nelli goginyan

Ես չեմ սիրում դպրոցը

Ես չեմ սիրում դպրոցը՝ չնայած նրան, որ ավարտական դասարանում եմ:

Ես շատ հիշողություններ ունեմ կապված դպրոցի ու դասերի հետ։ Ո՞վ չունի։ Բայց ես 12 տարի շարունակ մտել եմ դպրոց տհաճությամբ։

Ինչո՞ւ ես չեմ սիրում դպրոցը։ Դպրոցում մեզ չեն սովորեցնում, թե ինչպիսին է մեծ կյանքը, այն դեպքում, երբ դպրոցն է մեզ մեծ կյանքին նախապատրաստում։ Սարսափելին այն է, որ մեզ հետ աշխատում են տարիքով մեծ մարդիկ՝ կյանքի որոշակի փորձով, ու նրանք մեզ ստիպում են ունենալ սահմանափակ մտածելակերպ։ Օրինակ՝ գրականության ժամին մեզ հանձնարարում են վերլուծել ստեղծագործության կերպարներին ու գրել մեր կարծիքը։ Երբ մենք մեր կարծիքը գրում ենք ինչ-որ կերպարի վերաբերյալ, մեզ նախատում են նման կարծիք ունենալու համար ու ստիպում են մտածել այնպես, ինչպես իրենք են մտածում, ու մեր ուղեղն էլ են դարձնում սահմանափակ։ Կոտրում են մարդու ստեղծագործելու տաղանդը՝ ասելով, որ բանաստեղծության հանգավորումը չի ստացվել, ու խորհուրդ են տալիս թողնել գրելը։ Բայց չէ՞ որ միտքը սահմաններ չի ճանաչում, ինչպես երկինքը։ Միտքը լիքն է նոր գաղափարներով ու ֆանտաստիկ երևակայություններով, ինչպես գիշերային երկինքն է լի գունազարդ աստղերով։

Դպրոցում մեզ չեն սովորեցնում, որ պետք չէ մարդկանց անձնուրաց նվիրվել, քանի որ վտանգավոր է։ Նվիրումն էլ է մի օր բերում կործանման։ Մեզ սովորեցնում են, որ հարկավոր է շատ գիրք կարդալ խելացի լինելու համար, բայց չեն սովորեցնում, որ գրքային աչքերով կյանքին նայելը սխալ է։ Իրականի ու գրվածքի մեջ տարբերություններն ահռելի են։

Ուսուցիչները մեր ընկերնե՞րն են, ո՛չ, նրանք պարզապես «դասատու» են՝ դաս տվող ու տվածից ավելին պահանջող, երբեք մեզ չհասկացող, կեղծ ժպիտով մարդիկ։ Իսկ մենք այնքա՜ն ունենք իրական ժպիտի կարիք։ Բայց չէ՞ որ ուսուցիչը պետք է կարողանա աչքեր կարդալ ու ընկեր լինել։ Միգուցե դասարանում «սրտից հիվանդ» երեխա կա (ես արատները նկատի չունեմ), միգուցե մեկի թևերն ամբողջությամբ կոտրված են (ու պետք չէ ասել, որ մարդը թևեր չունի), միգուցե մեկի հոգին գունավոր է, բայց նրա աչքերը այն թաքցնում են (ու չառարկե՛ք, մարդն իր ներսում ծիածան է ունենում)։

Ես գտնվում եմ իմ կյանքի ամենապատասխանատու տարիքում ու պետք է ընտրեմ ողջ կյանքի համար մասնագիտություն, իսկ ուսուցիչները կողքից նայում են ինձ, լսում իմ որոշումը ու ծիծաղում են մտքում։ Մինչդեռ նրանք՝ որպես իմ մեծ, պարտավոր են ինձ ճիշտ կողմնորոշել։ Այս տարիքում ես հիվանդ եմ արևի ու դեղինի, իսկ որևէ ուսուցիչ դպրոցում կարո՞ղ է բացատրել, թե ինչու է մի աղջիկ՝ անփայլ աչքերով, հիվանդ արևի։ Դժվար թե ասեն, բայց ես կպատասխանեմ. դպրոցում զգացած ջերմությունը չի տարբերվում դպրոցի պատերի սառնությունից, իսկ ես ջերմության կարիք ունեմ։ Ու ինձ նման, բոլորն էլ ունեն այդ ջերմության կարիքը։

Ես չեմ սիրում դպրոցը։