valentina chilingaryan ararat

Ես Վալենտինան եմ

Ողջու՜յն, ես Վալենտինան եմ Արարատի մարզի Ավշար գյուղից: 16 տարեկան եմ: Սովորում եմ տասներորդ դասարանում` գերազանց առաջադիմությամբ:  Հետաքրքրված եմ սպորտով, արվեստով և բնական գիտություններից`  կենսաբանությամբ: Ունեմ ծով հետաքրքրություններ: Օրինակ` տանը զբաղվում եմ հյուսվածքային կուլտուրայով: Այն տարվա բոլոր եղանակներին բույսեր բազմացնելու լավագույն միջոցն է, որը նպատակահարմար է հազվադեպ հանդիպող տեսակների և դեղաբույսերի բազմացման համար: Վերջերս ավարտեցի Պանարմենիան Մեդիա դպրոցի 6-ամսյա կուրսը: Ասում են, որ ունեմ հիմնական նախադրյալները լավ լրագրող-հաղորդավար դառնալու համար: Բայց իրականում չեմ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Դե դեռ շուտ է: Չէ՞ որ դեռ երկու տարի ժամանակ ունեմ հստակ որոշում կայացնելու համար: Գուցե գրող, կամ լեզվաբան, կամ կենսաբան, կամ բժիշկ, կամ, ինչու չէ, քաղաքական գործիչ որոշեմ դառնալ: Դե, վերջինը կատակ էր: Կես կատակ, կես լուրջ: Կարծում եմ անկախ մասնագիտությունից, ամեն ոք պետք է լինի կրեատիվ: Գնահատի այն, ինչ ունի և ձգտի այն ամենին, ինչ չունի: Կյանքում ցանկացած երազանք իրագործելի է: Թեպետ իրագործելի է դառնում միայն այն ժամանակ, երբ մենք երազանքը վերածում ենք նպատակի: 17.am -ի մասին իմացա եղբորիցս` Հովհաննես Ղուլիջանյանից, ով արդեն թղթակից է և հասցրել է հաջողություններ գրանցել: Գրեթե ամեն օր խորհուրդ էր տալիս, որ ես էլ միանամ Հայաստանի պատանի լրագրողների ցանցին: Շատ ուրախ եմ, որ առաջին անգամ լսեցի նրան և համոզված եմ, որ ճիշտ եմ արել: Իսկապես հիանալի է, երբ քո երկրում կա մի ԹԻՄ, որի առաքելությունն է՝ միավորել բոլոր պատանի լրագրողներին: Իզուր չէ, որ թիմին հատուկ է «ՄԱՆԱՆԱ» անվանումը: Առաջին հոդվածի համար այդքանը: Խոստանում եմ, որ սրանով ոչինչ չի սահմանափակվի, այլ կլինի շարունակական: