Hayk Qalantaryan

Ես խառնվում եմ հասարակությանը

Ես ուսանող եմ՝ մեկը այն ուսանողներից, որոնք ամեն օր մտնում են համալսարան ու նոր գիտելիքներով հարստանում, բայց այնպիսի մեկը, որը դասերից հետո չի վազում տուն` մի բաժակ սուրճով օրը շարունակելու և երիտասարդական եռանդը ձեռքից բաց թողնելու, այլ գիտության քաղցրությունը զգալուց հետո մխրճվում է հասարակության մեջ, դառնում հասարակության ոչ թե մի մասնիկը, այլ ինքնին հասարակությունը, իսկ մխրճման արագությունը մղում է դառնալու շարժիչը հասարակության:

Մարդկային կյանքը նման է անդադար կրկնվող իրադարձությունների մի շղթայի, որ հաճախ տրտում և անհետաքրքիր է դարձնում ներկան: Ակամա մենք հետ ենք նայում մեր անցած օրերին և հանկարծ նկատում, որ հիշողության մեջ պահպանվել են առանձին դրվագներ. որևէ տոն, ուրախության յուրահատուկ պահ, գուցե որևէ տխուր հիշողություն, որոնք ճանկռում են մեր հոգին… Հասկանալով, թե քանի-քանի օրեր, իրար ձուլվելով և վերածվելով միապաղաղ զանգվածի, դուրս են մղվել մեր հիշողությունից, և որքա՜ն ժամանակ ենք կորցրել մենք, որքա՜ն հնարավորություններ` մեր և մեր դիմացինի կյանքը առավել գունեղ դարձնելու, ես գիտակցեցի, որ ժամանակն է գործել: Գործել հանուն ընդհանրական գործի:
Որքան էլ զարմանալի է, այս միտքը այցելեց ինձ 13-14 տարեկան հասակում: Այդ ժամանակ ես չգիտեի՝ ինչ ասել է կամավորություն, ինչ հնարավորություններ ու առավելություններ է տալիս այն, մինչդեռ այժմ շռայլորեն կիրառում եմ այն ամեն հնարավոր պահի: Արդարև ես հիմա էլ չեմ ընկալում այդ բառերի իմաստը: Ըստ իս, այն ամենը, ինչ մենք համարում ենք բարեգործություն, իրականում մարդկայնություն է շրջապատի նկատմամբ, կարեկից վերաբերմունք դրսևորելու պարզագույն միջոց:
Փոքր տարիքում գյուղի երեխաներս իրար էինք օգնում անշահախնդրորեն. մենք պաշտպանում էինք մեզնից թույլին, բարեկարգում դպրոցը, մեր բակը, օգնում ճերմակ մազերով ու երկար հյուսքերով տատիկներին և ալևոր ծերունիներին` վար ու ցան անել մի քանի խնձորի կամ կոնֆետների դիմաց: Եվ պատճառը այդ ամենի ամենևին էլ ուտելիքները չէին, այլ տատիկների ու պապիկների ջերմ ու պայծառ ժպիտը, իրենց քաղցր խոսքն ու լոկ մի համբույրը մեր պարզ ճակատին: Մենք չէինք անվանում դա բարեգործություն, և դա մեզ ոչ ոք չէր սովորեցրել, և երևի թե մեր ճիշտ քայլերն էլ սկսվեցին այդտեղից, երբ մեր արարքները դիտարկեցինք որպես պարտք, ոչ թե բարեգործություն:
Երբ ավելի մեծացա, հասկացա, որ կան մարդկանց օգնելու բազմաթիվ արդյունավետ միջոցներ, և անդամագրվեցի բազմաթիվ կազմակերպությունների և կամավորական ծրագրերի, իսկ հիմա կյանքս առանց այդ ծրագրերի դժվար է պատկերացնել: Նպատակն էլ մեկն էր. օրը գեթ մեկ անգամ տեսնել մի շնորհակալ ժպիտ, մի թախծից ազատված աչք, մի նոր ձևավորված անհատ: Օրերս ավելի ու ավելի գունավորվեցին: Ես զգացի, որ ապրում եմ ոչ միայն ինձ համար, և կյանքս էլ այլևս միայն ինձ չի պատկանում: Եվ հենց այս փորձառություններն էին, որոնք եղան նպաստող խթաններից մեկը մասնագիտական աճի, գիտական գործունեության և նոր ձեռքբերումների:
Ես խառնվում եմ հասարակությանը, բայց չեմ փորձում երբևէ խառնել հասարակությունը:
Ես պարզապես մեկն եմ, կամ էլ` մեկնումեկը: