nina baghoyan portret

Ես Նինան եմ

Երկար ժամանակ լռելուց հետո որոշեցի գրել ու պատմել իմ մասին: Ես Նինա Բաղոյանն եմ, ծնվել և ապրում եմ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում:
15 տարի առաջ մեր ընտանիքում ծնվեցի ես: Ծնողներս ասում են, որ գեղեցիկ ու փխրուն փոքրիկ եմ եղել: Տատիկս ու պապիկս ինձ պատմում են, որ չարաճճի եմ եղել, չնայած դրան` լսող ու հասկացող: Փոքր ժամանակ սիրել եմ պապիկիս հետ գնալ մեր դաշտերն ու ձորերը, զբոսնել ժամերով և տուն վերադառնալ գիշերով… Ու այսպես ամեն օր խենթի պես անցավ իմ մանկությունը, որը կմնա հիշողությանս ամենավառ էջերում: Ամենաարկածային ու անհոգ տարիքս մնաց հետևում, ու եկան ավելի հասուն ու կազմակերպված ապրելու տարիները:
Սովորել եմ Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոցում` 9 տարի: Երբ մենք դասընկերներով պետք է իրար ավելի լավ ճանաչեինք, երբ պետք է ամրապնդեինք մեր համախմբվածությունն ու միասնականությունը, պետք է մեծանար մեր աշխարհայացքը, երբ նոր էր ձևավորվում ընկերական կոլեկտիվ հասկացությունը, մեզ բաժանեցին հարազատ դպրոցից` մեր երկրորդ ընտանիքից: Շատ էինք կապվել ու մտերմացել միմյանց հետ, ուսուցիչներն էլ մեզ շատ էին սիրում ու, այսպես ասած, «երես տալիս»: Չնայած մենք չենք մոռացել մեր դպրոցն ու այնտեղ անցկացրած լավ օրերը: Հաճախ ենք այցելում դպրոց և իրազեկ ենք առօրյա անցուդարձին…
Այնուհետև ընդունվել եմ քոլեջ` ծնողներիս խորհրդով: Սովորում եմ «Մենեջմենթ» բաժնում: Ինձ համար անսովոր է լսել ուսանող, լսարան, դասախոս բառերը:

Շատ եմ սիրում ասմունքել և հաճախում եմ ասմունքի խմբակ: Սիրում եմ գրքեր կարդալ: Երբ դպրոցում հարցնում էին`ազատ ժամանակ ինչով ենք սիրում զբաղվել, կամ ինչ նախասիրություններ ունենք, ես պատասխանում էի, որ սիրում եմ պարել ու գիրք կարդալ: Սակայն գիրք էի կարդում միայն ամառային արձակուրդներին` ուսուցչիս հանձնարարությամբ: Հիմա այդպես չէ, գիրք եմ կարդում մեծ սիրով ու մի անհասկանալի ցանկությամբ: Կարդում եմ հոգեբանախրատական և գեղարվեստական գրքեր…
Էությամբ հանգիստ, կատակասեր, «հարմարվող» անձնավորություն եմ: Փորձում եմ ժամանակից առաջ չընկնել ու շուտ չմեծանալ: Ես ունեմ մի մեծ վախ` կորցնել այն մարդկանց, ում շատ եմ սիրում: Փորձում եմ ապրել արդար ու ազնիվ կյանքով:

Իմ հասակակիցներն արդեն ընտրել են իրենց համար մասնագիտություն, իսկ ես` դեռ ոչ, քանի որ գիտակցում եմ, որ ապագայիս ծրագրերը կախված են այդ մասնագիտությունից: Ես հույսս դնում եմ Աստծո վրա:
Հիմա միայն խաղաղություն եմ ուզում ամբողջ աշխարհում: Չեմ ուզում լսել «զինվոր մահացավ» արտահայտությունը, չեմ ուզում տեսնել որդի կորցրած մայրերի արցունքից տրտմած աչքերը: Մնացել է միայն հավատը, որով մենք առաջ ենք շարժվում, ու պետք է փորձենք պահպանել այն: Ես շնորհակալ եմ այն զինվորներից, ովքեր իրենց կյանքի գնով պահպանում են մեր սահմանները: