vahe stepanyan

Երազից ներքև

Ապրել կյանք առանց փորձելու հասկանալ նրա իմաստը, նույնն է, թե քայլել հսկայական գրադարանում ու ձեռք չտալ ոչ մի գրքի:

Ճիշտն ասած, ես չեմ հիշում, թե որ գրքում եմ կարդացել այս տողերը: Սիմվոլիկայի մասին ինչ-որ հետաքրքիր գիրք էր: Հեղինակին էլ չեմ հիշում: Միայն այս տողերն եմ հիշում: Ես դրանք էլ էի մոռացել: Հիշեցի մի երկու շաբաթ առաջ երևի…
Հարմար տեղավորված բազկաթոռի մեջ, ինչ-որ ֆիլմ էի դիտում աուտիզմով հիվանդ մարդկանց մասին: Չզգացի էլ, թե ինչպես կոպերս ծանրացան ու քնեցի: Մի երազ տեսա: Ստորև կպատմեմ այն: Ու քանի որ ես այդպես էլ չտեսա երազի շարունակությունը, կշարունակեմ: Խոստանում եմ չփչացնել այն:

…Հեռավոր մի երկրում, բարձր լեռների լանջերից մեկի վրա մի տղա էր ապրում: Տղան ապրում էր մենակ: Քնում էր՝ որտեղ ուզում էր: Դա էական չէր: Չէ որ այդ երկրում միշտ գարուն էր: Ուտում էր ամենը, ինչի համը իրեն դուր էր գալիս:
Նա մենակ էր նույն լանջին ինչքան իրեն հիշում էր: Նա չգիտեր խոսել: Կամ միգուցե մոռացել էր:
Նա նույնիսկ չգիտեր, որ միայնակ ժայռի տակից բխող հեղուկը ջուր է կոչվում: Չգիտեր որ այն միայնակ ծառի պտուղները խնձոր են կոչվում: Նա ուղղակի կար: Արթնանում էր, երբ արևը խուտուտ էր տալիս դեմքը և քնում, երբ հոգնում էր նայել աստղազարդ երկնքին: Կանգնում էր խնձորենու տակ, երբ անձրև էր գալիս և անձրևից հետո չորանում սև ժայռին պառկած:
Տղայի առաջին հիշողությունը նույն լանջի հետ էր կապված: Նա ուղղակի բացեց աչքերը կանաչ խոտին պառկած: Նա մինչև հիմա նույն երկնագույն բլուզով էր, նույն սև ջինսերով, որոնք արդեն կարճացել էին ու ճաներին հազիվ էին հասնում: Իսկ իր սպիտակ կոշիկները առաջին օրվանից հանել էր, կապել քուղերը ու կախել ծառի ճյուղից: Ինչին են պետք կոշիկները:
Այդ օրվանից հետո արևը մոտ հազար անգամ բարձրացել էր երկնակամար ու մայր մտել:
Ամեն ինչ նույնն էր: Կարելի է ասել, տղան երջանիկ էր: Նա չուներ ոչ մի հոգս: Չուներ ոչնչի ու ոչ ոքի կարիքը:
Տղան խելացի էր: Ու գիտեր, որ այդպես չի լինում: Նա օտար էր լանջին: Ու որոշեց իջնել: Հագավ կոշիկները: Նայեց խնձորենուն: Խմեց ժայռի տակից բխող առվակից: Ու քայլեց:
Մի անգամ էլ կանգնեց ու նայեց հետ: Նույն միայնակ խնձորենին, սև ժայռի կտորը ու անծայրածիր ձգվող արտը: Հետո նայեց առաջ: Ներքևում ամպերն էին: Հա, չզարմանաք: Նա ամպերի մեջ էր ապրում: Մեկ-մեկ ամպերը խնձորենու մոտ էին հավաքվում նույնիսկ: Ամբողջ հորիզոնում ամպերն էին: Նա լքեց այն ամենն, ինչ ուներ. իր խնձորենին… իր ժայռը… ու քայլեց առաջ: Իսկ սարի լանջին տղայից շա՜տ ներքև ամպերը խտանում էին…

Տղան երկար քայլեց: Կանաչ խոտերը շարունակ փչող սառը քամուց պառկել էին գետնին: Նա քայլում էր առանց կանգ առնելու, գուցե և առանց նպատակի: Իսկ շուրջը ոչինչ չէր փոխվում: Նույն կանաչ խոտի անծայրածիր արտերը: Ու երբ արևը մոտենում էր հորիզոնին, նա կանգ առավ: Պառկեց խոտերի մեջ, աչքերով ուղեկցեց արևին, մինչև վերջին շողերը անհետացան, ու դեղնավուն երկինքը դարձավ մուգ կապույտ: Հետո դիմավորեց լուսնին ու հայացքով ուղեկցեց նրան մինչև այն տեղը, որտեղից սկսել էր ճանապարհել արևին: Ու քնեց: Արթնացավ, երբ երկինքը արդեն շառագունում էր: Կերավ գրպանում պահած երեք խնձորներից մեկը ու շարունակեց իջնել: Հաջորդ օրը անցավ ճիշտ նույն կերպ: Միայն թե արթնանալով նա չդիմացավ ու իր մոտ մնացած երկու խնձորն էլ կերավ: Իսկ ծարավը արդեն անտանելի էր դառնում: Նա մի պահ մտածեց հետ վերադառնալ ու կուշտ խմել իր ժայռի ջրից: Բայց չէր կարող: Ֆիզիկապես: Նրա միակ ճամփան այլևս միայն իջնելն էր: Ու հասկանալով, որ եթե այսօր էլ ջուր չխմի, կդառնա այս կանաչ արտերի տեսարանը փչացնող ոսկորների կույտ, որոշեց գիշերն էլ քայլել: Նայեց գետին: Հետո հետ նայեց: Ու առանց ափսոսանքի մի նշույլ ցույց տալու վեր կացավ ու շարունակեց իջնել: Չնայած որ գիշեր էր, աստղերն ու ամպի մի պատառիկի տակից անընդհատ դուրս պրծնող լուսինը նրան բավական լույս էին տալիս ճանապարհը շարունակելու համար:
Բայց նա չտեսավ… Ու խուլ թմփոցով ընկավ գետնին: Ու եթե չլսեր նրա ձայնը, կկարծեր, որ ոտքն ուղղակի քարի է դիպել: Իսկ քարերը սարի վրա շատ քիչ էին: Տղան գիտեր իր սև ժայռը, խնձորենու հովի տակի մեծ տափակ քարը ու արդեն պատրաստվում էր ավելացնել ևս մեկը:
Բայց:
- Հեյ, ոտքերիդ տակ նայիր:
Տղան դեռ նստած էր խոտերի մեջ: Նա չփորձեց կանգնել: Ուղղակի պտտվեց ու արմունկները հենելով գետնին, նայեց նրան: Ու քանի որ հենց այդ պահին լուսինը դուրս պրծավ ամպի կտորի տակից ու լուսավորեց փոքրիկ սարահարթը, նա էլ տղային տեսավ:
Նա: Նա-ն տարօրինակ էակ էր: Ուներ սև աչքեր, որոնք նույնիսկ լուսնի լույսի տակ փայլում էին երկու ածխի կտորի պես: Նրա մազերը ավելի սև էին, քան տղայի ջինսերը, երբ առաջին անգամ բացեց աչքերը խնձորենու տակ պառկած: Մազերը ընկել էին աղջկա ուսերին ու հազիվ մի 10 սմ-ով էին երկար տղայի արդեն քանի տարի չկտրած մազերից: Հագին մի սպիտակ բլուզ կար, որին տղայի տեսած ամենամոտիկ սպիտակը իր տարիներով ծառից կախած կոշիկների սպիտակն էր: Տղան բնազդաբար նայեց ոտքերին՝ համեմատելու համար: Կոշիկների կողքերն ու քուղերը արդեն դարչնագույն էին դարձել կանաչ խոտերի ու խոնավ հողի վրա քայլելու պատճառով: Շալվարի գույնը չտարբերեց մթության պատճառով: Այն կամ մուգ կանաչ էր կամ դարչնագույն: Իսկ ոտքերին ճիշտ և ճիշտ իր կոշիկներից էր: Միայն թե հին ու մաշված: Նրա շուրթերը բարակ էին, քիթը փոքր: Ու արհեստականորեն դեմքին տված բարկության արտահայտությունն ավելի շուտ ծիծաղելի էր, քան սաստող: Ու տղան մտածելով այս ամենը, ժպտաց:
-Հը՞: Ո՞վ ես դու:
Տղայի ուղեղում մի բան առկայծեց: Վաղուց մոռացված: Ու թեև նա չհասկացավ բառերն առանձին-առանձին, բայց հասկացավ, թե ինչ էր ասում նա: Տղայի ժպիտն ավելի լայն ձգվեց, ու նա շարունավելով նայել ուղիղ նրա աչքերի մեջ, ուսերը վեր գցեց:
-Հերիք հիմարի հայացքով նայես: Ո՞վ ես դու ու ի՞նչ ես անում այստեղ, գրողը քեզ տանի:
Տղան չդիմացավ ու այս անգամ ժպտաց՝ ցույց տալով իր սպիտակ ատամները:
Հետո տեսավ նրա ոտքերի մոտ ընկած ջրի շիշը: Նայեց շշին: Հետո նրան: Հետո էլի շշին: Աղջիկը հետևեց նրա հայացքին, կռացավ, վերցրեց շիշը ու նետեց տղային: Տղան բռնեց շիշը, ուզեց խմել: Չստացվեց: Խցանը չէր հանել: Ճիշտն ասած, ձևն էլ չգիտեր: Քաշքշեց խցանից: Ոչինչ չստացվեց: Նա տեսավ, խլեց շիշը տղայի ձեռքից, բացեց ու մեկնեց նրան:
-Դու շիշ բացել էլ չգիտե՞ս, ի՞նչ է:
Տղան վերցրեց շիշը: Ու սկսեց ագահորեն խմել: Հանկարծ կանգ առավ, մեկնեց շիշը նրան:
-Դու խմիր, խմիր:
Տղան ավելի երկարացրեց ձեռքը:
-Հավատա, եթե քո հետևում մի 10 մետրի վրա այդ առվակը չլիներ, ես շիշը երբեք չէի տա քեզ:
Տղան վեր գցեց ուսերը, դատարկեց շիշ մինչև վերջին կաթիլը ու խնդրող հայացքով նայեց նրան:
-Դու վերջին անգամ ե՞րբ ես ջուր խմել: Վեր կաց:
Ասաց ու շրջանցելով տղային, քալեց առվակի կողմը: Տղան մի շարժումով վեր թռավ տեղից ու վազեց նրա հետևից: Աղջիկը հազիվ իր ուսից լիներ:
-Դու գոնե խոսել գիտե՞ս:
Տղան նորից ժպտաց ու նորից ուսերը վեր գցեց:
-Խմի՛ր, միայն թե նայիր՝ չպայթես,- ասաց նա ու մատով ցույց տվեց լուսնի արտացոլանքը՝ երկու կտոր քարից բխող առվակի ավազանի մեջ:
Գիտե՞ք ինչ: Տղան ծարավ էր: Դրա համար հեչ էլ տարօրինակ չի, որ նա վազեց, ծնկաչոք ընկավ առվակի մոտ ու գլուխը մինչև պարանոցը մտցրեց ավազանի մեջ: Ու դուրս եկավ միայն, երբ շունչը կտրվեց: Նա քմծիծաղ տվեց ու ասաց.
-Հը՞: Կշտացա՞ր:
Ի պատասխան տղան նորից խոր շունչ քաշեց ու նորից մինչև պարանոցը ընկղմվեց լուսնի արտացոլանքի մեջ: Հետո դուրս պրծավ, ուժասպառ ընկավ առվակի կողքին ու մնաց նույն դիրքում այնքան, մինչև շնչառությունը վերականգնվեց: Նայեց նրան: Նա էլ՝ տղային: Նա մազերը գցեց ականջի հետևը ու ասաց.
-Դու երբևէ կխոսե՞ս, թե՞ չէ:
Տղան վեր կացավ, նորից նայեց նրա դեմքին:
-Հը՞:
Տղան նորից ուսերը վեր գցեց:
-Ես Էյն եմ: Դու գոնե անուն ունե՞ս:
Տղան նորից լայն ժպտաց:
-Լավ: Առայժմ դու կարող ես լինել Բին: Դեմ չե՞ս:
Տղան հոնքերը բարձրացնելով հասկացրեց, որ դեմ չի Բին լինելուց:
-Բի:
Տղան գլուխը թեթև շարժեց, հասկացնելով, որ Բի անունը իր սրտովն է:
-Դու ինձ գոնե հասկանո՞ւմ ես:
Տղան գլխի դրական շարժում արեց:
-Լավ է:
Էյը պառկեց գետնին՝ խոտերի մեջ: Նայեց երկնքին մի երկու րոպե:
-Ո՞ւմ ես սպասում, պառկիր. ես քեզ մի բան պիտի պատմեմ:
Ու տղան պառկեց նույն տեղը, որտեղ քիչ առաջ շնչակտուր ընկած էր:
-Կարող ես մոտիկ պառկել: Ես քեզ երևի թե չեմ սպանի:
Տղան էլի ժպտաց, ու ջարդելով խոտեր իր ծանրության տակ, մոտեցավ Էյին: Նրանք մի քանի րոպե լուռ նայեցին մուգ կապույտ երկնքին: Իսկ հետո Էյը հանկարծ ասաց.
-Ամեն ինչ սկսվեց, երբ…

…Դուք երևի մոռացել եք՝ ինչի մասին էր իմ պատմությունը, ինչպես ես մոռացել եմ այն մարդու անունը, ում խոսքերի պատճառով այն ծնվեց: Գնացեք ամենասկիզբն ու կարդացեք: Միգուցե այն կապ չունի այս պատմության հետ : Բայց միգուցե և ունի…