karine nahapetyan

Ես սկսել եմ նեղանալ իմ երկրի համար

Վերջերս Եվայի հետ Հրազդանի դրամատիկական թատրոնի տնօրենի հետ թատրոնում նստած խոսում էինք: Եվան ասաց, որ գնում է Ամերիկա մի տարով: Պարոն Սարգսյանը հարցրեց, թե արդյո՞ք ծնողները դեմ չեն կամ, ասենք, կհարմարվի Եվան Ամերիկայում: Դե, Եվան էլ ասաց, որ զուտ սովորելու համար է գնում: Ես ուշադիր նրանց էի լսում ու շատ կտրուկ ասացի.
-Ուզում եմ ապրել ու մնալ Հայաստանում:
-Հալալ ա քեզ,- պատասխանեց պարոն Սարգսյանը:
-Ու հա, ես ուզում եմ հենց մեր գյուղում ապրել:
-Կարինե ջան, քո բախտը բերել ա, որ դու գյուղում ես ապրում. բոլոր մարդկային խառնվածքները քո աչքի առաջ են, կարող ես վերլուծել, գրելիք դարձնել, իսկ ի՞նչ անի այն երեխան, ով ծնվել է քաղաքում և իր ողջ կյանքում իր շենքի դիմաց որևէ հյուրանոց պիտի տեսնի: Չէ, հաստատ իմացած եղիր, որ բախտդ բերել է:

Հավատացեք, որ մեր քաղաքում լիքը խնդիրներ կան, որոնց մասին, վստահ եմ, դեռ շատ կխոսվի, դե, բնական է: Չկարծեք, թե ես դրանք չեմ տեսնում կամ չեմ խոսում դրանց մասին, բայց էդ ամենը չի խանգարում, որ ես իսկապես սիրեմ ու ձուլվեմ գյուղաշխարհին կամ, առհասարակ, քաղաքին:
Բայց սրա հետ զուգահեռ քայլում է մի այլ երևույթ. Ռուսաստանից ամառը հյուր եկած դեռահասների մի ստվար զանգված կա, ովքեր մեզ հարցնում են՝ ո՞նց եք էստեղ գոյատևում, ո՞նց եք սովորում եմ մի դպրոցում, որտեղ ճաշարան, դռնապահ կամ նորմալ պայմաններ չկան: Սկսում են զարմացած քեզ ն այել ու դրանով իսկ հասկացնել, որ, չէ, ինքը էստեղ չէր ձգի: Նման դեպքերում եմ ես հարցնում եմ՝ հայերեն գրել-կարդալ գիտե՞ս, տեղյա՞կ ես՝ ինչեր են կատարվում երկրի ներսում կամ, առհասարակ, երկրի հետ:
Հետո սկսում եմ քրքրել իրեն. տարբեր հարցեր եմ տալիս արվեստից, գրականությունից, գրքերից, ֆիլմերից ու հասկանում եմ, որ էս էրեխեն իր դպրոցից դուրս բան չգիտի, իր Black star-ից էն կողմ ոչ մի ճաշակով երգչի կամ խմբի չի ճանաչում, գրքեր չի կարդում, նորմալ ֆիլմեր չի դիտում, բայց դրա փոխարեն մարդը Հայաստանին «անտեր երկիր» պիտակն է կպցրել:

Անկեղծ եմ ասում, ես նման մարդկանց առաջ ինձ երբեք ու երբեք վատ չեմ զգացել: Որովհետև արի ու տես, որ իրենց ասած «անտեր երկրում» կամ, ինչպես իրենք են ասում, «քոսոտ» գյուղում մարդ կարող է զարգանալ, աճել, ճաշակ ձևավորել…
Ինձ պետք չեն իրենց ռուսաստանները և ամերիկաները, ինձ պետք են այն ճամփաները, որոնք ինձ միշտ տանելու են դեպի մեր տուն:
Ես սկսել եմ նեղանալ իմ երկրի համար և այն երազանքների համար, որոնք պետք է ու պիտի հենց էս երկրում իրականանան: