elizabet harutyunyan

Ես նրան կսիրեմ

-Է՜, քեռի, բայց լավ աղջիկ ա՝ համեստ, սիրուն, խելոք։
-Չէ՛, ես ամուսնանալու նպատակ չունեմ։
-Ինչի՞։
-Էլիզա, քո կարծիքով մարդու ամենասրիկա արարքը ողջ կյանքի ընթացքում ո՞րն ա։
-Մարդասպանությո՞ւնը։
-Մարդածնությունը։

Իմ դեմքը խոժոռվեց, մայրս աչքերը չռած նայում էր եղբորը, իսկ մորաքույրներս, կարծես արդեն համակերպված եղբոր որոշման հետ, նայում էին հեռուստացույցին։

-Չէ, քեռի, դու սխալ ես, եթե կարծում ես, որ ճիշտ ես, պնդի՛։
-Էլիզա, նայի էս անարդար ու հիմար աշխարհին, պատկերացրու նրան, ում բոլորից շատ ես սիրում։ Մի՞թե նրան, ում սիրում ես, կուղարկես տանջանքի։ Էս աշխարհում չկա իմաստ, էս կյանքը դարձել ա փուչ խաղ։ Ես հիմա ունեմ հնարավորություն՝ ծնել, թե չծնել, ևս մեկ բանվոր տրամադրել էս աշխարհին, թե չէ։ Ես ծնվելիս չէի ընտրում՝ ծնվեմ, թե չէ, սակայն ունեմ չտանջելու հնարավորություն։ Ես էդ ստոր քայլը չեմ անի սիրելիի հանդեպ։ Էդ, որ ասում եք՝ կյանք նվիրեց մայրս ինձ, էդ մտածում եք՝ կյանքը լա՞վ բան ա։ Չէ՛, էս պատիժ ա, դե հիմա ասա՝ ինչի՞ էդպես դաժան պատժեմ նրան, ում սիրում եմ։
Իմ բերանը փակվեց, էլ բացելու հույս չունեի։ Թեման փոխվեց, եկա տուն։ Մտածմունքներից գլուխս չէր ազատվում:

Քեռի, իսկ դու որդեգրիր նրան, ով արդեն ծնվել է, ով դժբախտ է, ով մենակ է, մի ծնիր ևս մեկին էս դաժան աշխարհում, այլ տուր ծնվածներից մեկին էս կյանքի դաժանությունը քաղցրությամբ փոխարինելու հնարավորություն։ Էդ դեպքում դու սրիկա քայլ չես անի, այլ կանես ճիշտ հակառակը։