mariam barseghyan1

Երբեք չուղարկվող

Նամակ 1

Տեսնես, որ քեզ փողոցում տեսնեմ կճանաչե՞մ, թե՞ չէ: Վերջերս փորձում էի վերհիշել դիմագծերդ, ձայնդ, բայց չկարողացա: Անկեղծ ասած, պատկերացում էլ չունեմ հիմա ինչ տեսք ունես, երևի շատ ես փոխվել: Միգուցե դու էլ շատերի նման չես սափրվում կամ սանրվածքդ ես փոխել, կարող է՝ բոյովացել ես: Վերջերս քեզ շատ եմ հիշում, տեսնես դու ինձ հիշո՞ւմ ես: Գիտե՞ս, մտածում եմ, որ դու էլ երևի ինձ չես ճանաչի: Վերջին անգամ ինձ կարճ մազերով ես տեսել, իսկ դա երեք տարի առաջ էր: Պատկերացնո՞ւմ ես, մի օր փողոցում իրար կողքով անցնենք, կամ նույն սրճարանում տարբեր տեղերում նստած լինենք, կամ էլ միասին մետրոյում լինենք ու իրար չնկատենք: Վախենում եմ, որ մի օր իրար երկար կնայենք, գլուխներս կշրջենք ու կգնանք:

Նամակ 2

Շատերը բողոքում են ֆեյսբուքից, որ շատ ժամանակ է մեզանից խլում: Բայց գիտե՞ս, ես ուրախ եմ, որ իմ ժամանակը հենց դու ես խլում: Չնայած, որ քեզ կյանքում գոնե մեկ անգամ էլ չեմ տեսել, ինձ մեկ-մեկ թվում է, որ քեզ գիտեմ դեռ մանկուց: Երեկ մտածում էի, թե ինչպե՞ս ենք հանդիպելու: Որ ինձ տեսնես՝ կգրկե՞ս, կժպտա՞ս ու կասե՞ս՝ բարև, աղջնակ: Իսկ ե՞ս, իսկ ի՞նչ կասեմ ես, չգիտեմ: Արդեն շատ անգամներ եմ պատկերացրել մեր ծանոթությունը և վախենում եմ, որ ամեն ինչ կարող է իմ մտածածի պես չլինել: Եթե իմ մտածածից վատ լինի, երևի կհիասթափվեմ, իսկ եթե ավելի լավ լինի՞: Եթե ավելի լավ լինի՝ շատ դժվար է լինելու հրաժեշտ տալը: Չեմ սիրում հրաժեշտները:

Նամակ 3

Քեզ երբեք չեմ ասել, որ հպարտանում եմ քեզանով: Հիշո՞ւմ ես, որ փոքր էինք, ինչքան էինք կռվում, բայց երբ ինձ մեկը նեղացնում էր, միշտ պաշտպանում էիր: Հիմա դու արդեն մեծ տղա ես, ու չես դադարում ինձ պաշտպանել, արդեն սահմանին: Քեզ բանակ ճանապարհելու ժամանակ քիթս շատ բարձր էր, իսկ երբ հիմա սպայի կոչում ես ստանում, ես ինձ ավելի հպարտ եմ զգում: Տեսնես՝ կոչումդ ստանալիս ի՞նչ էիր մտածում, ի՞նչ էիր զգում: Երևի դա քեզ համար շատ կարևոր էր: Գիտեմ, հաստատ մտածել ես, որ մայրդ կհպարտանար:

Երբ քեզ 6 ամիս չէի տեսել, ինձ թվում էր, թե շատ ես փոխվել: Չգիտեմ, քեզ հաջորդ անգամ երբ եմ տեսնելու, ու թե այդ ժամանակ ինչպիսին կլինես, դա էլ չգիտեմ: Ամեն անգամ անծանոթ համարից զանգ ստանալիս մտածում եմ՝ դու ես զանգում: Ու հաճախ սպասում եմ քո զանգին:

Այս նամակը գրում եմ անվերջ կարոտով, գիտենալով, որ հիմա չես էլ կարող կարդալ: