im tarva mardy

Իմ «Տարվա մարդը». Ես պարտվողը չեմ

P1050404

Աշխարհում շա՜տ լավ մարդիկ կան, որոնք իրենց ապրած ամեն օրով արժանի կլինեին «Տարվա մարդ» տիտղոսին: Այդ մե՜ծ աշխարհին հակադիր՝ կա իմ փոքրի՜կ աշխարհը…

Մեքսիկացի աշխարհահռչակ նկարչուհի Ֆրիդա Կալոն ասում էր. «Ես նկարում եմ ինքս ինձ, որովհետև ես շատ հաճախ եմ միայնակ լինում ու որովհետև ես միակ բանն եմ, որն ամենից լավ եմ ճանաչում»:

Ես կգրեմ իմ աշխարհի մասին, որը թերևս ամենալավը գիտեմ միայն ինքս:

Եվ ահա տարեվերջյան գագաթից հայացք ձգելով անցած ճանապարհիս, փորձում եմ որոշել «Տարվա մարդ» տիտղոսի հավակնորդին: Նրան, ով անգնահատելի դեր ու մեծ ներգործություն է ունեցել կյանքիս վրա, մի խոսքով՝ իմ «Տարվա մարդը»:

Գտա, բայց երկար ժամանակ չէի կարողանում գրել. գուցե ասելիքն էր շատ, իսկ գուցե ոչինչ չկա՞ր ասելու: Զգացմունքներս պարզապես չէին կարողանում բառեր դառնալ ու ամեն անգամ աչքերումս արցունքներ դառնալով՝ ակոսում էին այտերս:

Ես երբեք չեմ գրել քո մասին: Գուցե երբեմն ինձ թվացել ես սառը, նաև անտարբեր, այնինչ քո կարծր բնույթի տակ, քո սառնաշունչ կրծքի տակ բաբախել է մի սիրտ՝ համակ նվիրվածությամբ ու սիրով լեցուն:

Հայրիկ, քո մասին եմ ուզում խոսել, քո փափուկ սրտի, քո անծայր սիրո մասին դեպի քո փոքրիկ, չարաճճի աղջնակը, որ ծնկներիդ թռվռալով վայելեց մանկությունը մեր խնձորաբույր այգու մեջ, մեծացավ, բայց քեզ համար մնաց նույն փոքրիկ ճուտիկը:

Պապ, քո յուրահատուկ աղջիկը (ինչպես դու էիր նախանշում) մի՜ քիչ մեծացավ, մի պահ թվաց, թե հեքիաթն ավարտվեց, երբ ցրվեց անհոգության վարդագույն մշուշը, աշխարհը երևաց մերկ, կոպիտ ու կեղծ:

Ու սկսեցի հարմարվել կյանքին, երբ շատերի հեռացումը տեսա ու հասկացա, որ պահելն ավելորդ է, որ նրանք պարզապես  չընդունեցին ինձ: Ի՞նչ անեի, բարի ճանապարհ մաղթեցի բոլոր գնացողներին, ինձնի՛ց գնացողներին, պահելով միասին ապրած գեղեցիկ պահերի հուշը: Իսկ եղավ ճիշտ ասվածի պես՝ ականջներումս դեռ չմարած փակվող դռների շխկոցը, տեսա նորաբացներից ճառագող լույսն ու շարժվեցի առաջ:

Իսկ դու… Չհեռացար: Մեր բազմաթիվ վեճերի արդյունքում մենք այդպես էլ չհասկացանք իրար, իմ «ազատամիտ» գաղափարները քո «կյանքային» փորձի հետ չմերվեցին, բայց քո սիրո լայն ափերն իրենց գրկում պահեցին ինձ, փայփայեցին արյունոտ ոտքերս, հողմածեծ գլուխս շոյեցին… Իմ տխուր օրերի ընկեր, իմ ուրախ օրերի հավատ, իմ անշղարշ հույս, որ միշտ հովանուդ անդորրավետ ստվերն ես տարածել վրաս, պաշտպանել փոթորկաբեր քամիներից, գուրգուրել…

Պապ, գիտեմ, որ սիրտդ դեռ մղկտում է վերքերիս ցավից, անդունդները թվում են անտակ, իսկ լույսը՝ հեռու…  Ուզում եմ ասել՝ ամրացրու հոգիդ, ներիր պատճառածս վշտերի համար, և թող աչքերս այրվեն արցունքներից, շուրթերս կծկվեն ատամներիս տակ, ես սեղմում եմ բռունցքներս, հայրիկ՝ ես պարտվողը չեմ…