Ես ու բնության իմ սիրելի անկյունը

Լուսանկարը` WWF-Armenia

Լուսանկարը` WWF-Armenia

Նոյեմբերի 1-ն էր, մտանք Հերմոն համայնք (Վայոց Ձորի մարզ, Հայաստան): Պատճառը «Ես ու բնության իմ սիրելի անկյունը» էկո-ճամբարն էր, որի մասին տեղեկացել էի WWF-Armenia ֆեյսբուքյան էջից, լուսանկարչության մրցույթ էր հայտարարվել: Որոշեցի ես էլ մասնակցել, նաև տեղեկացնել ընկերներիս: Մի քանի օր առաջ զանգեցին, ասացին, որ մրցույթի բոլոր մասնակիցները կարող են մասնակցել ճամբարին, որը կլինի նոյեմբերի 1-ից 2-ը: Դե, քանի որ արձակուրդ էր, իսկ ես ոչ մի բան չունեի անելու, որոշեցի մասնակցել:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Իրավունք եմ վերապահում ինձ ասելու, որ Հերմոնը գյուղի կոլորիտը պահող համայնքների թոփ տասնյակում է: Հերմոնի բնությունը հրաշալի էր, գյուղի կողքով անցնելիս միայն հիանում էի:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Օր 1. Ծանոթացանք օրակարգի, կանոնների հետ, ապա բաժանվեցինք ջոկատների և գնացինք ճաշարան: Ճաշարանում մեր դիմաց նստած աղջիկը՝ Արշալույսը, որը Տաթև համայնքից էր, հետաքրքրված աչքերով պատմում էր.

-Երեխեք, որ անունս Արշալույս ա, իմացել էին, թե տղա եմ, գցել էին Հայկոյենց ու Մհերիկենց սենյակ, հետո ասացին, որ Իզայի հետ եմ, բայց որ գնացի սենյակ, Իզան Տաթևի ու Լիլիթի հետ սենյակներով փոխվել էր:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Մի լավ ծիծաղելուց ու ճաշելուց հետո գնացինք կոնֆերանսների դահլիճ, հետաքրքիր խաղի միջոցով ծանոթացանք բոլորի հետ: Ապա տեղեկություն ստացանք ՄԱԿ-ի գրասենյակի մասին, իսկ հետո ծանոթացանք «Կայուն զարգացման» նպատակներին: Տեղեկությունը ստանալուց հետո թիմերով խաղ խաղացինք և գնացինք արշավի: Այս անգամ՝ ուղղությունը դեպի Շատին գյուղ, որտեղ 2008թ.-ից բեզոարյան այծերին և արջերին դիտելու դիտարան է գործում: Պատեհ առիթը բաց չթողեցի, որոշեցի Մելիք Մաթևոսյանից՝ դիտարանի գաղափարի հեղինակից հարցազրույց վերցնել: Ի դեպ, դիտարանը իր տան ներքևի հատվածում է:

-Ե՞րբ է սկսել դիտակետը որպես էկոտուրիզմի գոտի ծառայել:

-2008թ.-ից, տուրիստները շատ են գալիս, այծերին են դիտում, եթե տեսաք՝ առանց հեռադիտակի էլ էին երևում, մի 200 մետր կլինի հեռավորությունը: Արդեն ժամն էլ գիտեմ, դուրս եմ գալիս, նայում: Այծերը բազմացել են, այ, էն մեկը, տեսնո՞ւմ ես, 2 ձագ կողքին…
Մեզ մոտ արջեր էլ են լինում, էն այգուս խաղողը իրենց համար է, էն ծիրանն էլ:

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

Լուսանկարը` Իզա Ասծատրյանի

-Իսկ չե՞ք վախենում արջին հյուրընկալելիս:

-Չէ, արդեն սովոր եմ: Գիտե՞ս՝ արջը մարդուն բան չի անում, խելոք ա, գալիս ա, ուտում, գնում: Հեսա մի ժամից գալու ա: Մի օր դմփդմփոց եկավ, դուրս եկա, տեսնեմ՝ արջը արդեն «բալկոնում» ա, բայց դե վնաս չի տալի, գյուղացիք էլ են սովոր: Դե, մեզ համար սովորական ա դարձել:

-Իսկ շա՞տ են լրագրողներ գալիս էստեղ, գրում:

-Հա, շատ են գալիս, գրում: Վաղն էլ, հեռուստատեսությունից զանգել են, պայմանավորվել, գալու են նկարեն:

Հետ վերադարձանք, գնացինք ընթրելու, որից հետո էլ անցանք կոնֆերանսների դահլիճ՝ խաղալու: Իսկ երեկոյան մի-մի բաժակ թեյ խմեցինք, ֆիլմ դիտեցինք ու քնեցինք:

Լուսանկարը` WWF-Armenia

Լուսանկարը` WWF-Armenia

Օր 2. Առավոտյան Գոհարի բնական զարթուցիչից արթնացանք: Դեռ աչքներս չբացած՝ դուռը թակեցին, մեր ընկերներն էին: Ճաշարանից հետո գնացինք կոնֆերանսների դահլիճ՝ «Ընձառյուծի և այլ խոշոր կաթնասունների պահպանությունը Հայաստանում» խորագրով դասընթացին, որը ներկայացրեց WWF Հայաստանյան ծրագրերի համակարգող Արսեն Գասպարյանը: Լուսանկարչության մրցույթի բոլոր մասնակիցներն ստացան շնորհակալագրեր, նաև կային 3 հաղթողներ՝ Լիլիթը, Իդան և Գևորգը, որոնք հատուկ նվերներ ստացան: Այնուհետև բոլոր ճամբարականները շնորհակալագրեր և նվերներ ստացան: «Arloopa» ծրագրի միջոցով ընձառյուծի հետ նկարվեցինք և ճանապարհվեցինք «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի այցելուների կենտրոն:

Լուսանկարը` WWF-Armenia

Լուսանկարը` WWF-Armenia

«Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի այցելուների կենտրոնում մի շարք տեղեկություններ ստացանք, ծանոթացանք այնտեղի գիշերակացի պայմաններին, ապա ուղևորվեցինք Ամաղու, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ, ֆոտոթակարդներ տեղադրեցինք, ծանոթացանք GPS սարքին, սովորեցինք դրանից օգտվել, հեռադիտակով նայեցինք բեզոարյան այծերին և վերադարձանք ճաշելու, որից հետո ճանապարհվեցինք մեր համայնքներ:
Այսպիսով, ճամբարն ավարտվեց:

Լուսանկարը` WWF-Armenia

Լուսանկարը` WWF-Armenia

Ճամբարի շրջանակներում մի շարք ընկերներ ձեռք բերեցինք, ֆեյսբուքով ընկերացանք, իսկ հիմա շարունակում ենք շփվել միմյանց հետ: Շնորհակալ ենք WWF-Armenia-ին նման հնարավորույթուն ընձեռելու համար: