anush davtyan

Երբ դեռ 19 տարեկան էլ չկաս, բայց արդեն հավես չունես

Գրելուցս դեռ երկու րոպե առաջ նստած նայում էի նոութբուքիս էկրանին, մտքերս էի հավաքում, որ կողմնորոշվեմ, թե ինչ գրեմ։ Ինձ ու նյութ շարադրելուն իրարից բաժանում էին տարբեր բաներ։ Հիմնականում էդ լինում էր մի բաժակ թեյը, շարքից դուրս եկած մարտկոցը, որ ոտքով-ձեռքով կապում էր ինձ հոսանքի աղբյուրից, ավելի հազվադեպ՝ հանկարծակի եկած նամակներն ու էս-էն խմբերում արված հրապարակումները։ Բայց գլխավորը չասացի…

«Անցան տարիներ», ու թեման ընտրվեց հավեսը, ավելի ճիշտ՝ դրա բացակայությունը։

Հասկանում եք՝ երբ ուսանողի մոտ գալիս է նոյեմբեր ամիսը, այն անպայման հիշեցնում է, որ հաջորդն էլ դեկտեմբերն է, ու արդեն ժամանակ չի մնում, որ սկսես ուղեղիդ մեջ դարակներով տեղավորել մի կիսամյակ շարունակ ուսումնասիրած նյութերը։ Իսկ մինչև դու փորձես էդ անել, քեզ ծանրաբեռնում են լիքը-լիքը առաջադրանքներով ու ռեֆերատներով։

Նոյեմբերն էն շրջանն է, որի ընթացքում հնարավորություն է առաջանում բոլորի ռեֆերատներին ծանոթանալու ու ներկայացնողից ավելի լավ տիրապետելու էդ նյութերին։ Դու ման ես գալիս ոչ քո խմբեցիներին, որ իրենց առաջ պարապես, իրենք էլ քեզ են փնտրում, որ քսերոքսը պահես, մինչև պատմեն, վերջացնեն։

Ամեն տեղ անպայման ու առանց բացառության լինում է մեկը, որ ամեն օր ասում է «քննություն» ու սարսափեցնում բոլորին։ Հետո տասը րոպե փորձում եք «նախաքննական-նախապարապողական» շոկից դուրս գալ, հանգստանալ, որ վերջապես դասի վրա կենտրոնանաք։

Քննությունները ավելի մոտ են դառնում, լարվածությունը մեծանում է, պատասխանատվության զգացումը դանակը դնում է կոկորդիդ, ու դու դառնում ես կամ կրկնուսույց մնացածի համար, կամ մեկի ուսերին բեռ, որ սովորեցնի քեզ ամեն ինչ։ Մարդկային տեսակի հատուկ առանձնյակներն էլ մենակ են դաս անում։ Էդ ընդհանուր մասսայի մեջ կան մարդիկ, որ առհասարակ չեն պարապում ու բացարձակ ոչ մի բան չգիտեն։ Բայդ էդ կարևոր չի, իրենք քեզնից էլ, ինձնից էլ բարձր են ստանալու։

Քանի որ ես խմբով պարապողներից եմ, գիտեմ, թե ինչ տիպի տանջանք է լեկցիաներից հետո լսարանից դուրս գալն ու մաքուր օդի ելնելու տեղը մի ուրիշ լսարան կամ գրադարան գնալը, որ նորից պարապես, չարչարվես, տանջվես, ուզես արդյունքի հասնել, հետո կես ոգևորված- կես հիասթափված նոր-նոր տուն գնաս ժամը չորսի կողմերը։

Որ ասում եմ՝ խումբ, չպատկերացնեք լիքը մարդկանց։ Ես եմ ու Անետան։ Ու վերջ։ Վա՞տ խումբ ենք։ Դանդաղ, բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում։ Իսկական օրինակ վերցնելու ուսանողներ ենք։

Ինչպես արդեն ասացի՝ քննություններն ավելի մոտ են դառնում։ Բայց ո՞վ ասաց, որ էլ թեմա չկա անցնելու։ Ամեն շաբաթ առնվազն մի դասախոս կլինի, ում դասերից հետո կլորացրած ու բան չհասկացող աչքերով ես տուն գնալու։ Կլինի գոնե մեկը, ով անպայման կզարմանա, թե ինչու դու չես կարողանում էդ հեշտ բանաձևը դուրս բերել, կգա, մարկերը կխլի քեզնից ու ինքը կգրի ամեն ինչ։

Գիտե՞ք՝ ուսանողները շատ քիչ են քնում։ Հա, իրոք։ Էս լարված վիճակից ուզում ես կտրվել, մի քիչ «բզբզում» ես ինտերնետում, հետո հոպ, ու պարզվում է, որ գիշերվա ժամը 11-ն է։ Մինչև մի քիչ էլ դաս ես անում, լույսը բացվում է։ Դե, լույսը բացվելը ո՞րն է, առավոտները գիշերներից էլ ավելի մութ են։

Ու էս ամենի արդյունքում հավես չի մնում։ Կորում է, անհետանում, չքանում, ի չիք դառնում, անէանում, հօդս ցնդում ու նման այլ հոմանիշներ այս բառերին (մի տեղ պիտի երևա, որ հայոց լեզու եմ պարապել, թե չէ)։

Էսքան որ գրեցի, բողոքի նոր ակցիա չէր, չէ, ուղղակի շատ դաս ունեի անելու, մի բանով պիտի զբաղվեի, որ դրանց չանդրադառնայի։

Լավ մնացեք։ Մինչ նոր հանդիպումներ։