mane antonyan

Երազանքներն իրականանալ են սիրում

Տասնմեկ կամ տասներկու տարեկան էի, երբ առաջին անգամ ձեռքս ընկան «Խաբարբզիկի» համարներից մի քանիսը։ Մի տասը հատ կլինեին՝ բոլորը գունավոր, նկարազարդ, գեղեցիկ ու հետաքրքիր։ Փոքր էի (համենայն դեպս ինձ փոքր էի համարում) ու էդպես էլ մի քանի տարի ձեռք չտվեցի դրանց։ Ուղղակի պահում էի։ Ինձ մոտիկ մարդկանցից մեկն էր նվիրել ու ասել, թե ինչքան թանկ են իր համար, այդ պատճառով էլ դարակումս առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում։

Մի քանի տարի էր անցել, ու մեկ էլ, չգիտեմ ինչու, որոշեցի կարդալ ամսագրերը։ Ամառ էր, ազատ ժամանակս՝ շատ։ Մի քիչ նախատրամադրվածությամբ սկսեցի կարդալ, որովհետև ինձ թվում էր՝ հեղինակները պրոֆեսիոնալներ են, բայց երբ կարդացի ու տեսա, որ գրողները հիմնականում 13, 10 կամ էլ, ասենք, 9 տարեկան ինձ նման երեխաներ են, զարմացա։ Իմ հասակակիցների զգացածն ավելի հեշտ էր հասկանալ։ Իմ ձեռքում մի «գիրք» էր, որտեղ անգամ նկարազարդումները պատկանում էին իմ տարեկիցներին։ Ես հիացած էի՝ տեսնելով, թե ինչի են ընդունակ երեխաները, երբ նրանց ուժերը ճիշտ են օգտագործվում։

Յուրաքանչյուր համարի վերջին էջը նվիրված էր երեխաների կամ մանկության մասին հայտնի մարդկանց մտքերին։ Իսկ ամենահետաքրքիրն այն էր, որ երեխաները պատմում էին իրենց հետ կատարված դեպքերն ամենապարզ ձևերով, ամեն ինչ նման էր սովորական առօրյա զրույցի, բայց նյութերն անսովոր գրավիչ էին ստացվում։ Հենց դա էր «Խաբարբզիկն» ինձ համար դարձնում արժեքավոր ։

Ես և՛ ցանկանում էի գոնե մեկ անգամ տեսնել իմ անունը «Խաբարբզիկում», և՛ նախանձում էի (եթե բարի նախանձ գոյություն ունի, ուրեմն բարի նախանձով) այն երեխաներին, ովքեր համագործակցում էին «Մանանայի» հետ։ Ես երազում էի իմ որևէ աշխատանքով (լուսանկարով, նյութով, որը պատրաստ էի գրել, եթե իմանայի՝ ինչպես այն ուղարկել, կամ էլ իմ նկարներով) տեղ գտնել «Խաբարբզիկի» որևէ համարում, բայց ես դեռ համացանցից օգտվելու մեծ փորձառություն չունեի ու չէի պատկերացնում, թե ում կարող եմ օգնության դիմել ցանկությունս իրականություն դարձնելու համար։

Մի օր էլ, երբ քույրս սկսեց գրել «Մանանայի» համար, ես հասկացա, որ արդեն եկել է երազանքս իրականություն դարձնելու ժամանակը։

Հ.Գ. Երազանքս կատարվեց 2016 թվականի մայիսին։