Ես ու պապս և ընկերներս

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Լուսանկարը՝ Վալեր Հարությունյանի

Ես շատ եմ սիրում հանգստանալ ամառային արձակուրդներին: Հիմնականում գնում եմ քաղաք կամ սարը: Առավոտը շատ վաղ եմ արթնանում, մոտավորապես ժամը 5-ին կամ 6-ին: Լվացվում եմ, հագնվում և սկսում եմ մարզանք անել: Մոտավորապես ժամը 7-ին պապիկիս և եղբորս հետ գնում եմ հանդը` արոտավայր: Տանում ենք անասուններին արածացնելու: Շոգ օրերին ես, եղբայրս և պապիկս պառկում ենք ծառի տակ և մի քիչ քնում: Պապիկս անտառում մեզ պատմում է իր ջահել օրերի մասին, պատմում է, թե ինքը մեր տարիքում ինչ զվարճալի բաներ է արել: Հիմա էլ է պապիկս զվարճալի բաներ անում: Ես հիշեցի այդպիսի մի դեպք: Մի անգամ մենք անտառում էինք, և նա եղբորս ասաց, որ գնա տեսնի, թե անասունները ինչ են անում: Եվ պապս ինձ պատմեց, որ իր հայրն էլ իրեն էր ուղարկել անասուններին տեսնելու, երբ մեր տարիքում էր: Նա գնացել էր, փոխարեն հսկելու, սկսել էր կովին կթել: Մենք շատ ծիծաղեցինք:

Երեկոյան ժամը 6-ին կամ 7-ին նախիրը տանում ենք տուն: Ամառվա օրերին առավոտը, ավելի ճիշտ լուսաբացից առաջ` ժամը 4-ին գնում ենք ընկերներով մոշ հավաքելու: Մոշը հասնում է օգոստոսի 10-ից հետո: Մոշը հավաքելուց հետո այն վաճառում ենք և մեզ համար ուտելիք ենք գնում, կամ գումարը հավաքում ենք, որպեսզի դպրոցական պարագաներ գնենք:

Ամառը հաճախ ենք ընկերներով հավաքվում և գնում ենք անտառ ժամանակ անցկացնելու:  Շուտով աշուն է, սեպտեմբեր: Ես աշունը շատ եմ սիրում, քանի որ աշնանն եմ ծնվել: