hripsegh

Երազանքիցս մի փոքր ուշացած

Գիտե՞ք, հիմա աշխատանք եմ փնտրում: Աշխատանք եմ փնտրում այնպես, ինչպես ցանկացած մարդ, ով ավարտում է համալսարանը և ցանկանում է բարեկեցիկ կյանքով ապրել, բայց արդյունքում մնում է «աշխատանք փնտրողի» կարգավիճակում: Բայց գիտե՞ք ինչ մտահոգություն ունեմ և դրանով էլ ուզում եմ առաջնորդվել աշխատանք ընտրելու հարցում: Հիմա կասեմ, թե որն է մտահոգությանս առարկան:

Ընտրել աշխատանք, որը կկատարեմ տհաճությա՞մբ և բարձր աշխատավարձ կունենա՞մ, թե՞ աշխատանք, ուր ամեն օր գնալը ինձ համար ոչ թե տանջանք կլինի, այլ հաճույք կստանամ իմ կատարած աշխատանքից: Ամեն առավոտ քնից կարթնանամ մեծ ուրախությա՞մբ, անգամ եթե ձմեռ լինի և կշտապեմ աշխատանքի՞, թե՞ անգամ ամռանը ցանկություն չեմ ունենա դուրս գալ անկողնուցս:

Ես որոշել եմ, որ ուզում եմ ունենալ իմ երազանքների աշխատանքը, անգամ եթե քիչ վարձատրվեմ: Գիտե՞ք ինչու: Որովհետև մենք մի կյանք ենք ապրում, և ինչու՞ տանջվելով անել այն աշխատանքը, որը չես սիրում, իսկ հետո ասել. «Էս կյանք չի», և նման այլ բաներ: Բացի այդ, եթե մի բան չսիրելով ես անում, երբեք մեծ հաջողությունների չես հասնի, քանի որ դրան չես տրամադրի ողջ ժամանակդ և ամեն առիթ կօգտագործես դրանից փախչելու համար:

Ճիշտ է, այսօր Հայաստանի աշխատաշուկան այդքան էլ չի փայլում իր առաջարկած աշխատանքով, կամ կարելի է ասել, որ ընդհանրապես չի փայլում, բայց ամեն դեպքում ես ինչ-որ նախնական աշխատանք եմ ուզում գտնել արդեն «շուրջ 6 ամիս»: 6 ամիս, հասկանո՞ւմ եք, թե դա ինչ երկար ժամանակ է: Ես իմ երազանքը կարող էի իրագործած լինել դեռ 6 ամիս առաջ, բայց ինձ արդեն 6 ամիս ուշացնում են իմ երազանքից: Ես հիմա լուսանկարչական ապարատ գնած կլինեի, գուցե իմ փոքրիկ լուսանկարչական գործը կունենայի, կամ գուցե ֆոտոլրագրությամբ կզբաղվեի: Բայց ոչ, ես նստած եմ տանը և սպասում եմ իմ ժամանակին, թե երբ վերջապես աշխատանք կունենամ:

Եվ խնդիրն ընդհանրապես քո ավարտած ֆակուլտետի մեջ չէ, և թե ինչպես ես սովորել, ու ինչ գույնի է դիպլոմդ: Որովեհտև աշխատանք չկա նույնիսկ միջազգային հարաբերությունների, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտների համար, որոնք կարմիր դիպլոմով են ավարտել իրենց ուսումը:

Հայրիկս ասում է. «Եթե ծանոթ չունենաս՝ գործ չես գտնի, էս երկրում ոչ մի մեծ բանի չես հասնի»: Իմ ու հայրիկիս կռվի հավերժական թեման: Ես ասում եմ, որ եթե ուզում ես ինչ-որ բանի հասնել, նշանակություն չի ունենա, թե որ երկրում ես ապրում, կարևորը շատ աշխատելն է ու նպատակից հետ չկանգնելը: Ես հայրիկիս ասել եմ, որ նրան ապացուցելու եմ, որ հնարավոր է մեծ հաջողությունների հասնել: Եվ մենք պայմանավորվել ենք, որ 10 տարի անց ես նրան ցույց կտամ, թե ինչքան բանի եմ հասել իմ արդար աշխատանքի ու իմ թափած ջանքերի շնորհիվ:

Հասկանո՞ւմ եք, քանի որ մենք Հայաստանում ենք ապրում, ես չէի կարող ասել 5 տարի հետո, որովհետև երկրի ընձեռած հնարավորությունները հնարավոր է թույլ չտան: Բայց ես վստահ եմ, որ ես շատ բանի հասած կլինեմ, և հնարավոր է, որ ձեզ աշխատանք առաջարկողներից մեկն էլ հենց ես լինեմ:

Բայց ամեն դեպքում, խորհուրդ կտայի աշխատանք ընտրել ոչ միայն աշխատավարձի համար, այլև որպես անհատ ինքնահաստատվելու և այս աշխարհում ձեր մասին հիշողություն թողնելու համար: Իսկ ինձ մաղթեք, որ շատ չուշանամ երազանքիցս: