seda harutynyan-2

Երազանքները իրականանում են

Դու։ Հա՛, հա՛, հենց դու։ Իսկ դու հիշու՞մ ես, փոքր տարիքում ինչ երազանքներ ես ունեցել։ Ի՞նչ երազանք ես պահել տորթիդ մոմերը փչելուց ու երբ երկնքից ընկնող աստղ ես տեսել, ո՞ր երազանքդ է միտքդ եկել առաջինը։ Իսկ ես հիշում եմ։ Ու գիտե՞ս, իմ երազանքը, որն իմ կարծիքով երազանք էլ մնալու էր, իրականացավ: Իսկ հիմա ուշադիր կարդա ու հավատա երազանքիդ կատարմանը, քանի որ ինձ ընկնող աստղերն են հիշել ու իրականացրել այն։

Երևի 8-9 տարեկան էի, երբ հեռուստացույցով անընդհատ տեսնում էի, թե ինչպես են տարբեր երկրներում պարգևատրում երկար մազեր կամ բարձր հասակ ունեցող մարդկանց, իսկ ինձ համար երազանք էր դարձել այն, որ իմ մազերը ամբողջ աշխարհում լինեն ամենաերկարը, և դրա շնորհիվ հանդիպեմ մեր նախագահին, և նա սեղմի իմ ձեռքը։  Զուտ մանկական երազանք, որի կատարմանը ոչ ես՛, և ոչ էլ ուրիշ ինչ որ մեկը կհավատար։ Հիշում եմ, որ ամեն ընկնող աստղ տեսնելուց պահում էի այդ երազանքը, ու անգամ երազներ էի տեսնում, թե ինչպես էի հպարտորեն սեղմում նախագահի ձեռքը։

Անցել են տարիներ, հիմա երազանքները ավելի շատ նպատակներ են դարձել ու ավելի լուրջ են, քան փոքր տարիքում։

2016թ-ի օգոստոսի 29-ն էր։ Կանգնած էի կանգառում և սպասում էի, թե երբ է գալու Աբովյան մեկնող երթուղայինը, երբ հեռախոսիս զանգ եկավ ՝ մայրիկս էր։ Վերցրի ու սովորականի պես սպասում էի, որ նա կհարցներ, թե  որտեղ եմ  և երբ եմ հասնելու, բայց փոխարենը լսեցի․

-Սեդ ջան, նոր դպրոցի փոխտնօրեն ընկեր Գևորգյանն էր զանգել ու ասաց, որ «Այբ» կրթական հիմնադրամից են զանգել և համարս են հարցրել: Դուրս է գալիս, իմ աղջիկ, որ օգոստոսի 31-ին պետք է գնաս նախագահի նստավայր` նախագահին հանդիպելու, որպեսզի հանդիպման ժամանակ շրջանավարտներն ու աշակերտները ՀՀ Նախագահի և ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ստանան  իրենց պարգևները։

Ու այդ պահին սիրտս սկսեց էնպես արագ խփել, որ չնայած կողքիս աղմուկին, լսում էի էդ դմփդմփոցը։

-Մամ, ի՞նչ ես խոսում, դե երդվի։

-Սեդուլ ջան, լուրջ եմ ասում: Ախր, հայոց լեզվի «Մեղու» մրցույթում հաղթել ես, չէ՞: Պիտի պարգևատրվես: Ինչի՞ չես հավատում։

-Լավ, լավ, մամ, կզանգեմ հետո,- ասացի ու անջատեցի հեռախոսը։

Ու շատ բարձր ուրախությունից էնպես ճչացի, որ ընթացող մեքենաների միջից մարդիկ զարմացած ինձ էին նայում, թե էս ինչ եղավ ես աղջկան։ Աչքերս լցվել էին։

Այդ երկու օրը անցավ անասելի արագ։ Մայրիկիս ուղեկցությամբ գնացինք «Այբ» կրթական հիմնադրամի կենտրոն։ Հատուկ ծրագրով «Կենգուրու» և «Մեղու» մրցույթների մրցանակակիրները՝ հաղթողներն և յուրաքանչյուր մարզում ու տարիքային խմբում լավագույն արդյունք արձանագրած աշակերտներս, այցելեցինք Մայր Աթոռ Սբ. Էջմիածին՝ ստացանք օրհնություն, եղանք թանգարանում, ապա մեզ՝  երեխաներիս, հյուրընկալեց ՀՀ նախագահը իր նստավայրում։ Նախագահական նստավայրի դահլիճում նստած էի երկրորդ շարքում, որ լավ տեսնեմ ու ավելի լավ վայելեմ ամեն մի վայրկյանը։ Դիմացս նստած էին պաշտոնյաներ, որոնցից մեկը թեքվեց ու սկսեց հետս զրուցել, ու մինչև վերջին վայրկյանը չիմացա, որ զրուցում էի պարոն Մկրտչյանի՝ մեր նոր կրթության և գիտության նախարարի հետ։ Չնայած նրան, որ ինձ հարցրեց` ճանաչո՞ւմ եմ իրեն, թե ոչ՞, ես էլ անջատված պատասխանեցի` ոչ, մեկ է, վերջում հիշեցի, որ ինքը մեր նոր նախարարն է, ու հնչեց ինձ բնորոշ չմտածված նախադասությունը․

-Հա ՜, չլինի՞ դուք կրթության և գիտության նախարարն եք։

-Հա՜, չլինի ես կրթության և գիտության նախարարն եմ,- ծիծաղելով պատասխանեց նախարարը։

Ու թե ինչ ամոթ ապրեցի ես այդ պահին, իմացա մենակ ես։  Ի դեպ, շատ բարի ու ժպտերես նախարար ունենք։

Հետո եկավ պարոն Սարգսյանը, նստեց և սկսեց իր խոսքը: Թե ինչ էր խոսում, չեմ հիշում, հիշում եմ միայն այն, թե ինչպես էին դողում ձեռքերս, ու ոնց էր խփում սիրտս։ Սկսեցին կարդալ հաղթողների անունները, ու հնչեց իմ անունը, վեր կացա և մոտեցա պարոն Սարգսյանին  և պարոն Մկրտչյանին։ Դա մի պստլիկ տարածք էր, մի  քանի քայլ, ու ես հայտնվում եմ նախագահի կողքին։ Մոտեցա, սեղմեցի երկուսի ձեռքը, վերցրի հավաստագիրը ու լսեցի նախագահի ձայնը․

-Ապրես, իմ աղջիկ։

Դրանից հետո մի հանգստության, մի երջանկություն պատեց իմ հոգին, ու ես ինձ ասացի․ «Ապրես դու»։

Անցավ մի քանի օր։ Մեր համակարգչի  մոնիտորի էկրանին դրված է իմ լուսանկարը նախագահի ու նախարարի հետ։ Նայեցի լուսանկարին, տեսա երկար մազերս ու մի պահ սառեցի: Հիշեցի էն շատ՜ տարիներ առաջ պահած երազանքիս մասին, որ դարձել էր երազ։ Եվ հուզվեցի, շնորհակալություն հայտնեցի Աստծուն ու մի հետևություն արեցի, որ անկեղծ սրտով պահված բոլոր երազանքները իրականանում են, ու կապ չունի` տասը, տասնհինգ, թե քսան տարի հետո, կարևորը, իրականանում են, գուցե մի քիչ այլ կերպ, ու այլ պայմաններում։