Եվրոպայի օրը իմ օրվա մեջ

Ահա մի ոսկեգույն «մերսեդես» մեր դիմացի փողոցից մոտենում է մայրուղուն` միացնելով իր ձախ թարթիչը (մարգատը, էլի): Իսկ մեզ հենց ձախ էր պետք: Աչքերիս երևա՞ց, թե՞ վարորդն իրոք հարցական հայացքով նայեց ինձ ու ապակու հետևից ցույց տվեց Եղեգնաձորի կողմը: Չէ, չթվաց: Ես արագ-արագ գլխով արեցի վարորդին:
-Սերոժ, քել, պատահական կպավ:
-Վսյո, դավայ, Նար:
-Հաջող:

«Մերսեդեսը» մոտեցավ մեր մայթին ու կանգնեց` սպասելով մեզ:
-Բարի օր ձեզ,- ասացի ես դուռը բացելով:
-Նստեք տղերք. Եղեգնաձոր եք գնում, չէ՞:
-Ըհը:
Էսպես պատահական էլ սկսվեց մեր ճանապարհը:
-Որտե՞ղ հասցնենք, տղերք:
-Այ, ստեղ էլ լավ ա: Ստեղ կիջնենք, շնորհակալ ենք:
-Դե, հաջողություն, տղերք ջան,- ասաց մեր ռոբոտաշինության «կաբինետի» ղեկավարը (մենք միայն ճանապարհին իմացանք, որ դպրոցում ռոբոտաշինության դասարան պիտի բացվի, և մեզ ուղեկցում է մեր ապագա ուսուցիչը) և ոսկեգույն «մերսեդեսը» պովեց մայթից ու միացավ փողոցի մյուս մեքենաներին:
Եղեգնաձորում մեզ միացան Սոֆին ու Նոնան (Սիսն ու Մասիսը, էլի): Ճանապարհը տևեց մի ժամից մի քիչ ավելի, որը մենք անցկացրեցինք «լացելով, ընկնելով ու պարելով» (էստեղ ինձ կհասկանան մենակ Սերոժը,Նոնան,Սոֆին, հա, ու մեկ էլ մեր վարորդը՝ Վահեն): Լավ, դա այնքան էլ կարևոր չի: Կարևորն այն էր, որ ժամը երկուսին մենք Հյուսիսային պողոտայում, արդեն չեմ հիշում որ շենքի շվաքում, կանգնած էինք: Մի քանի րոպե հետո ես ու Սերոժը «չդիմացանք» ու գտանք «Մանանայի» տաղավարը: Եվ շուտով «17.am-յան մեր ընտանիքը» հավաքված էր:

Պողոտայի այս մասը դարձել էր «փոքրիկ Եվրոպա»: Այստեղ էին հավաքվել Եվրամիության աջակցությամբ Հայաստանում իրականացվող համարյա բոլոր ծրագրերի ներկայացուցիչները: Ինչ մեղքս թաքցնեմ, ես մեր ծրագրից բացի ուրիշով չէի էլ հետաքրքրվում ու ոչ մեկի տաղավարին չմոտեցա. միևնույն ա, մերն ամենալավն ա: Մի հրաշք խումբ հենց մեր տաղավարից մի քանի մետրի վրա փոքրիկ համերգ տվեց, որտեղ հնչեցին Ռոք’ն’Ռոլլի գոհարներից մի քանիսը: Ու մենք այդ ֆանտաստիկ միջավայրում նկարում էինք, քայլում ընկերների հետ ու վայելում մեր օրը:
Դե, էլ ինչ ասեմ: Եկեք էլ չպատմեմ ամեն մանրուք:

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Լուսանկարը՝ Վահե Ստեփանյանի

Դուք երևի առանց այն էլ հասկացաք, որ ես ֆանտաստիկ օր անցկացրի հարազատ մարդկանց միջավայրում: Ուղղակի կասեմ՝ շնորհակալ եմ «Մանանային», որ ինձ էլ էր հրավիրել:

Հ.Գ. Հա, Եվրոպա, քեզ էլ եմ շնորհակալ: