«Երազանքս է, որ նորից ճանապարհ գտնենք, որ սահամանները կարևոր չլինեն»․Կարո Փայլան

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

2016 թվականի ապրիլին Թուրքիայի Մեծ ժողովի ամբիոնից հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թուրք կառավարությանը ստիպեց ուշադրությունը սևեռել 1915 թվականի Հայոց ցեղասպանության, ժողովրդավարության, հայ և այլ ժողովուրդների նկատմամբ խտրականությունների վրա։ Փայլանը, հիրավի, հայազգի լավագույն քաղաքական գործիչներից է։ Նրա շնորհիվ Թուրքիայի հայկական համայնքի խնդիրները Մեջլիսում լսելի դառնալու շանսեր ունեն։

Հայաստան- Սփյուռք համաժողովի շրջանակներում Փայլանն այժմ Հայաստանում է։ Այս ընթացքում նրան ընդունեցին նաև ԵՊՀ ուսանողները՝ հարցեր ուղղելու և առաջին դեմքից հարևան պետության քաղաքական իրավիճակի մասին տեղեկանալու։

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

-Կա մի երկիր, որ կոչվում է Թուրքիա։ Նրա արևելքը մենք կոչում ենք Արևմտյան Հայաստան, քրդերը՝ Քուրդիստան, իսկ Թուրքիան ասում է, որ կա միայն Թուրքիա։ Մենք կարծում ենք, որ տարածքի անունը այնքան էլ կարևոր չէ։ Էականն այն է, որ այդ տարածքում, լինի Հայաստան, Թուրքիա, թե Քուրդիստան, իշխի ժողովրդավար երկիր։
Ճիշտ է, Արարատը մերն է, բայց այսօր այնտեղ թուրքեր ու քրդեր են ապրում։ Բայց, միևնույնն է, այն մեզ համար ամենակարևորն է։ Երազանքս է, որ նորից ճանապարհ գտնենք, որ սահամանները կարևոր չլինեն։ Որովհետև, ճիշտ է, Հայաստանի ուժեղ լինելը կարևոր է, բայց եթե աջդ, ձախդ թշնամիներ ունենաս, հանգիստ չես կարող լինել։ Որովհետև եթե ժողովրդավար Հայաստան, ժողովրդավար Ադրբեջան և Թուրքիա լինեն՝ բոլոր երկրներն էլ խաղաղության մեջ կլինեն։ Պետք է, որ այսօր ժողովրդավարությունը ինչ-որ ուժ ունենա։

Փայլանը նշեց, որ մի քանի տարի առաջ Թուրքիայում նրանք հնարավորություն ունեին բաց խոսել, քննարկել: Ըստ նրա դա յուրատեսակ գարուն էր Թուրքիայում։

- Թուրքիայում վիճակն այժմ վատ է, և, դժբախտաբար, օրեցոր ավելի է վատանում։ Այսօր մենք շարունակում ենք Հրանտ Դինքի սկսած ուղին՝ Թուրքիան ավելի ժողովրդավար դարձնելու։ Որովհետև միայն ժողովրդավար Թուրքիան ուժ կունենա առերեսվել Ցեղասպանության հետ, միայն ժողովրդավար Թուրքիան կբացի սահմանները։ Ուրիշ ճանապարհ չգիտեմ։ Այնտեղ այսօր ժողովրդավար թուրքեր ու քրդեր կան, և շատ։ Մի մտածեք, որ բոլոր թուրքերը վատն են։ Բայց, դժբախտաբար ժողովրդավար թուրքերը պետությունը, պետական մտածողությունը փոխել չկարողացան։ Այսօր իմ հույսն ու երազն այն են, որ մենք կկարողանանք շահել այս հարցում ևս։

Միայն ցավոք, որ Թուրքիան այսօր չունի ազատ մամուլ, դատական ու իշխանական համակարգ, ուստի սուտը ճշմարտություն կարող է դառնալ նրանց ձեռքով։ Ինչ սուտ էլ տասը անգամ կրկնես՝ ճշմարտություն կդառնա։ Դրա համար պետք է նորից ազատ մամուլ ունենալու համար պայքարենք, որովհետև այդկերպ թուրքերի, թուրքական պետության մտածողությունը կկարողանանք փոխել։

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Պատասխանելով Պոլսի պատրիարքի ընտրության հետ կապված հարցին՝ Փայլանը նշեց, որ այս ընտրությունն օր առաջ պետք է կատարվեր։ Պատրիարքը պետք է լինի ընտրված ժողովրդի կողմից և չպետք է ամաչեցնի նրան։

Հանդիպման ավարտին Կարո Փայլանը պարգևատրվեց ԵՊՀ ոսկե մեդալով։