Sargis Melkonyan

Ես պատրաստ եմ լսել քեզ

Հիմա այս մաքուր էջի վրա ուզում եմ ինչ-որ բան գրել, ինչ-որ բան ասել, որ կթեթևացնի վիճակը, բայց վախենում եմ, որ ամեն բառն ավելի մոտիկ կտանի անդունդին։

Ես պարզապես ուզում էի ազնիվ լինել ամենահոգեհարազատ մարդու հետ, բայց մտքիս ծայրով էլ չէր կարող անցնել, որ այսպես կլինի:

Ինչ-որ ներողությունների ալիք անցավ, արցունքի կաթիլներ, որ հետո վերածվեցին ջարդուփշրվածության, կոտրտվածության, ընդհատվածության․․․

Չէի ուզի ասել, որ կուզեի ժամանակը հետ տալ, բայց չէի էլ ցանկանա, որ այսպես ստացվեր։ Չէի ուզի, որ ամեն խոսքս ինչ-որ դաժան բան դառնար քեզ համար, որ հիշողությունների ու մտածմունքների մեջ չընկնես, որ․․․

Ես պարզապես ամենաշատն եմ ցանկանում, որ ժպիտդ ի վերջո դադարի թաքցնել տխրությունը, որովհետև դու արժանի ես դրա իրական ու պարզ լինելուն, դու արժանի ես երջանկության՝ ամենաիրականին, որովհետև․․․

Դու նա ես, ով ձեռքս պինդ բռնած օգնեց քայլել մի ճանապարհով, որից շեղվելը խաղ ու պար էր և որից շեղվելը կործանումն էր։

Դու այն անսահման տարածությունն ես, որտեղ ես ազատ անկում կարող եմ ապրել, երբ աշխարհում ամենաշատը դրա կարիքն ունեմ։

Դու նա ես, ով լուռ լսեց, լսեց մինչև վերջ ու չմեղադրեց (թեև արժանի էի), ով առաջինն էր, որ ձեռք մեկնեց ու եկավ ինձ հետ։

Դու նա ես, ում բաց շագանակագույն աչքերը ինչ-որ արտասովոր տխրություն են կրում, բայց դիմամաշկը ժպտում է անընդհատ։

Դու նա ես, ում անունն իմ շուրթերին միշտ ժպիտի է վերածվում, որովհետև իմացությունը, որ աշխարհում դու կաս, ինչ-որ վստահություն է, որ դառնում է ինքնավստահություն։

Եվ վերջապես, դու նա ես, ում կարիքն աշխարհում երևի ամենաշատն ունեմ, ու կներես, բայց առանց քեզ հարցնելու՝ ես վաղուց քեզ իմ մի մասնիկն եմ համարում, հարազատս։

Այս էջի վերջում, որ այլևս մաքուր չէ, ես ուզում եմ ասել, որ պատրաստ եմ քեզ օգնել, պատրաստ եմ քեզ լսել մինչև վերջ, մինչև վերջ լինել կողքիդ։

Պարզապես դու պիտի ցանկանաս։