Եվրոպայի օր. Տաղավարից տաղավար

Այսօր, Եվրոպայի օրվա կապակցությամբ գնացել էի Հյուսիսային պողոտա: Սկզբում անգամ պատկերացում չունեի, թե ինչ կկատարվեր այնտեղ, բայց շուտով, երբ արդեն այնտեղ էի, ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ: Տարբեր կազմակերպություններ իրենց հետաքրքիր ծրագրերով և տաղավարներով ներկայացնում էին այն ծրագրերը, որոնք իրագործվում են Եվրոպական միության աջակցությամբ: Ամեն տաղավարի մոտենալիս զգում էինք ջերմ վերաբերմունք և տարբեր հարցերի պատասխանելու մեծ պատրաստակամություն:

Բոլոր տաղավարների մեջ մեկը համեմատաբար ավելի շատ էր գրավում մարդկանց: Ինձ նույնպես հետաքրքրեց, թե ինչ է ներկայացնում այն: Մոտեցա և նկատեցի, որ այնտեղ ներկայացված էին տարբեր երկրների փոքրիկ ուտեստներ, որոնցով կազմակերպիչները հյուրասիրում էին անցորդներին: Մարդիկ սիրով վերցնում էին դրանք և անգամ չէին էլ հետաքրքրվում, թե ինչ կազմակերպություն է, և ինչ է ներկայացնում:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Ես արեցի հակառակը և հարցրեցի: Իմ հարցերին պատասխանեց մի շիկահեր տղա, որը ներկայացնում էր Եվրոպական կամավորական ծառայությունից (EVS):

-Շատ հետաքրքիր է պատրաստված ձեր տաղավարը, կպատմե՞ք մի քիչ դրա մասին:
-Այո, իհարկե, ինչպես նկատեցիք, այստեղ ներկայացված են տարբեր երկրների ավանդական փոքրիկ ուտեստներ: Օրինակ` Սլովակիայի, Խորվաթիայի, Հոլանդիայի, Գերմանիայի և այլն:
-Իսկ ի՞նչ ծրագրեր եք ներկայացնում դուք:
-Մեզ հետ դուք կարող եք դառնալ կամավոր և ուղևորվել Եվրոպա: Սակայն դրա դիմաց ոչինչ չեք ստանում, քանի որ կամավոր եք, բայց և այնպես, ոչինչ էլ չեք վճարում:
-Իսկ ինչո՞վ են զբաղվում կամավորները:
-Դե նրանք տարբեր աշխատանքներ են կատարում այնտեղ երեխաների հետ:
Եվ վերջում տվածս հարցը, որը ինձ շատ տխրեցրեց.
-Իսկ տարիքային սահմանափակում կա՞:
-Այո, տասնյոթ տարեկան պետք է լինեք և ավել: Դուք քանի՞ տարեկան եք:
-Ցավոք, տասնհինգ:
-Մի տխրեք, ահա վերցրեք պաստառները, կբաժանեք ձեր ընկերներին, իսկ դուք մեզ հետ կապնվեք 2 տարի հետո:

Լուսանկարը՝ Էմիլի (Էմանինա) Մանուկյանի

Լուսանկարը՝ Էմիլի (Էմանինա) Մանուկյանի

Մենք վերջացրեցինք մեր խոսակցությունը, և նա ինձ մեկնեց մի փոքրիկ ուտեստ, որի վրա Սլովակիայի դրոշն էր փակցված: Այստեղ սկսեց անսպասելի, բայց իրականում շատ էլ սպասված անձրևը, որը չխանգարեց երաժշտությունը վայելող մարդկանց և հիշեցնելով անձրևոտ Անգլիայի մասին: Ավելի շատ մարդ հավաքվեց Մեծ Բրիտանիայի տաղավարի շուրջը, ուր հենց ինքը՝ Վիլյամ Շեքսպիրը վիկտորինա էր անցկացնում:

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Լուսանկարը՝ Սերյոժա Բաբոյանի

Անգամ պողոտայով զբոսնելիս ինձ մոտեցավ մի աղջիկ և հարցրեց.
-Հետաքրքրվա՞ծ եք ֆրանսերենով:
-Այո:
Իմ պատասխանից հետո նա ինձ մեկնեց իրենց պաստառը՝ ֆրանսերենի դասընթացների մասին, էջանիշ և գրիչ, որը ինձ շատ ուրախացրեց:
Իրոք ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված և շատ հետաքրքիր էր ամեն մի տաղավարը, սակայն այստեղ առանձնացրեցի ինձ համար ամենահետաքրքիրները:
Նաև այս տոնական օրը ավելի տոնական էր թվում, քանի որ այն անցկացնում էի  «Մանանա» կենտրոնի ընկերներիս հետ:
Դե ինչ, եթե դուք էլ եք ներկա գտնվել Եվրոպայի օրվան, ո՞րն էր ձեզ դուր եկած տաղավարը: