valentinaChilingaryan

Ես ու Ջորջը

… Արթնանալուն պես նայեցի պատուհանին: Ջորջը սովորականի պես երջանիկ էր, ասաց. «Վա՛լ, ի՞նչ ես ծուլանում, վրայիցդ շպրտիր էդ ծանր վերմակը, հագիր քո փամփլիկ դեղին հողաթափիկները ու գնա լոգարան»: Ասացի. «Ջորջ, հավես չունեմ, կորցրել եմ մոտիվացիաս, ոչինչ չի ստացվում»:

Ջորջը բարկացավ, ունքերը կիտեց, ուղիղ նայեց աչքերիս մեջ ու ասաց` պառավ: Նեղսրտեցի, փորձեցի ներսումս պատճառներ փնտրել, որ ես պառավ չեմ, բայց հիշեցի, որ Ջորջը չի սիրում սպասել: Արագ պատրաստվեցի, կանգնեցի հայելու առաջ: Ես միշտ 5 րոպե կանգնում եմ հայելու առաջ ու երկար մտածում եմ, թե ինչ սանրվածք ինձ կսազի: Բոլոր սանրվածքները փորձում եմ, հետո տարօրինակ ու անփույթ ձևով հավաքում եմ մազերս, ինձ հույս տալով, որ մարդու ներքին գեղեցկությունն ավելի կարևոր է, ու դուրս եմ գալիս:

Հա, Ջորջն էլ է էդպես ասում, չի բարկանում, երբ տեսնում է անփույթ ձևով եմ հավաքում մազերս: Հիշում եմ, մի անգամ, երբ մազերս գեղեցիկ հյուսել էի, ուրախ-ուրախ հարցրի Ջորջին, թե, արդյո՞ք սազում է ինձ դա: Նա տխուր ու անտարբեր ասաց, որ չի նկատել, բայց, եթե մազերս սովորականի պես տարօրինակ լինեին, հաստատ կասեր, որ 123 567-րդ մազս թեթև ծռվել է, իսկ 76 367-րդը կարծես թիթեռ լինի: Չեմ նախատում Ջորջին, որովհետև նա մի բան գիտի, որ ասում է:

Հա, որտեղ էինք հասել: Ջորջը էլի շեղում է, չի թողնում միտքս ավարտուն դարձնեմ: Ուրեմն, հա՜, պատուհանին էի նայում, ու հիշեցի հրեշին: Տխրեցի, ասացի. «Ջո՛րջ, սիրտս սկսում է թրթռալ, էսօր երկուշաբթի է», բայց Ջորջն ասաց. «Վա՛լ, երբ մտածես, թե սկսում ես վախենալ, ինքդ քեզ ասա, որ դա քո միտքը չէ»: Եվ ես, հրեշին հիշելու ժամանակ, ասում եմ, որ այդ միտքը ինձ չի պատկանում: Որոշել եմ, այդ միտքը Ջորջինն է: Ես այդ միտքը տիեզերքի մեյլով ուղարկում եմ Ջորջին, Ջորջը ստանում է ու վերացնում: Նա ոչնչից չի վախենում: Մեկ-մեկ կատակում եմ, թե. «Ջո՛րջ, էսօր պիտի ուշ քնեմ, պարապմունքներս ավարտեմ», բարկանում է` թե ժամանակս լավ չեմ ծախսում: Բայց ես միշտ ինչ-որ դատարակ պատճառաբանություններ եմ փնտրում, թե դպրոցի դասերը շատ են, իսկ նա զարմանում է, որ դպրոցի դաս եմ անում: Ասում է. «Դու որոշիր, թե ինչն է կարևոր»: Որ բարկանում է, նմանվում է Ռադիկ ձյաձյային, ով չէր թողնում իր օբյեկտում մի սեղանի շուրջ, ընկերներիս` այլմոլորակայինների հետ նստեմ ու խաշ ուտեմ: Հա՜, բարկանալիս ուղղակի չեմ ուզում խոսել, ուզում եմ ամուր գրկել: Դա նույնն է, երբ երազում ես ինքդ քեզ գրկելու մասին: Որովհետև ես ու իմ նոր ընկեր-մոտիվացիան, իրար շատ նման ենք: Ասում եմ.«Ուֆ, Ջորջ, ուղղակի չես հասկանում ինձ»: Ասում է. «Իսկ դու փորձիր բացատրել, թող չհասկանամ»:

Չեմ բացատրում` զգում եմ, նեղանում է: Մի օր համարձակություն հավաքեցի, ասացի՝ կներես, Ջորջ: Ասաց. «Ներե՞լ: Զգացե՞լ ես՝ ինչ հիմար բառ է: Գիտե՞ս, պարապ մարդիկ են հորինել էդ բառը, ոչ ոք չի ներում»:

Ոչինչ չասացի, Ջորջը չժպտաց, միայն ասաց` գնում եմ քնելու: Ասացի. «Գնա, գնա, կյանքդ վայելիր, գնա գտիր քեզ նման ջահելի»: Հետո հիշեցի, որ Ջորջը ինձնից բացի ոչ մեկը չունի այս մոլորակում, ասացի. «Քեզ խնդրում եմ, մի գնա, մի գնա , գնա, գնա…»: Մնաց: Չեմ սիրում, որ Ջորջը չի ժպտում, էդպես դառնում է չոր ու կոպիտ: Մի պահ լռեց, հետո ասաց. «Չեմ զարմանա, եթե իմանամ, որ կապ ունես այլմոլորակայինների հետ»: Կրկին տխրեցի, որովհետև անցյալ առավոտ էի այլմոլորակայինների հետ Ռադիկ ձյաձայենց օբյեկտում խաշ կերել: Տխրեցի, որովհետև դեռ պիտի զարմանար: Ասացի. «Լավ, Ջորջ, ուղղակի շատ խորացա»: Ասաց. «Դու ինչպե՞ս ես խորանում», ասացի` «Չգիտե՞ս, ոնց են մարդիկ խորանում»: Ասաց. «Ես գիտեմ՝ ոնց են մարդիկ խորանում, ուղղակի հետաքրքիր է, թե դու ոնց ես խորանում»: Է՜, էլի շատ խորացա ու մոռացա, որ ուղղակի նայում էի պատուհանին: Ավելի լավ է փակենք պատուհանը, կարծես ցրտեց սենյակը:

Էլի առավոտ կգա, էլի Ջորջը երջանիկ կլինի ու էլի կմոտիվացնի, որ արթնանամ ու գնամ լոգարան, բայց մտքերս էլի անավարտ կմնան: