և ավարտեմ, դրա մասին նույնպես կխոսեմ և ամեն ինչ կանեմ, որպեսզի այդ խնդիրը վերանա, և շատ ընդունակ ուսանողներ չլքեն վարձի պատճառով, երբ իրենցից յուրաքանչյուրը կարող է մեծ ներդրում ունենալ երկրի զարգացման գործում:

Կհանդիպենք հաջորդ անգամ, արդեն ամբողջական ծրագրով և իր լուծվան եղանակներով, որպեսզի ոչ մի ուսանող լարված չմտածի, թե ինչպես է վարձը տալու, և գիշերային ռեժիմով աշխատանք փնտրի:

Հ.Գ. Հա, Թերլեմեզյանն էնքան էլ կապ չուներ, երևի: