Երբեք մի նայիր հետ, միշտ շարժվիր առաջ

Հարցազրույցս վարում եմ եղբորս` Դավիթ Մադոյանի հետ, ով վերջերս դարձավ Եվրոպայի չեմպիոն, սպորտաձևը` բազկամարտ: 19-ամյա երիտասարդը ողջ Եվրոպայում ևս մեկ անգամ բարձր պահեց հայկական դրոշը: 

Հպարտությունս այնքան շատ էր, որ ցանկացա կիսվել բոլորի հետ: 

-Դավիթ, ուզում եմ հասակակիցներս իմանան քո մասին: 

-Ես Դավիթն եմ Մադոյան, ծնվել եմ 1996 թվականին: Դեռ 5 ամսեկան էի, երբ տեղափոխվեցինք Ռուսաստանի Դաշնություն, բայց արդեն երկրորդ դասարանում բարեբախտաբար վերադարձել ենք Հայաստան:

Այժմ սովորում եմ ՖԿՀՊԻ-ի երկրորդ կուրսում :

Բնավորությամբ բավականին համառ եմ և նպատակասլաց, սիրում եմ միշտ ճշմարտությունը լսել և խոսել:

՞րբ սկսեցիր սպորտով զբաղվել:

-Սպորտով զբաղվել եմ փոքր հասակից, տարբեր մարզաձևերում եմ ինձ փորձե,լ և արդեն 16 տարեկանում հասկացա, որ ինձ լիարժեք եմ զգում, երբ զբաղվում եմ բազկամարտով:

-Ինչո՞ւ բազկամարտ:

-Ըստ իս, դա միակ ձևն է, որ կարողանում ես ուժդ չափել դիմացինի հետ:

-Կհիշե՞ս հետաքրքիր որևէ դեպք քո մարզումներից: 

-Սիրով, մի անգամ երբ մարզադահլիճում մարզվում էի, նախ նշեմ, որ այդ մարզումները բավականին լուրջ մրցույթի համար էին, և ես ողջ ուժով, ինքնամոռաց պարապելու ընթացքում բավականին լուրջ վնասեցի գլուխս: Վիրակապելուց հետո կրկին վերադարձել եմ նույն վարժությանը և սկսել պարապել` անտեսելով անտանելի գլխացավն ու վնասվածքը:Բարեբախտաբար, այդ մրցույթից վերադարձա հաղթանակով:

-Իսկ ո՞րն է եղել քո առաջին հաջողությունը:

-Առաջին հաջողությունս գրանցել եմ Գյումրիում, այնտեղ ձախ ձեռքով երկրորդ տեղն եմ զբաղեցրել:

Նաև մասնակցել եմ Համահայկական խաղերին, զբաղեցրել եմ առաջին տեղը:

-Ես գիտեմ, որ դու վերջերս մասնակցել ես Ռումինիայում տեղի ունեցող բազկամարտի առաջնությանը և մրցակիցդ եղել է ադրբեջանցի, մի քիչ կպատմե՞ս այդ մասին:

-Այդ մրցույթում իմ գերագույն նպատակը այն էր, որ ես հանկարծ չպարտվեմ ադրբեջանցի մարզիկներին: Ես այնտեղ դարձա Եվրոպայի չեմպիոն:

Առաջին մոտեցումը հենց ադրբեջանցու հետ էր: Մոտեցել եմ և ոչ մի բանի մասին չեմ մտածել: Գլխումս միայն այն միտքն էր, որ ամեն կերպ պետք է պարտության մատնեմ նրան: Ընդհանուր մենամարտը տևեց մի ակնթարթ, և իմ հաղթանակով դուրս մղեցի պայքարից նրանց:

Անբացատրելի էին այն րոպեները, երբ ես կանգնած էի պատվո հարթակին, և հնչում էր մեր երկրի օրհներգը: Նկատեցի, որ Ադրբեջանի ողջ հավաքականը ոտքի է կանգնել, դրանք հպարտության անբացատրելի պահեր էին:

-Ունե՞ս կարգախոս, որով առաջնորդվում ես:

-Այո: «Երբեք մի նայիր հետ, միշտ շարժվիր առաջ»: