Nare Varujani

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո (մաս 2)

Երբ անծանոթ լինենք, լինենք օտար,
Ու հանդիպենք մի օր պատահական,
Դու պատմիր, թե աշխարհում ինչ գտար,
Ինձնից հետո ինչ էր քո ապագան։

Տարիներ հետո կանգնենք դեմ դիմաց,
Ու հարցիս ի պատասխան դու լռես,
Ափսոսանքով նայես դեմքին իմ թաց.
Ոչի՜նչ է գտածդ, դու էլ գիտես…

Այդժամ գուցե կեղծ ժպիտով ժպտամ,
Աչքերիդ նայեմ հաղթողի դեմքով,
Մի վերջին անգամ լռեմ ու գնամ
Տարիների քո «գտածի» հետքով.․.

***

Ինձ ու քեզ բաժանում է մի Այսօր,
Դու իմ երեկվա անցյալ
ու վաղվա ճակատագիր.
«Այսօր» երբեք դու չկաս։

Դեռ երեկ մենք երջանիկ էինք.
Արև էր ու բերկրանք,
Մի կարճ վայրկյան մենք հավերժ էինք.
Ցնորք էր ու խաբկանք…
Կուրություն էր ավելի,
Քան թե կույր հավատ,
Թռիչք էր թերի,
Անթև ու կիսատ։

Երեկն էր մեր «հիմա»-ն,
Ու չկար մեր «հետո»-ն
Հետոն բերեց մի հարց միայն.
երջանի՞կ էինք , թե՞ հիմար…

Վաղը
Մի անծանոթ կայարանում,
Դու կսպասես մեր գնացքին,
Որ դեպի երեկ է տանում։

Բայց գնացքն այդ, սիրելի՛ս,
Երբեք չի՜ գալիս։
Այդ մե՛նք ենք մենակ այս աշխարհում,
Որ կանգնել ենք կյանքի մեջտեղում,
Եվ արանքում երեկվա ու վաղվա
Մեզ հավերժ բաժանում է մի Այսօր։

Իսկ ես
Ինչ-որ անտարբեր քաղաքում,
Կփնտրեմ մեր հին գնացքը,
Որ դեպի վաղն էր ընթանում։

Բայց գնացքն այդ, սիրելի՛ս,
Երբեք չի՜ կանգնում,
Այդ մե՛նք ենք մենակ այս աշխարհում,
Որ իրար գտնում ենք վաղը,
Կորցնում երեկ,
Ու ոչ մի Այսօր չենք ապրում մենք։

 

Իմ բոլոր այսօրներում դու չկաս,
Ու թվում է, թե
Երեկվա ու վաղվա արանքում
Մի դատարկ Այսօր հավերժ բաժանելու է մեզ…

***

Երբ մի օր մենակ,
Աշխարհից թաքուն
Արտասվես անքուն,
Հիշի՛ր, որ ես կամ։

Երբ մի օր անձայն,
Ամենքից հոգնած
Դառնանաս հանկարծ,
Հիշի՛ր, որ ես կամ։

Երբ մի օր արբած,
Կարոտով կրկին
Երազես մեկին,
Հիշի՛ր, որ ես կամ։

 

Երբ մի օր ցավով
Մեր անցած ուղին
Ավանդես հողին,
Հիշի՛ր, որ ես կամ։

***

Մի անփույթ վայրկյանի
Վեճի բոցում տաքացած`
Առագաստը մեր նավի
Մենք պոկեցինք բարկացած։

 

Մի կապույտ օվկիանի
Լաջվարդ ծոցում թողնված`
Դեռ լողում է մեր նավի
Վերջին բեկորն օրհնված։

***

Աշնան քամու խաղին
Մի տերև մատնվեց,
Հագավ շորը դեղին,
Իրեն քամուն տվեց։

Քամին սուլեց դավով,
Հնչեց պարի նոտան,
Ու թև թևի տալով`
Վալսի սիրտը մտան։

Քամին գինու կումով
Արբեցրեց տերևին,
Տերևը սոսկումով
Թիկնեց մայթի թևին։

Իսկ ի՞նչ եղավ հետո.

Հետո մայթով այդ նույն
Դու անցար անտարբեր,
Հարբած տերևն իսկույն
Փշրեցիր անհամբեր։

Այսպես մեռավ մի օր
Խաբված տերևը հեգ,
Եվ ո՞վ էր մեղավոր,
Դու՞ , թե՞ քամին այն նենգ ։