Երաժշտությունը իմ կյանքն է

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ինձ թվում է, չկա այնպիսի մարդ, որ երաժշտություն չսիրի: Ճիշտ է, բոլորիս ճաշակները երաժշտության հարցում տարբերվում են իրարից, սակայն ամեն մեկս էլ ունի իրեն հարազատ երաժշտությունը: Երաժշտությունն ինձ օգնում է մտքերս իմի բերել և ստեղծագործել: Իմ կարծիքով, այն շատ լավ միջոց է մարդու հոգեվիճակը նկարագրելու համար:
Երաժշտությունը մի ուրիշ աշխարհ է, աշխարհ, որտեղ գտնում ես ինքդ քեզ: Ես իմ կյանքը առանց երաժշտության պատկերացնել չեմ կարող…

Ահա թե ինչ է լինում, երբ տատիկս ինձ տեսնում է ականջակալներով.

-Էդ անգոջնիդ (ականջներիդ) հի՞նչ էս տիրալ:

-Տատի, ականջակալներ ա, երգ եմ լսում:

-Քինա տասերդ է սովորի:

-Տատ, սովորել եմ արդեն:

Ու տատիկս գլուխը շարժելով հեռանում է: Հետո գալիս է եղբայրս:

-Հեռախոսդ տուր մի քիչ խաղ խաղամ:

-Ամբողջ օրը կոմպի մոտ նստած ես, հիմա էլ ասում ես` տուր խաղամ: Երգ եմ լսում, չեմ կարա տամ:

Ու եղբայրս նեղացած գնում է: Հիմա էլ մայրիկը.

-Սոն~ա,Սոն~ա: Չե՞ս լսում:

-Հա, մամ, ի՞նչ ա եղել, երգ եմ լսում:

-Արի’, ինձ օգնելու բան կա:

-Մամ, կլինի՞ մի քիչ հետո, մի քիչ երգ լսեմ նոր:

-Դիր մի կողմ, արի, հետո կլսես:

Ու մայրիկը բարկանում է…

Ախր, ի՞նչ անեմ, որ առանց երաժշտության չեմ կարող: Չեմ հասկանում` ե՞ս եմ մեղավոր, թե՞ երաժշտությունը: