Ես ինձ միայն չօգնեցի…

Ժամկետային զինծառայող Արմեն Մինասյանը ևս դասվեց այն հերոսների շարքին, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն հայրենիքի։ Արմենը ծնվել է 2001 թվականի հուլիսի 6-ին Վարդենիկ գյուղում։ Մանկուց եղել է աշխույժ։ Սովորել է տեղի Ռ․ Հովհաննիսյանի անվան թիվ 1  հիմնական դպրոցում, ապա Վարդենիկի կրթահամալիրում։

-Եղբայրս շատ էր ուրախացել բանակ զորակոչվելու առթիվ, ոգևորված էր։ Հիշում եմ՝ ընկերներով ասում էին, որ ցանկացած տղա անպայման պիտի ծառայի։ Մեխակավանում (Ջեբրաիլ) էր ծառայում։ Ամեն օր զանգում էր, բայց ծառայությունից  համարյա ոչինչ չէր պատմում, միշտ ասում էր, որ «ամեն ինչն էլ տղու համար ա»։ Ամբողջ ծառայության ընթացքում միակ օրը, որ չի զանգել, հոկտեմբերի 29-ն էր․․․,- հիշում է Արմենի եղբայրը՝ Խաչիկը։

Չարաբաստիկ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին․

-Իրենց ուզեցել են Ջեբրաիլից  տեղափոխել կա՛մ Ստեփանակերտ, կա՛մ Շուշի։ Քառասուն հոգի են եղել, տասական խմբերով նստել են մեքենաները, որ գնան, հենց այդ պահին էլ ԱԹՍ-ն նկարել ու հարվածել է։ Ամբողջ քառասուն հոգանոց խմբից  երկուսն են ողջ մնացել»,- մանրամասնում է Խաչիկը։

Եղբոր խոսքերով՝ Արմենը շատ նպատակասլաց էր, բազում նպատակներ ուներ, որոնք այդպես էլ անկատար մնացին․

-Նպատակադրվել էր բանակից գալուն պես ավտոէլեկտրիկ դառնալ։ Բացի դա էլ, ընկերոջ հետ որոշել էին կահույքի արտադրամաս բացել։

Ընկերուհի ուներ, շատ էին սիրում իրար։ Ասում էր. «Դատարկ գրպանով ի՞նչ ամուսնանալ, սկսեմ աշխատել` կնշանվեմ»։ Այս ու մի շարք այլ նպատակներ եղբայրս իր հետ վերև տարավ,-եզրափակեց Արմենի եղբայրը։

Արմենի դասընկերները ցավով, բայց հպարտությամբ են հիշում․

-Արմենը շատ ընկերասեր էր։ Բոլորին օգնության ձեռք էր մեկնում, ինչքան բարդ իրավիճակ էլ, որ լիներ, այնպես էր անում, որ ճիշտ լուծում տրվի։ Շատ ուշադիր էր հատկապես դասարանի աղջիկների հանդեպ, ասում էր, որ իր քույրերն են ու ամեն հարցում աջակցում էր նրանց։

Այն խոսքը, որ ասում են․ «Տարիքը միայն թիվ է», Արմենի մասին էր։ 19 տարեկան էր, բայց շատ մեծահասակներից  հասուն էր դատում։

-«Վերջին զանգ»-ին Արմենը  մեր դասարանի հոգին էր,-փաստում են դասընկերները,- ամբողջ պատասխանատվությունն իր ուսերին էր վերցրել ու պատվով կարողացավ տակից դուրս գալ։ Մինչև հիմա մեր դասարանի ելույթը հիշելիս, ցանկացած մարդ, ով ներկա է եղել, առաջին հերթին Արմենին է հիշում, հետո՝ մնացածիս։

Մեր վերջին էքսկուրսիայի գիշերը՝ տուն վերադառնալիս, հասանք Սևանավանք, իր ձեռքով խարույկ վառեց։ Հենց այդ խարույկի շուրջն էլ բոլորին հարցրեց, թե ինչպես են դասավորելու իրենց կյանքը դպրոցից հետո։ Երբ հասավ իր խոսելու հերթը, ասաց, որ կծառայի, կգա ու էլի իր ընկերների կողքին կլինի։ Տղաներին էլ՝ առանձնահատուկ դիմելով, հորդորեց, որ բանակում ամեն քայլը մտածված անեն։

Հետո դառնալով մեր դասընկերուհուն՝ Լիանային, խնդրեց, որ իր սիրելի բանաստեղծությունը՝ Պ․Սևակի «Ես օգնեցի բոլորին, ես ինձ միայն չօգնեցի․․․»-ն ասմունքի։

Եզրափակելով Արմենի մասին զրույցը, նրա  դասընկերուհին՝ Նաիրան, ընդգծեց․

-Ուսուցիչները Արմենին շատ էին սիրում, Արմենն էլ՝ դպրոցն ու ուսուցիչներին։

Շատ խելացի էր, արագ էր ընկալում։ Մեկ անգամ կարդալով կարողանում էր իրեն հանձնարարված նյութը վարժ ու հստակ ներկայացնել։ Ուսուցիչները հենց դրա համար էլ էին բարկանում, ասում էին, որ եթե կարողանում է, ինչու՞ անընդհատ չի սովորում։ Ինքն էլ իր հերթին շատ էր ամաչում իր՝ չսովորելու փաստից, մինչև ասում էր, որ դասին պատրաստ չէ, հոգին դուրս էր գալիս։ Արմենի նման եղբայր, դասընկեր ու մարդ չկար, Արմենի նման երկրորդը չկա։