amalya harutyunyan

Ես կրկին սիրել եմ սիրելը…

Երեք անգամ զնգացող զարթուցիչը չի կարողանում համոզել ինձ արթնանալ: Զարթուցիչն իր պարտականությունը հանձնում է մայրիկիս:
-7:25 է, վեր կաց:
-Հեսա:
-7:30 է արդեն:
- Մամ, հիմա վեր կացա:
-Ամալյա, 7:40 է, ուշացար:
-Ինչպե՞ս թե 7:40 է,- բղավում եմ ես: Անասելի արագությամբ մի կողմ եմ շպրտում ծածկոցը, սկսում եմ փնտրել հողաթափերս, հագնվում եմ, պատրաստվում, 3-5 անգամ ստուգում դասացուցակս ու տանից դուրս գալիս:
Իմ օրերը բաժանվում են 2 խմբի` հաջողակ օրեր և ձախողված օրեր:
Հաջողված օրերը այն օրերն են, երբ ես բարձրանում եմ երթուղային և ազատ տեղ գտնում նստելու, իսկ ձախողված են, երբ ես ամբողջ ճանապարհը գնում եմ կանգնած:
Ճանապարհը, երևի, կյանքիս ամենաձանձրալի մասն է: Ուր նայում ես՝ ամենուր շտապող մարդիկ ու շատ մեքենաներ և խցանումներ, հավերժական, երկար, անդադրում ու անվերջանալի խցանումներ: Բայց սրա դրական կողմն էլ եմ գտել, հիմա նյութս խցանման մեջ նստած եմ գրում:
Ինչևէ, մի օր ուշացած, մի օր ճանապարհի կեսը վազելով հասնում եմ համալսարան:
Մի քանի օր առաջ նրա պատերը օտար էին, լսարանները` անծանոթ:
Հիմա մտնում եմ համալսարան ու միանգամից գնում մեր լսարան՝ իմանալով, որ սպասող կա:
Օրերիս ամենանշանակալից ու ամենասիրած մասը սկսվում է հենց այդ պահին; Ներս եմ մտնում, արտաբերում ` բարև «երեխեքներ»,  ու սկսում բոլորին հերթով գրկել: Սիրում եմ այդ պահը, երբ կուրսեցիներիցդ մի քանիսը զարմանում են, մի  քանիսը ուրախանում, մի քանիսը այնքան ջերմ են գրկում` ասես ամբողջ կյանքում ճանաչել ես, իսկ դու գրկելով իրենց երջանկանում ես:
Սկսվում են դասերը: Սուտ կխոսեմ, եթե ասեմ, որ ամբողջությամբ հարմարվել եմ համալսարանին: Դասերին դեռ ձեռքերս դողում են, խառնվում եմ իրար, իսկ պատասխանելիս մի կերպ եմ արտաբերում բառերը, այն էլ ամեն ինչ շիլաշփոթ սարքած, դե, դա էլ այն քիչ դեպքում, երբ համարձակվում եմ պատասխանել:
Լեկցիաներին մի ձեռքով գրում եմ, մյուսով` բռնում տետրը, մի ականջով լսում եմ դասախոսի մեկնաբանությունը, մյուսով` երեխեքի թելադրած լեկցիան: Իրականում բավականին դժվար է, բայց ինչ արած, սովորել է պետք:
Սիրել եմ համալսարանը, ու ոչ այն դասերը, որ անցնում ենք, ոչ այն սեղան-աթոռը, որի վրա նստում ենք, իրական համալսարանն եմ սիրել: Սիրել եմ 2-րդ կուրսեցիների Մարիամին, ով ամեն կերպ օգնում է ու խորհուրդներ է տալիս: Սիրել եմ մեր կուրսի ավագ Գայանեին, ում հետ կարող ես գնալ ամենահետաքրքիր ցուցահանդեսները, միջոցառումները ու մի լավ քննարկել: Սիրել եմ Հեղինեին ու Ժենիին, ովքեր ամեն օր ինձ համար տեղ են պահում ամենադիմացը և ում հետ անցնում են ամենահավես դասերը: Սիրել եմ Մարիին, ով ամեն արցունքիս վրա բարկանում է, Անահիտներին, Վանուհուն, Էդիտային, Աիդային, ում ամեն անգամ կարող ես ասել չեմ սիրում, բայց հետո գնալ ու ամուր գրկել:
Սիրել եմ Դիանային, ով ունի իմ երազած մանուշակագույն մազերը, Արփինեին, ով ունի ամենասիրուն ժպիտներից, սիրել եմ Էվելինային, ում ուսին կարող ես հենվել, ու նա քեզ համար օրորոցային կերգի:
Երբեմնի ամաչկոտը ամբողջ օրը շատախոսում է, ժպտում, պատմում իր կյանքի ամենահիմար պատմություններն ու ծիծաղում:
Հա, մեր ֆակուլտետում ամեն շաբաթ գրքի, հեքիաթի, ֆիլմի քննարկումներ են տեղի ունենում: Սիրում եմ դրանք, կարող ես անվերջ լսել ու կողքից էլ լուսանկարել:  Հետո լուսանկարները կհայտնվեն մեր ուսխորհրդի էջում, ու ես մի լավ կուրախանամ: Ի դեպ, հրավիրում եմ, կարող ես գալ ու մասնակցել, դե համ էլ լուսանկարներ կունենաս:
Մեզ մոտ էքսկուրսիաներն էլ են շատ հետաքրքիր: Դե պատկերացրու՝ մի ամբողջ հոգեբանների և փիլիսոփաների ֆակուլտետ հայտնվում է մի տեղում, ավտոբուսում պարում, ուրախանում է, խաղում ամենաինտելեկտուալ խաղերը, հետո լրջանում ու քննարկում խորը փիլիսոփայական հարցեր: Ու այս ամենը գեղեցիկ բնության ու ջերմ մթնոլորտում:
Ահ, շատ խոսեցի և ուրախացա, ինձ դեռ միջանկյալներն են սպասում:
Ես ուղղակի սիրել եմ համալսարանը, ես երջանիկ եմ: Մարդիկ հասկացել են, որ ինձ ընդամենը մարդկանց գրկել է պետք: Ավելին, եթե մի օր մեկին պատահմամբ մոռանամ գրկել, զայրացած հայացքով կլսեմ.
-Դու ինձ այսօր չես գրկել:
Ես ընդամենը կրկին սիրել եմ սիրելը: