Nare Varujani

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո

Դու իմ հականիշը եղար ամեն անգամ.
Չհամընկան մեր ժամանակները երբեք.
Իմ օրերը քեզնով վառվեցին ու հանգան,
Քո նորերը եկան ու հեռացան մեկ-մեկ։

Ես` վերջակետից ձախ, դու` նրանից հետո,
Չհատվեցին մեր հնչերանգները թերի,
Օժանդակ բայի պես մեկ առաջ, մեկ էլ ետ,
Դու` անցյալ կատարյալ, ես` ներկա, բայց թերի…

Դու իմ հականիշը եղար, եղար ուրիշ,
Չունեցանք միևնույն իմաստը մենք երբեք,
Բայց ի՞նչ, որ կյանքում լինենք թեկուզ հականիշ.
Մի՞թե սառած մատներին կրակ չէ հենց պետք։

***

Արի անկեղծ լինենք.
Գիշերն ու ցերեկը չեն հանդիպում երբեք,
Ինչպես չեն հատվում երկու զուգահեռները,
Ու չի հասնում ծովը երբեք երկնքին։
Ինչպե՞ս եղավ, որ մենք գիշեր ու ցերեկ չենք,
Բայց չենք հանդիպում,
Զուգահեռ ուղիղներ չենք,
Բայց չենք հատվում,
Ծով ու երկինք չենք,
Բայց չեն խառնվում մեր հոգու կապույտները…
Եթե դու կրակ ես,
Ես կուզեի ծուխ լինել,
Եթե դու գիշեր ես,
Ես կուզեի մութ լինել,
Եթե դու ձմեռ ես,
Ես կուզեի ձյուն լինել,
Եթե դու սուտ ես այս կյանքում,
Ես կուզեի անգամ այդ սուտը լինել,
Միայն լինեինք անբաժան ու կապված,
Լինեինք միասին ու ուժեղ,
Լինեինք ոչ թե զուգահեռներ,
Այլ միշտ միևնույն կետից դուրս ելնող,
Միշտ միևնույն գծով քայլող
Ու միշտ նույն կետում հատվող
Ինչ-որ մի պատկեր,
Որ գուցե անգամ գոյություն չունի։
Իսկ թե գոյություն չունի,
Թող խախտվեն բոլոր թեորեմները
Ու այսուհետ թող հատվեն բոլոր,
Բոլո՜ր զուգահեռները,
Իրար սրտից կապույտ խմեն ծովերն ու երկինքները բոլոր,
Ու հանդիպեն ցերեկն ու գիշերը,
Թեկուզ վերջալույսին…
Այնժամ ես կուզեմ անգամ
Աղոտ վերջալույսը լինել քո կյանքի այգաբացի…

***

Արի՛ ուժեղ լինենք.
Ես քո աչքերի մեջ այնքա՜ն կարոտ ունեմ բանտած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Դու իմ աչքերի մեջ այնքա՜ն արցունք ունես ցանած.
Ինձ նայելուց դու մի՛ վախեցիր։
Միմյանց բաշխած մեր ցավի գնով
Մենք կապված ենք հազար ցավով,
Հազար տարով մենք կապված ենք ցաված սիրով,
Ու մեր աչքերն այսօր
Այնքան հպարտ ու այնքան վեհերոտ
Բարձրանում են դեպի հորիզոն
Ու կանգ առնում մի կետում,
Որ ո՛չ նայում ենք իրար, ո՛չ  չենք նայում…
Արի՛ չվախենանք.
Ես չեմ սիրում կիսատ կետեր,
Կիսատ հայացքներ ու կիսատ տկարություն,
Ես չեմ սիրում կիսատ ցավեր ու կիսատ սերեր,
Կիսատ վախեր ու կիսատ հպարտություն…
Եվ թող քո աչքերը բնավ չամաչեն.
Դու այնքան մաքու՜ր ես եղել,
Խոնարհվող կոպերիդ մեջ  թող չկորչեն.
Դու այնքան ազնի՜վ ես եղել։
Իմ աչքերի մեջ քո աչքերը թող
Գտնեն ոչ թե նախատինք,
Այլ… մի տխուր հեգնանք,
Թե այս ինչպե՞ս եղավ, որ
Իրար այսքան խոցելուց,
Իրար այսքան կորցնելուց,
Իրար այսքան փրկելուց հետո
Մենք վախենում ենք…
Արի՛ ուժեղ լինենք.
Երբ աչքերիս մեջ նայելուց վախենաս,
Հիշի՛ր` այս աչքերն ինչ-որ մի օր ներել են քեզ…

***

Դու իմ`քարտեզի չգծված սահմանագիծ,
Ոչ մի տեղ չտանող դու իմ  շեղ արահետ,
Ինձ դուրս հանեցիր իմ կյանքի ճանապարհից,
Քո  սահմանն իմ առջև փակեցիր  առհավետ։

Հիմա ի՞նչ քարտեզ քայլերս պիտի գծեն,
Որ չհատվեմ քո թռիչքին ոչ մի կետում,
Փախուստներս ի՞նչ աշխարհ ինձ պիտի գցեն,
Որ չհետապնդի ինձ մի նոր հանդիպում։

Ես ուզում եմ` իմ նոր աշխարհում չլինես,
Եվ ուզում եմ հաղթել փախչողի այս դերում,
Բայց եթե դու կաս, ուրիշ էլ որտե՞ղ լինես.
Պարտությունս ինձ նորից քո սահման է բերում։

***

Ձեռքերիս թափված տաք սուրճի նման
Դու և՛ ափսոս ես, և՛ վրիժառու,
Իսկ ինձ մնում է լվացվել միայն`
Քեզ և՛ օրհնելով, և՛ անիծելով…
Հետո մի կարմիր մրմուռ կմնա,
Որպես կնիքը այն համեղ սուրճի,
Որի միայն բույրը հասավ դեմքիս,
Իսկ համը մնաց ձեռքերիս վրա…
Դու այդպես ես, նման թափված սուրճի,
Թերևս սրճամոլը հասկանա.
Ինչքան էլ ցավոտ է վառած ձեռքը,
Թաքուն ափսոսում ես սուրճն ավելի…

***

Աչքերիս միջով մի օր դու անցար.
կոպերս դողով քեզ կուլ տվեցին,
Բոլոր գույներս հերթով  գողացար,
Աչքերս գինով ու կույր մնացին։

Թող այսպես խավար ու հարբած մնամ,
Միայն կոպերս չզարթնեն քնից,
Որ հեռանալդ հանկարծ  չիմանամ,
Որ չազատվես էլ աչքերիս գրկից։