davit ayvazyan

Երանի

Ամառային արձակուրդների սկզբում արդեն պլանավորել էի,  թե ինչպես եմ այն անցկացնելու: Դրա մեջ նաև մտնում էր այն, որ պետք է գնայի գյուղ  ու մի քանի օր մնայի տատիկիս հետ: 

Մի խոսքով, գնացի գյուղ, գյուղի անունը Ախուրիկ է:  Ասեմ, որ շատ ուշ-ուշ էի գնում գյուղ, բայց այդուհանդերձ, ինձ այնտեղ բոլորը ճանաչում են: Ես միշտ զարմացել եմ, որ գյուղում բոլորը մեկը մյուսին ճանաչում են, սկսած 4 տարեկան երեխաներից մինչև  ծերերը: Այդ օրերի ընթացքում  ընկերս ինձ խնդրեց, որ իրեն օգնեմ` բեռնել խոտի տուկերը մեքենայի վրա: Չմերժեցի նրա խնդրանքը և գնացի օգնելու: Բեռնելուց հետո մեքենան խոտը պետք է տեղափոխեր այլ գյուղացու տուն, որը գտնվում էր մոտավորապես 2000մ հեռավորության վրա: Նստեցինք մեքենան և ճամփա ընկանք: Ճանապարհին հասանք մի նեղ արանք, որտեղ ծառի հաստ ճյուղերը թափվել էին ներքև և փակել ճանապարհը: Հարևաններից մեկն էլ իր մեծ մեքենան էր այդ նեղ արանքում կանգնեցրել, բայց տերը տանը չէր: Որոշեցինք մեքենան հրելով հանել այդ արանքից, որպեսզի ճանապարհը բացվի:  Պետք է հրեինք մի 30 մետր: Ես, ընկերս և նրա հորեղբայրը չկարողացանք հրել, և արդեն հուսահատ որոշեցինք սպասել մեքենայի տիրոջը, բայց հանկարծ օգնության հասավ հարևաններից մեկը (մոտավորապես 60 տարեկան): Սակայն էլի բան դուրս չեկավ: Հետո միացավ մյուս հարևանը` կրկին նրա տարիքին: Սկսեցինք հրել արդեն մի քիչ ավելի լավ: Հետո դուրս եկան նրանց կանայք, հարսները:

Երբ արդեն սկսել էինք հեշտ հրել, եկավ մեքենայի տերը, և ոչ թե նստեց մեքենան, այլ սկսեց մեզ հետ հրել: Ի վերջո բեռնատարի անցնելու համար տեղ բացեցինք: Շնորհակալություն հայտնեցինք հարևաններին ու շարունակեցինք ճանապարհ: Մեկ ժամ անց ավարտեցինք գործը, ու ես դուրս եկա ընկերոջս տնից, որպեսզի վերադառնամ տատիկիս մոտ: Այնքան հպարտ էի քայլում գյուղով, այնքան լավ էի ինձ զգում, որ քայլում եմ մի գյուղով, որտեղ իսկապես կա բարեկամություն, կար ընկերասիրություն և, վերջապես, կա միասնականություն: Քայլում էի դեպի տուն, ինքս ինձ ասելով. «Ախ, երանի ողջ հայ ազգը լիներ այսպես: Երանի ողջ Հայաստանը լիներ այսպիսին, և այդ ժամանակ մենք իրոք կլինեինք անպարտելի»: