Եվրոպայի օր. Հայաստանում Ֆրանսիական համալսարանը

Հարցազրույց Հայաստանում Ֆրանսիական համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

Լուսանկարը՝ Լյուբա Շառոյանի

-Պարոն Նավոյան, կարո՞ղ եք ասել, թե ինչ եք այսօր ներկայացնում հանրությանը:

-Մենք ներկայացնում ենք Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որպես ֆրանսիական և եվրոպական համալսարան:

-Ի՞նչ հնարավորություններ եք ընձեռում երիտասարդներին:

-Մենք Հայաստանում ֆրանսիական պետական դիպլոմներ ենք շնորհում, որոնք իրենցից ներկայացնում են եվրոպական, ֆրանսիական պետական բարձրագույն կրթության ծրագրեր:

-Ինչո՞վ է տարբերվում այս համալսարանը մնացած բարձրագույն ուսումնական հաստատություններից:

-Հենց նրանով, որ մեր մոտ ինչպես ծրագրերը, այնպես էլ դասավանդման և գնահատման մեթոդները եվրոպական են:

-Ի՞նչ բաժիններ է իր մեջ ընդգրկում այս համալսարանը:

-Մենք ունենք բակալավրիատուրա` ֆինանսներ, մարքեթինգ, կառավարում և իրավագիտություն ֆակուլտետներով, իսկ մագիստրատուրան` միջազգային գործարարական իրավունք, ֆինանսներ և միջազգային մարքեթինգ բաժիններով:

-Կպատմե՞ք քննությունների կարգի մասին:

-Որպես միջպետական համալսարան, մեր քննությունները առանձին են իրականացվում կենտրոնական համակարգից: Մենք ունենք 3 քննություն`հայոց լեզու, մաթեմատիկա` կառավարման ֆինանսների և մարկետինգի ֆակուլտետում և իրավագիտություն` իրավաբանական ֆակուլտետում, օտար լեզու (դա կարող է լինել անգլերեն, գերմաներեն կամ ֆրանսերեն) բոլոր ֆակուլտետների համար: Օտար լեզուն ընտրում է դիմորդը:

-Իսկ ֆրանսերենը փաստորեն պարտադիր լեզու չէ՞:

-Ֆրանսերենը պարտադիր չէ, որովհետև մենք կարծում ենք, որ առաջին 2 տարում մենք հասցնում ենք  ուսանողներին այնպիսի  մակարդակի, որ 3-րդ կուրսից դասերի մի մասը ուսանողը լսում է ֆրանսերեն:

-Իսկ ի՞նչ հեռանկարներ ունեք ապագայի հետ կապված:

-Նախ, ես կուզեի նշել շրջանավարտների հեռանկարների մասին: Մենք այս տարի ամբողջացրել ենք 1500 շրջանավարտի շրջանում իրականացված հարցում, և մեր շրջանավարտների 81%-ը աշխատում է Հայաստանում`իրենց մասնագիտությանը համարժեք աշխատատեղերում: Շրջանավարտի տեղեկատուն մեկ ամսից կայքում հասանելի կլինի, և դուք կարող եք անվանական տեսնել, թե ով, որտեղ և ինչ է աշխատում: Եվ ամենակարևորը`միայն մեր շրջանավարտների 12%-ն են, ովքեր սովորում և աշխատում են արտերկրում: Սա նշանակում է, որ մենք չենք նպաստում խելոք ուղեղների  Հայաստանից արտահոսքին: Իսկ համալսարանի հեռանկարները… Մենք հիմա պատրաստվում ենք եվրոպական որակի հավատարմագրման, ինչպես նաև նոր կրթական ծրագրեր կառաջարկենք, որոնց մասին հանրությանը պարբերաբար կիրազեկենք:

Հարցազրույցը վարեցին` 
Սոնա Մխիթարյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Լյուբա Շառոյանը, Արմավիրի մարզ, գ. Ակնալիճ
Անի Ավետիսյանը, Արագածոտնի մարզ, գ.Ոսկեհատ