ella mnacakanyan yerevan

Երանի՜ ինձ

Այս տարվա սեպտեմբերի 1-ն իսկապես ուրիշ էր իմ կյանքում: Չէ՛, չէ՛, մի՛ շտապիր փակել նյութիս պատուհանը, չեմ պատրաստվում ծեծված ու սրտակեղեք խոսքեր գրել այն մասին, որ ավարտել եմ դպրոցը, որ ցավո՜ք էլ երբեք աշակերտ չեմ լինի: Չեմ ստելու, թե կարծես երեկ լիներ, որ մայրիկիս ձեռքը բռնած՝ առաջին անգամ եկա դպրոց: Ի՜նչ երեկ, կարծես մի հավերժություն է անցել այդ օրվանից, ու որ ճիշտն ասեմ՝ առհասարակ չեմ հիշում՝ կոնկրետ ում ձեռքն էի բռնել տանեցիներից: Մի խոսքով, դա կարևոր էլ չէ: Կարևորն այն է, որ այդ փաստաթղթերում՝ 12, իսկ իրականում՝ 11 տարիներն արդեն անցյալում են, և ես ուսանող եմ: Իսկ այս տարվա սեպտեմբերի 1-ն արտասովոր էր այնքանով, որ այս անգամ, հակառակ օրինաչափությանը, ոչ թե ես էի ուշանում սեպտեմբերի 1-ից, այլ այն՝ իմ կյանքից: Չէ՛, այնպես չէ, որ ես այլ ժամային գոտում եմ գտնվում, կամ ինձ որևէ կերպ հաջողվել է կանգնեցնել ժամանակը, պարզապես այս տարի իմ համալսարանը որոշել էր մի քանի օրով երկարեցնել ամառը՝ այդպիսով, համոզված եմ, դառնալով ամենասիրելին իր առաջին կուրսեցիների շրջանում: Ու մինչ Գիտելիքի օրվա նախօրեին բոլոր ընկերներս զբաղված էին, պատրաստվում էին գալիք օրվան, մի կերպ փորձում պայմանավորվել վարսահարդարների հետ, որոնց ժամերն այդ օրվա համար, ի դեպ, դեռ 1-2 շաբաթ առաջվանից էին ֆիքսված, ընտրում էին իրենց հագուստները, ես սպանում էի երեկոն համակարգչի էկրանի դիմաց՝ ինչպես և նախորդող երեք ամիսներին: Դե՜, հետո սկսվեց ֆեյսբուքյան սրտաճմլիկ ու կիսահումորային ստատուսաշարը՝ ամառվա վերջին օրվա ու աշնան սկզբի մասին, իսկ ես այդ ամենին այնքա՜ն անհաղորդ էի: Հաջորդ առավոտյան էլ նամակների ու զանգերի տեղատարափն էր՝ սեպտեմբերմեկյան շնորհավորանքների տեսքով, որոնց ես շարունակ պատասխանում էի.
-Շնորհակալ եմ, բայց իմ սեպտեմբերի 1-ն այս տարի ամսի 4-ից է:
Հետո ստիպված էի լինում բացատրել, թե ինչու կամ ինչ պատճառով, վստահեցնել, որ հաստատ դաս չկար, դրա համար չեմ գնացել ու լսել այդքան հաճելի «երանի՜ քեզ»-ը: Իրոք որ, երանի ինձ, որ այս տարի ամառս երկարեց ևս 3 օրով, բայց հուսանք, որ գարունն էլ սպասվածից 3 օր շուտ կգա իմ կյանք: