argam voskanyan lori

Ես մի ծիլն եմ քո արտի

Վերջերս ծանոթներիցս ևս մեկին հրաժեշտ տվի. մշտական տեղափոխվում էր այլ երկիր: Ամեն օր մեր երկրից միջինը 100 մարդ է հեռանում, իսկ պատճառները տարբեր են: Արտագաղթողները հիմնականում բողոքում են կյանքի վատ պայմաններից, իշխանություններից և գտնում են այն բոլոր պատրվակները, որոնց օգնությամբ կարող են արդարացնել իրենց: Վաղը երևի նույն պատճառաբանություններով դու էլ կլքես երկիրը: Երբևէ մտածե՞լ ես այն մասին, թե ով ես դու քո սեփական երկրի ներսում, և ով ես լինելու օտար երկրում:

Պատկերացրու՝ մի օր արթնանում ես ու տեսնում, որ շուրջդ այլալեզու մարդիկ են, ովքեր քեզ չեն հասկանում, չեն մտնում քո հոգեվիճակի մեջ: Դու գնում ես աշխատանք փնտրելու, իսկ օտար երկրի գործատուներին հետաքրքիր չէ քո կարմիր դիպլոմը: Դու ամեն կերպ ցանկանում ես հարմարվել օտար երկրի մշակույթին, իսկ մշակույթը քեզ հարմարվել չի ցանկանում: Անիմաստ թափառելուց հետո հոգնած վերադառնում ես տուն, իսկ տանը քեզ սպասում են ընտանիքիդ անդամները, որոնք իրենց մեջ հայրենիքի կարոտը մի կերպ խեղդելով՝ երազում են լավ կյանքի մասին:

Մի պահ մոռացիր այս բոլոր պատկերացումները, և մտածիր, թե ինչ ես թողնում հայրենիքում: Մտածիր, թե որքան կտուժի հայրենիքը՝ կորցնելով քեզ. չէ՞ որ դու ես այս երկիրը պահողը, չէ որ հենց դու ես այս երկրի տերը, երկիր կառուցողն ու, ցավոք, որոշ դեպքերում նաև երկիր քանդողը: Դու կարող ես լինել յուրաքանչյուր մարդ՝ զինվոր, հողագործ, արվեստագետ կամ էլ իշխանավոր, սակայն անկախ քո մասնագիտությունից ու զբաղեցրած դիրքից՝ դու հանդիսանում ես տվյալ երկրի քաղաքացի և պարտավոր ես ենթարկվել այդ երկրի օրենքներին, իսկ օրենք ընդունողը ևս դու ես:

Չնայած արտագաղթին ու երկրում տեղի ունեցող մյուս բացասական երևույթներին՝ ես հավատում եմ իմ ժողովրդին, հավատում եմ, որ մի օր շատերը, թողնելով օտարությունը, հետ կվերադառնան: Ես հավատում եմ, քանի որ տեսել եմ քառօրյա պատերազմ, տեսել եմ ներգաղթ, միասնական ժողովուրդ ու հայրենիքի համար կյանքը չխնայող երիտասարդներ:

Այս ամենից հետո չգիտեմ՝ դու ինչ որոշում կընդունես, բայց ես որոշել եմ չհեռանալ իմ հայրենիքից: Ես չեմ կարող հեռանալ այստեղից, քանի դեռ այս երկրի սահմաններին կանգնած են եղբայրներս, ես չեմ կարող հեռանալ, քանի դեռ հայրենիքն իմ կարիքն ունի, քանի դեռ պատերազմը չի ավարտվել: Ես հավատում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, ես հավատում եմ նաև քեզ, հավատում եմ, որ դու կմնաս իմ կողքին, և միասին կկառուցնեք մեր երազած հայրենիքը:

Ես չեմ հեռանա, իսկ դո՞ւ: