arxiv

Ես տիկնիկ չեմ, մարդ եմ

-Ես կարմիր թշիկներով տիկնիկ չեմ ուզում,- լացակումած ասաց քույրս՝ առաջին անգամ տեսնելով ինձ` ծածկոցով փաթաթված, գունդուկծիկ արած, անշարժ դրած անկողնու վրա. իսկապես որ՝ տիկնիկ:

Երբ քրոջս բացատրեցին, որ ես իսկական մարդ եմ, միայն թե` փոքրիկ, նա, չգիտես ինչու, ինձ շատ սիրեց: Դա հիմնականում արտահայտվում էր նրանով, որ տատիկիս հետ ինձ մեջքի վրա պառկեցնում էին գորգին, և երբ ես բլոճի նման փորձում էի շրջվել փորի վրա, բայց մոտս ոչինչ չէր ստացվում, սկսում էին ծիծաղել վրաս: Կամ` երբ արդեն մի քիչ մեծ էի ու թաշկինակին «չանչինակ» էի ասում, դաշնամուրին՝ «ջամփարուր», իսկ պատառաքաղին՝ «պատարագ», նրանք ջանք չէին խնայում ծիծաղելու վրաս: Ես էլ ասում էի.

-Կգնամ մանկապարտեզ, կոնֆետ կուտեմ, թուղթը ձեզ չեմ բերի,- ու մտածելով, որ դա մեծ պատիժ է նրանց համար՝ նեղանում էի, գնում, մի որևէ մութ անկյունում թաքնվում: Բայց չէր անցնում երկու րոպե, և ես հաշտված վերադառնում էի ու առաջարկում վարդի մասին հանելուկ ասել կամ նման մի բան:

Մի անգամ էլ նեղանալով` թաքնվեցի լոգարանում ու դուռը կողպեցի, բայց կողպեքը չէի կարողանում բացել և կես ժամ այնտեղ մնալուց հետո հանձնվեցի:

-Լավ, գոնե թաշկինակ տվեք, եթե դուռը չեք ուզում բացել,- միամտորեն խնդրում էի ես լացակումած, բայց մայրս ու քույրս, ցավոք, դուռը բացել չէին կարողանում, իսկ հայրս տանը չէր, և ես ստիպված էի սպասել, մինչև մեր հարևանը կբարձրանար վերև ու ինձ կազատեր:

Անուշ Մուրադյան 14տ., 2003թ.