anna qocharyan lori

Երբևէ վախեցե՞լ եք վերադառնալ հայրենիք

Եթե քեզ հարցնեն, թե որն է աշխարհում ամենասիրածդ երկիրը, միանգամից ու առանց տատանվելու կտաս հայրենիքիդ անունը: Բայց մտածե՞լ ես, թե ինչի ենք սիրում մեր երկիրը: Սիրում ենք որոշակի արժեքների համա՞ր, թե՞ որ մերն է: Չէ, իրականում ես շատ եմ սիրում Հայաստանս: Սիրում եմ ամենաչնչին թվացող երևույթները, մեր սառը օդը, մեր սարերը:

Իրականում սիրելու ու չսիրելու շատ բաներ կան, բայց երբ արտերկրում ես, վատերը միտքդ չեն գալիս, ու միայն լավերի մասին ես հիշում ու մտածում: Ինձ համար Լոռվա բնությունից այն կողմ ոչինչ չկա, տարվա բոլոր եղանակները պարզ արտացոլվում են հենց մեր մարզում: Մեզ մոտ են նաև ամենահետաքրքիր, համ ու հոտով արտահայտությունները:

Արդեն գրեթե յոթ ամիս է՝ հայրենիքում չեմ, ու հսկայական օվկիանոս բաժանում է մեզ: Մի քիչ կարոտ կա մեջս, բայց ես էլ անգամ չգիտեմ, թե ինչն եմ սկսել կարոտել: Ու սա այն կարոտը չէ, երբ օրերն ես հաշվում ու սպասում, թե երբ ես ոտքդ հայկական հողին դնելու ու հայկական օդով լցնելու թոքերդ: Իմ կարոտը վախ է պարունակում: Հա, վախ կա մեջս՝ հետ վերադառնալուց: Միևնույն ժամանակ և՛ ուզում եմ, և՛ ոչ: Չեմ ուզում, որովհետև ժամանակի ընթացքում արդեն հարմարվել եմ այստեղի ապրելակերպին: Արդեն սովոր եմ, որ նույնիսկ անծանոթներին կարող ես ժպտալ ու անկեղծորեն հայտնել, որ հավանում ես նրանց կրած զգեստը: Իսկ Հայաստանո՞ւմ…

Հիշո՞ւմ եք, թե երբ եք վերջին անգամ ժպտացել անծանոթներին, երբ եք զիջել, երբ եք հենց այդ անծանոթին բարի ու դրական էներգիայով օր մաղթել: Իհարկե, չեք հիշում, որովհետև այդպիսի դեպքերը շատ հազվադեպ են: Ու ես չեմ ուզում վերադառնալ ու մարդկանց տխուր դեմքերը տեսնել: Չեմ ուզում կլանել այդ վատ տրամադրությունը ու չեմ ուզում ամեն րոպե մտածել, թե ինչպես խոսեմ կամ վարվեմ, որպեսզի հանկարծ վատ տպավորություն չթողնեմ:

Ու ամենավատն այն է, որ մարդիկ՝ ընկերներս, հարազատներս, ծնողներս սպասելու են այն Աննային, ում ճանապարհ են դրել: Բայց իրականում նա էլ չկա, ու ես հետ եմ վերադառնալու՝ նրան թողած այն օդանավակայանում, որտեղ առաջին անգամ ունեցա ուժեղ լինելու զգացողությունը: Ու վերադառնալու եմ մի տեղ, որտեղ ամեն ինչ նույնն է: Մի քանի մահ, մի քանի ծնունդ, մի նոր շինություն ու ծառ, բայց կյանքը շարունակվելու է այնպես, ինչպես մի տարի առաջ էր: Միայն ես եմ փոխված լինելու ու միայն ես եմ սկսելու հարմարվել ամեն ինչին: Չէ, իրականում ես չեմ ուզում դառնալ «հին»-ը, բայց ինձ ստիպելու են հետևել հայկական անորոշ կանոններին՝ հորինված անորոշ մարդկանց կողմից: Ու այդ ամեն ինչից հոգնած՝ նորից երազելու Միացյալ Նահանգներ վերադառնալու մասին: Ինչևէ, այս տարատեսակ բարդություններն իմանալով՝ վերադառնալու եմ իմ հայրենիք՝ չփոխելով էությունս: