Եվրոպայի օրն արդեն իմ սենյակում է

-Դե, եկել ես տուն, պատմի, էլի մի քիչ:

-Մամ, պապ, մորքուր, տատիկ և մնացած, հոգնած եմ, վաղը կպատմեմ:

-Է~հ, էս ինչ աղջիկ ա: Մի խոսք բերանից չես կարա պոկես,- տրտնջում էր տատիկս:

Այս նյութը գրում եմ բոլորին պատմելու և իրազեկելու տոնի ու անցկացրած օրվա մասին: Դե, լսեք:

Երբ մենք հասանք Երևան, Հյուսիսային պողոտայում նախապատրաստական աշխատանքեր էր տարվում: Դրվում էին տաղավարներ, որոնցում ներկայացվում էին Եվրամիության կողմից ֆինանսավորվող կազմակերպությունները: Մենք մոտեցանք մեր` «Մանանա» կենտրոնի տաղավարին: Արդեն ամեն բան համարյա պատրաստ էր: Նախ, ծանոթացանք երեխաների հետ, որոնք եկել էին տարբեր մարզերից, ստացանք մեր առաջադրանքները և անցանք գործի:

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

Ես ու Սոֆյան պետք է հարցազրույցներ վերցնեինք և ֆոտոներ անեինք: Մոտեցանք նախ GIZ գերմանական կազմակերպությանը, քանի որ նախկինում աշխատել էինք նրանց հետ: Սոֆյան վերցրեց իր հարցազրույցը, իսկ ես լուսանկարեցի:

Այնուհետև մոտեցանք Dasaran.am-ի տաղավարին: Այնտեղ մեզ ավելի ջերմ ընդունեցին: Միանգամից կանչեցին մասնակցելու փոքրիկ վիկտորինային, որը անցկացվում էր շատ անսովոր տարբերակով: Համաձայնվեցի և մրցեցի մի աղջկա հետ: Հարցերը Եվրոպայի մասին էին: Մինչ ես մտածում էի հարցերի շուրջը, հետևում շատ մարդիկ էին հավաքվել, բայց ես այնքան էի տարվել հարցերով, որ չէի նկատել նրանց: Միայն նրանց բացականչություններից հասկացա, որ կարողացել եմ անսխալ անցնել վիկտորինան: Բոլորը ծափահարեցին, և ես պետք է ստանայի իմ պարգևը: Պտտեցրեցի անիվը և ստացա հետաքրքիր տետր նշումների համար: Դա ինձ ոգեշնչեց, և ես փորձեցի նրանցից հարցազրույց վերցնել: Հակիրճ ներկայացնեմ ներկայացուցչի խոսքը:

Dasaran.am-ը հովանավորվում է Եվրամիության կողմից: Հայաստանում գործում է 2007թ-ից:

-Որքանո՞վ է հաջողված ձեր աշխատանքը:

-Օրեցօր ավելանում են գրանցումների քանակը, ծնողները գոհ են, ուսուցիչները և աշակերտները` նույնպես: Dasaran.am-ը հնարավորություն է ընձեռում առցանց գրանցումների տնային հանձնարարությունների լրացման և ծնողներին իրազեկելու իրենց երեխաների առաջադիմության մասին: Իսկ դուք գո՞հ եք մեր աշխատանքից:

-Այո, շատ լավ միտք է: Ես ինքս օգտվում եմ և կարող եմ ասել, մեզ դա շատ օգնում է: 

Մենք շրջում էին բոլոր տաղավարներով` մանրամասնորեն ծանոթանալով բոլոր կազմակերպությունների հետ:

Հոգնել էինք և վերադարձանք մեր տաղավար: Մեզ մոտ շատ մարդ կար, և իրոք բոլորը շատ հետաքրքված էին` թե մեծ, թե փոքր:

Ծանոթացանք Արագածոտնի մարզի մեր թղթակից Արփիի հետ, աղջկա հետ, ով մեզ պես հոգնած նստել էր: Առաջարկեցինք պաղպաղակ ուտել: Չգիտենք էլ` ինչքան ենք զրուցել, բայց երբ հետ եկանք, արդեն բոլոր տաղավարները հավաքում էին: Շատ լավ ժամանակ անցկացրեցինք:

Հա, արդեն մոռանալու էի. ամեն կազմակերպության տաղավարից վերցրել եմ բուկլետներ և խորհրդանշական իրեր` քարտեզ, օրացույց, դրոշներ և այլն: Բոլորը շարել եմ սենյակումս, և եթե ցանկանաք այցելել Եվրամիությունը Հայաստանում ցուցասրահ, կարող եք համենալ մեր տուն::

Նոնա Պետրոսյան, Վայոց Ձորի մարզ, ք. Եղեգնաձոր