mariam tonoyan

Ես սովորեցի տեսնել

Աշխարհն անսահման է, անծիր, անսկիզբ ու անվերջ, կանխատեսելի ու առեղծվածային… Մարդը, ով աշխարհ է գալիս այն բացահայտելու համար, հաճախ ձեռնունայն էլ վերադառնում է, երբեմն կարողանում է բացահայտումներ անել, իսկ հազվադեպ՝ նրա մի մասնիկն է դառնում։ Մարդը հասկանում է, որ արժե մտածել իր գոյության, կյանքի, աշխարհի, լավի ու վատի, ճշտի ու սխալի մասին, երբ բախվում է մի անլուծելի, անհասկանալի, տանջող խնդրի, որի լուծումն անորոշության մեջ է։ Այդժամ ինքն էլ սկսում է կասկածել թվացյալ դոգմաներին ու աքսիոմներին, կասկածում է տիեզերքի անծայրածիր լինելուն, հարաբերականության տեսությանը, բոլոր ճշգրիտ գիտություններին, հստակ բանաձևերին, չգրված օրենքներին ու կանոններին, բոլոր ընդունված կարծիքներին, անգամ 2+2=4-ի ճշմարտացիությանը։ Իսկ երբ կասկածում ես,  նշանակում է՝ մոտենում ես ճշմարտությանը, այն մեծ իմաստությանը, որը քո ներսում է թաքնված, իսկ քո առաքելությունն է` ողջ կյանքիդ ընթացքում բացահայտել այն։

…Աշնանը Ղրիմի «Արտեկ» ճամբարում էի: Ես նրա հետ այնտեղ ծանոթացա: Մեր առաջին հանդիպման ժամանակ նա անխոս իր ափերի մեջ առավ երկու ձեռքս ու սկսեց շոշափել, հասկանալ ձեռքերիս կառուցվածքը, զգալ ջերմությունն ու ամենայն  նրբանկատությամբ՝ մատնահետքերս մտովի գծագրել։ Ես անշարժ կանգնել էի նրա առջև ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում։ Նրա տարօրինակ ու անսովոր այդ շարժումն ինձ շփոթության մեջ էր գցել։ Մատներս առանձին-առանձին ուսումնասիրելուց հետո բաց թողեց ձեռքս և վերջապես խոսեց.

-Ուրախ եմ ճանաչել քեզ, Մարիամ։ Անունս Անաստասիա է։

Նրա ձայնը ցածր էր, բայց հնչեղ ու լսելի։ Այդպիսի ձայն ունենում են ուժեղ բնավորությամբ, համառ ու ազդեցիկ մարդիկ, լավագույն հռետորները։

-Ես չեմ տեսնում,- անսպասելի շարունակեց նա՝ մեղմ ու անկաշկանդ ժպիտով,- երբեք չեմ տեսել։ Մարդկանց ձեռքերն ինձ շատ բան են ասում նրանց մասին, իսկ ձայնի միջոցով նրանց արտաքինն եմ պատկերացնում։

Ես ցանկացա խոսել, ասել ինչ-որ բան՝ պարզապես ասելու համար, որ չլռեմ այդ խոսքերից հետո,  բայց բառեր չգտնելով, ուղղակի բռնեցի նրա ձեռքը։ Ժպտաց։ «Ուժեղ մարդ է»,- մտածեցի ես։

Նրան հասկանալը դժվար չէր, նա չուներ կոմպլեքսներ, ինչպես ես։ Կյանքի մասին նրա պատկերացումներն ավելի հարուստ ու լավատեսական էին, ապրելակերպն՝ ավելի ակտիվ ու բազմաբնույթ։ Անաստասիայի հետ իմ ծանոթությունն ստիպեց ինձ մտածել ոչ թե իրերի կառուցվածքի, այլ էության ու բնույթի մասին։ Աշխարհի կառուցվածքը գուցեև բոլորի համար նույնն է, բայց նրա բնույթն ու ընկալումը միշտ տարբեր է։ Ես հասկացա, որ նրանից շատ բան եմ սովորելու…

Հաջորդ մեր շփումների ժամանակ նա էլ չէր շոշափում ձեռքերս։ Բավական էր կողքին կանգնել, և նա շնչառությունիցդ իսկույն կնկատեր՝ ով է իր կողքին։ Բավական էր դիպչել ձեռքին և հպումդ կմատներ քո ով լինելը։ Բավական էր մի բառ ասել, և նա իսկույն կտար քո անունը։

Նա սիրում էր անվերջանալի հարցեր տալ (երևի այդպիսով լրացնում էր այն ինֆորմացիայի պակասը, որը մարդը տեսնելով է ստանում): Մի անգամ Անաստասիան հարցրեց.

-Դու աղմու՞կն ես նախընտրում, թե՞ լռությունը։

-Լռությունը,-պատասխանեցի ես ու նույն հարցը նրան ուղղեցի։

-Ես աղմուկ եմ սիրում։ Ուզում եմ անվերջ զգալ մարդկանց ներկայությունը, խոսել նրանց հետ, կապվել նրանց…

Կյանքը հոսում էր նրա երակներում, նրա ժպիտից արև էր ծորում։ Նա խմբի հետ և՛ պարում էր անթերի, և՛ մեծ ձեռքբերումներ ուներ թատրոնում (ընկերները պատմում էին, որ մի քանի փորձը բավական է, որ Անաստասիան ճիշտ ժամանակին բեմ դուրս գա և խաղա պրոֆեսիոնալի նման՝ զգացնել չտալով իր տեսողական խնդիրը), իսկ երգեր սովորում էր մեկ անգամ լսելով և երգում սոխակի պես մաքուր ու հնչեղ։ Կարողանում էր ինքնուրույն կարդալ ու գրել բրալյան այբուբենով, հետևաբար՝ զբաղվում էր նաև լրագրությամբ, միայն թե ինչ-որ տեղ գնալու համար, նրան ուղեկցորդ էր հարկավոր։ Այդ հարցում ես միշտ պատրաստ էի, որովհետև գնալով հասկանում էի, որ կյանքը նա տեսնում է այնպես,  ինչպես պետք է որ այն լիներ և ոչ թե այնպես, ինչպես այն կար։ Անաստասիան ինձ սովորեցրեց տեսնել։ Ես տեսա արևը, տեսա ծովը, տեսա բնությունն իր հրաշալիքներով, որոնք քանի որ միշտ մնայուն ու մեր աչքի առաջ են, մենք երբեք չենք տեսնում։ Այո՛, նայում ենք, բայց չե՜նք տեսնում, չե՜նք նկատում։ Նա դարձավ իմ անլուծելի հանելուկը, մտածմունքներիս առարկան, որը պետք է ինձ ինչ-որ կարևոր բացահայտման հանգեցներ։ Ես բացահայտեցի, որ տիեզերքի մասին բոլոր կանխատեսումները, պատմության բոլոր Էյնշտեյններն ու մաթեմատիկոսները, բոլոր օրենքները ստել են մեզ։ Դրանք հղկել, փոփոխել, շրջել են մեր աշխարհը։ Որովհետև աշխարհն այն չէ, ինչն ապացուցված ու կանոնակարգված է, այն չէ, ինչը մենք չափում ենք հազարավոր կիլոմետրերով կամ լուսատարիներով, աշխարհն այլ վայրում է՝ մեր ներսում, որը տեսնում է Անաստասիան, բայց չենք տեսնի մենք, որովհետև մենք տեսնում ենք աչքերով, իսկ նա՝ սրտով։