Anush Jilavyan

Սևան մեդիա ճամբար. Երազանքի մարտիկները

Ավարտվեց մեր ստեղծած հեքիաթը, հեռու` իրական աշխարհից, կտրված այն իրականությունից, որտեղ քչերն են հավատում հրաշքների, որտեղ քչերն են հավատում իրենք իրենց: Մենք ապրեցինք 7 օր մեր իսկ երազանքների աշխարհում, ապրեցինք, ստեղծագործեցինք, վայելեցինք յուրաքանչյուր պահը: Մենք մեծ քայլերով գնում էինք մեր երազանքներին ընդառաջ, մենք` պատանի լրագրողներ, լուսանկարիչներ, ռեժիսորներ, օպերատորներ էինք, մենք երազանքի մարտիկներ էինք: Մենք մեզ կարևոր էինք զգում, մարդիկ, ում աշխատելը, ստեղծագործելը կարևոր էր: Մարդիկ, ովքեր մի մեծ ընտանիքի անդամ են, ու այդ ընտանիքը կոչվում է «Մանանա»: Մենք ինքներս էինք աշխատում, զգում էինք պատասխանատվություն` կատարելու ստանձնած պարտականությունը, ու հաճույք, որ ունենք ստեղծագործելու հնարավորություն:

Ամեն ինչ հեքիաթային էր, որովհետև մերն էր. մերն էր Սևանը, մերն էր նրա միայնակ ափը իր վայրի գեղեցկությամբ, մերն էր այն դահլիճը, որտեղ ստեղծագործում էինք, որի պատերը ներծծվել էին ներշնչանքով, երազանքներով: Սենյակը այնքան յուրահատուկ էր երեկոյան, երբ մենք օրը ամփոփում էինք. մի խումբ սեղանի շուրջ նստած աշխատում էր օրագրի վերջնական տեսքի վրա, մյուսները միայնակ նստած հոդվածներ էին գրում… Աչքիս առաջ նրանց մտածկոտ դեմքերն են: Դուք տեսե՞լ եք պատանու, ով պայքարում է մտքերի քաոսի դեմ, փորձում ընտրել ամենահարմար բառը, գրում, հետո արագ մռայլվում ու ջնջում, հետո պայծառանում, երբ գտնում է փնտրած բառը կամ միտքը, ոգևորվում հեծանիվ հայտնագործելու չափ կարևոր գյուտից, որն իրենն է ու պակաս կարևոր չէ:

Ես տեսել եմ այս ամենը 7 օր, ապրել եմ նրանց հետ նույն զգացողությունները: Այդ սենյակում մենք ՄԵԾ մարդիկ էինք, մենք մեր իրականության հերոսներն էինք, մեր յուրաքանչյուրի գաղափարը, առաջարկը կարևոր էր: Մենք սովորեցինք լինել պատասխանատու նախ ինքներս մեր առաջ: Մենք թիմ էինք ու ամբողջություն, որտեղ յուրաքանչյուրը իր դերն ու պարտականությունը ուներ:

Հուշերը շատ են, դրանք կփայփայեմ, որ կարոտի պահերին գան մխիթարելու ու ժպիտ պատճառելու: Այս ամենը դարձել է իմ մասնիկը:

Ես ինձ հետ բերել եմ Անուշի նրբությունը, նրա երազանքը ծաղրածու դառնալու, ես նրա իսկ ջերմությամբ ու նրբությամբ կպահեմ այն, հույսով, որ կհասնի ու կգտնի իր երազը:

Կգրկեմ ու կպահեմ Շուշանին, նրա հետ անցկացրած ամեն պահը, նրա հետ «Քո աչքերը» երգելը ու երազելը:

Իմն է դարձել Արտյոմի ժպիտը ու Սուրենի աչքերի փայլը ու էլի շատ ու շատ հուշեր ու պահեր, որոնք խտացած կարոտ են դարձել ու արցունքերի տեսքով ուզում են դուրս գալ:

Ես 7 օր վայելեցի անկեղծություն ու մաքրություն, կարծես ինչ որ պահի նյութական աշխարհ չկար: Կար միայն այն մաքրությունը, որ երեխաները բերել էին իրենց հետ այն միջավայրից, որտեղ սովորական է մարդկայինը, ջերմը, իսկ ես անհագ շնչում էի այդ, որովհետև մեծ քաղաքում ես վաղուց մոռացել էի պարզությունը:

Ես ուզում եմ նորից գրկել յուրաքանչյուրին ու ասել, որ մենք կհանդիպենք նորից, ու դուք հասած կլինեք ձեր երազանքներին կամ գուցե գտած լինեք նորերը:

Կուզեի ասել, որ երազեն անվերջ ու չվախենան իրենց երազներից: Կասեի, որ ամեն ինչ նոր միայն սկսում է, ոչինչ չի ավարտվել…

Նրանցից ոչ ոք չգիտի, թե ինչքան կարևոր դասեր են տվել ինձ, դասեր, որոնք ես երբեք չէի ստանա ուրիշ միջավայրում և ուրիշ մարդկանցից…

Առաջին անգամ կյանքում ես հասկանում եմ, որ «կարոտ» բառը չի կարողանում արտահայտել զգացածս, քիչ է, շատ քիչ…