anush hovhannisyan

Երազանքից նպատակ

Փոքր տարիքից միշտ սիրել եմ երազանք պահել: Ինձ նույնիսկ ասում էին, որ ես չափից շատ երազկոտ եմ: Երբ ինձնից ավելի մեծ մարդկանց հարցնում էի իրենց երազանքի մասին, նրանք ասում էին, որ չունեն երազանք, ունեն նպատակ: Զարմանում էի, թե ոնց կարելի է երազանք չունենալ: Բոլոր անհավանական միջոցներով երազանք էի պահում. սկսած յասամանի տերևներից, վերջացրած նույն անունն ունեցող մարդկանց մեջտեղում կանգնելով:

Ես արդեն մոտ երկու տարի է, ինչ երազում էի ֆոտոխցիկ ունենալու մասին: Ամեն տոնից առաջ ինձ պատրաստում էի, թե երբ անակնկալ անեն ու նվիրեն, ինչպես պետք է արձագանքեմ: Բայց այս տարի իմ երազանքը դարձավ նպատակ և իրագործվեց: Ես որոշեցի գանձանակ՝ «կասսա» պահել ու ծնողներիցս ամեն օր գումար վերցնելով՝ լցնել:

Որոշումիցս մի քանի օր հետո ինձ աշխատանք առաջարկեցին: Այն այդքան էլ իմ երազած աշխատանքը չէր, բայց սիրով համաձայնեցի գնալ: Հայրիկս  դեմ էր, ինձ աշխատանքի գնալիս չէր պատկերացնում, բայց մի կերպ համոզեցի: Ես այնտեղ պետք է կիսաչոր ծիրանի միջից կուտ հանեի, երբեմն դժվար դուրս եկողները վնասում էին մատներս: Միակ սկսնակն էի այնտեղ, դանդաղ էի անում, ինձ հույս տալու  համար ասում էին՝ ոչինչ, դեռ նոր ես սովորում, բայց գնալով ես էլ սկսեցի արագ անել: Այդ օրերից մեկի ժամանակ ընկերուհուս ծննդյան տարեդարձն էր: Ես նվերը որոշեցի իմ վաստակած գումարով գնել: Բայց ասեմ, որ ամեն մի դրամը ծախսելը շատ դժվար էր: Դե, իմ աշխատանքն էր…

Շատ էի ուզում գնալ հանգստանալու, բայց վերջապես ինձ շանս էր տրված, ու ես չէի ուզում կիսատ թողնել այսքան տարի մտքումս պահած ծրագիրը: Օրեր էին լինում, որ շատ դժվարությամբ էի արթնանում ու գնում, չէի գնում, ոտքերս էին ակամա տանում:

Ինձ օրեկան 3000 դրամ աշխատավարձ էին տալիս, որը ես մեծ ոգևորությամբ բերում էի ու գցում գանձանակի մեջ:

Երբ աշխատանքը վերջացավ, ես որոշեցի հաշվել գումարս: Ի զարմանս ինձ՝ ես հավաքել էի բավակաչափ գումար նպատակս իրականցնելու համար: Ու հիմա ես հասկացա, թե ինչ է նշանակում երազանք, իսկ ինչ՝ նպատակ: Այսուհետև որոշել եմ, որ իմ կյանքում արդեն պետք է լինեն միայն նպատակներ, որոնց ես փոքր քայլերով, բայց պետք է կարողանամ հասնել: Երկու տարվա երազանքս ընդամենը երկու ամսում կարողացա դարձնել նպատակ ու իրականացնել:

Իմ աշխատած գումարը շատ դժվարությամբ կարողացա ծախսել ու նաև հասկացա սեփական քրտինքով վաստակելու գինը: