Ես լոռեցի եմ

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լոռին Հայաստանում աղքատության մակարդակով զբաղեցնում է առաջին տեղը, ծնելիության մակարդակով՝ վերջինը, այստեղից ամենաշատն են արտագաղթում: Հյուսիսից Լոռվա ձորը ամեն օր աղտոտում է Ալավերդու գործարանը՝ նույնիսկ դեռ չծնված երեխաներին ենթարկելով անբուժելի հիվանդություն ունենալու ռիսկին: Ամեն աշուն կատարվում են մեծամասշտաբ ծառահատումներ։ Գյուղերը դատարկվում են, իսկ հանրապետության համար առանցքային նշանակություն ունեցող Ալավերդի-Վանաձոր մայրուղու շինարարության ավարտն անընդհատ ձգձգվում է:

Սա Լոռին է, բարեկամներ:
Վերջիվերջո, ի՞նչ է մարզը. վարչատարածքային միավոր, որը ի՞նքն է ղեկավարում իր ներքին կյանքը՝ միևնույն ժամանակ, լինելով տվյալ երկրի մասնիկը: Բայց մարզերի մեջ մինչև օզոնի շերտ հասնող պատեր չկան, օդն էլ է նույնը, ջուրն էլ: Ալավերդու գործարանի ծուխը, մեր մարզի տարածքը ճեղքելիս, սահմաններին չի նայելու, Ամուլսարից աղտոտված գետերը մի օր մեզ էլ են հասնելու, ու չի կարելի այսքան փոքր պետությունում մարզային սահմաններով առաջնորդվել ու անմասն պահել քեզ լոռեցու խնդիրներից միայն այն բանի համար, որ դու, օրինակ, Սյունիքից ես՝ մի քանի տասնյակ կիլոմետր հեռու:

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Լուսանկարը՝ Անի Ղուլինյանի

Չնայած ոչ այնքան մաքուր օդին, որը շնչում եմ, չնայած ամեն օր գյուղիցս գնացող ու օրվա հացը ապահովելուց ավելիի հնարավորությունը չունեցող մարդկանց, ես սիրում եմ իմ երկիրը, իմ մարզն ու գյուղը: Ինչո՞ւ: Ուղղակի, որովհետև դրանք իմն են: Որովհետև ես այստեղ եմ ծնվել, ու ինձ դեռ փոքր տարիքից ասել են իմ ազգության մասին: Կրոնը, ինչ-որ տեղ նաև լեզուն և այն մշակույթը, որով ցանկանում ենք ապրել, մենք ենք ընտրում, իսկ ազգությունը՝ ոչ: Դրա համար էլ իմ սիրելի վայրերը չթողնել-չգնալը, ինձ հուզող խնդիրները լուծելը իմ պարտքն է: Ես չգնալն ու ինչ-որ բան փոխելը իմ պարտքն եմ համարում, բայց բոլորովին չեմ կարող քննադատել մարդկանց, ովքեր չեն կարող մնալ կամ չեն ուզում։ Չէ՞ որ ամեն մարդ ինքն է որոշում՝ հանուն ինչի պայքարել ու հանուն ինչի ապրել: