lida armenakyan

Ես սև կատու եմ

Ես սև կատու եմ՝ անհաջողությունների տոպրակ:

Իմ սիրտը րոպեում կատարում է մոտ 130 զարկ, այսինքն՝ երկու անգամ ավելի, քան մարդու սիրտը: Ես երևի երկու անգամ ավելի եմ ապրում, քան մարդը և խոսքը բացարձակ տարիքի բազմապատկման մասին չէ: Ինձ անիմաստ պետք չէ ծերանալ, որովհետև ես պահեստային 9 կյանք ունեմ: Ու կապրեմ մնացած 8 կյանքերը, իսկ այ դու կմահանաս փոթորիկի ժամանակ: Երևի: Հաստատ: Չէ, սա բոլորովին երեք գլխանի ու թևավոր անեծք չէ: Դու փոթորիկի ժամանակ կմահանաս, եթե վատ վերաբերվես ինձ: Չնայած մեր իրականությունում մենք առհասարակ չենք վերաբերվում իրար: Ուրեմն չես մահանա: Կարող եմ հանգիստ շունչ քաշել: Երևի: Հաստատ:
Ես հուսով եմ, որ դու չունես այլուրոֆոբիա, այլ կերպ ասած՝ վախ կատուներից: Հուսով եմ՝ չունես այլուրոֆոբիա, որովհետև ես ուզում եմ՝ ինձ սիրես: Պահիր ինձ քո փայտե տնակում, որը էս մոլորակի մյուս ծայրին է: Սա խնդրանք է և ոչ հրաման: Ես ընտիր կողակից կարող եմ լինել: Գտիր ինձ Բամբիռի քարաշեն ու շքեղ դղյակի ներսում, ես էնտեղ վազվզող սև կատուն եմ, այլ ոչ դիցուհին: Ցավոք: Երևի: Հաստատ: Հա, ինչ էի ասում, ինձ պահիր քո փայտե տնակում, էնտեղ մենք կլինենք միասին ու մենակ: Տնակում մենք կերգենք whenever I’m alone with you տողը մի հազար անգամ, ավելի ճիշտ, դու կերգես, ես՝ կմլավեմ: Ես անձրևին դուրս չեմ գա, որ հետո չկեղտոտեմ տունդ, լիքը սիրելով անձրևը: Ես տոնածառդ շուռ չեմ տա, որ խաղալիքների հետ հանկարծ սիրտդ չփշրեմ: Ես, ատելով խոստումներ տալը, խոստանում եմ՝ տունդ տակնուվրա չեմ անի: Ես շատ խելոք կպահեմ ինձ, միայն թե դու պահիր ինձ քո սրտում, մտքում, հիշողություններում ու էլ որտեղ կուզես: Ու վերջում, ես կկորչեմ մեր փայտե տնակից ու քո կյանքից, երբ դադարես իմ մասին մտածել, հոգ տանել իմ մասին, գրկել ու սիրել, երբ դադարեմ քոնը լինել, երբ լուսնի մահիկը դադարի ժպտալ, երբ Սիրիուսը դադարի փայլել՝ լինելով ամենապայծառ աստղը, երբ ես, ի վերջո, դադարեմ Զեմֆիրա լսել… Այսինքն երբե՞ք: Երբեք, երբեք: Երևի: Հաստատ:
Ես սև կատու եմ՝ սենտիմենտալության ճիչ: